VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիրները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի եւ Փաշինյանի միջեւ տեղի է ունեցել սառը զրույց, որի ընթացում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու է լարված իրավիճակ ՀՀ-ում, ու նշել, որ, կարծես թե, բոլորը վարչապետի հրաժարականն են պահանջում, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, թե բոլորը չեն, այլ մի փոքր խումբ է, որը չի ներկայացնում հասարակության ընդհանուր տրամադրությունը, իսկ ժողովուրդը իր թիկունքին է, իրեն է սատարում: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ խումբն էլ առաջիկայում կխաղաղվի, որեւէ անկայուն բան չկա: Ըստ ընդդիմադիրների կողմից շրջանառվող վարկածի՝ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, թե իր համար շատ կարեւոր է, որ այդ տարածաշրջանում կայունություն լինի՝ ակնարկելով, թե Փաշինյանը պետք է հեռանա: Իսկ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եւ ՌԴ նախագահի հետ նույն հանդիպման մասին լրիվ այլ բովանդակությամբ տեղեկատվություն է ներկայացրել իր թիմակիցներին: Փաշինյանն իր մտերիմներին ասել է, որ ինքը Պուտինի հետ ունեցել է շատ ջերմ զրույց, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, թե ինքն անվերապահ աջակցում է Փաշինյանին: Ավելին՝ եթե առաջիկայում հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, ըստ փաշինյանական վարկածի, Վլադիմիր Պուտինը հրապարակավ կսատարի գործող վարչապետին: Վարչապետն իր թիմակիցներին վստահեցրել է, որ Պուտինն իր կողքին է, ու իրենք անհանգստանալու առիթ չունեն: Իշխանությունները, որ ամենաբարձրն էին ինքնիշխանություն գոռում, ծաղրում էին Ռուսաստանից «քաղաքական դաբրո» բերողներին, բավականին ոգեւորվել են Պուտինի այդ պահվածքից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրների վստահեցմամբ՝ նա դիմումն արդեն գրել է եւ փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չեն։ Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, եւ ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ընդդիմադիր թեւից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ, իսկ նման ցանկություն ունեցողների առաջ դուռը բաց է։ Նշենք, որ երեկ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում կառավարության պահուստային ֆոնդից ԱՆ-ին ավելի քան 2.5 միլիարդ դրամ է հատկացվել՝ քովիդի դեմ պայքարի համար։ Ուշագրավ է, որ ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով։ «Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների իրականացման ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով»,- գրված է որոշման մեջ: Գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին՝ փոխարինելով Տիգրան Կարապետյանին։ Հիշեցնենք, որ սյունեցի Կարապետյանը պատերազմից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո վայր դրեց մանդատը։ Ուշագրավ է, որ Հայկ Կոնջորյանն «Իմ քայլի» այն պատգամավորներից է, որոնց՝ բանակում ծառայելու մասին կենսագրությունում ոչինչ չկա նշված։ Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումն անցել է բարիդրացիական մթնոլորտում, քանի որ Էդմոն Մարուքյանը Ջհանգիրյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, որը ձեւավորվել է դեռ նախկին գումարման խորհրդարանում, երբ երկուսն էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ էին։ ԼՀԿ-ն Ջհանգիրյանին հարցրել է Մատաղիսի գործից։ Նախկին զինդատախազն ասել է, որ մնում է նախկին «համոզմանը»։ Տարիքային արգելքի հետ կապված էլ ասել է, որ եթե իր տարիքը խնդրո առարկա դառնա եւ վիճարկվի, ապա ոչ միայն ԲԴԽ կառույցը կկազմալուծվի, այլեւ չեղյալ կհամարվեն բոլոր այն որոշումներն ու օրենսդրական ակտերը, որոնք ստորագրել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն «ապօրինի զբաղեցրել է ԲԴԽ նախագահի պաշտոնը՝ լինելով 70 տարեկան»։ Իսկ եթե ապօրինի են եղել նրա ստորագրած բոլոր ակտերը, ուրեմն ԲԴԽ դատավորների նշանակումները եւս պետք է չեղյալ հայտարարվեն։ ԼՀԿ-ից մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու Ջհանգիրյանի թեկնածությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգը բավականին հագեցած է լինելու: Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 70 hարց է ներառվել օրակարգում։ Իհարկե, ոչ բոլոր նախագծերը կհասցնեն քննարկել խորհրդարանականները, սակայն կան հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա եւ անհետաձգելի են: Նախագծերի այսպիսի առատությունը հազվադեպ է, քանի որ դեպքեր են եղել, երբ ԱԺ օրակարգային քննարկվելիք հարցերն այնքան քիչ են եղել, որ նստաշրջանը մեկուկես օր է տեւել: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված էր 27 հարց, իսկ, օրինակ, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 42 հարց էր: Նշենք նաև, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 43 հարց էր ներառված, այսինքն՝ կրկին ավելի պակաս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն․ երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։ Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր եւ մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը․ նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։ Արդեն գրասենյակներ են վարձել Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում, պատրաստվում են եւս 4-5 մարզում գրասենյակներ բացել։ «Ազատությունը» նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում գաղափարակից կուսակցությունների հետ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին ալյանսով մասնակցելու համար։
«Ժամանակ» թերթը գրում է. «Գերության մեջ գտնվողների հարազատների միակ հույսը մնացել են հայ մեծահարուստները: Գերիների հարազատները դիմում են տարբեր հարուստների Հայաստանում և Ռուսաստանում՝ խնդրելով նրանց գումար հավաքել և որպես փրկագին վճարել Ադրբեջանի իշխանություններին: Իհարկե, որևէ մեկը հանձն չի առնում զբաղվել այդ գործով՝ համարելով, որ գերիների ազատումը քաղաքական և ոչ թե կոմերցիոն գործընթաց է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետև ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Ապա մեծ շուքով հայտարարվեց, թե ՌԴ ու ՀՀ դատախազները ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, մի փաստաթուղթ, որը ստորագրվում է միշտ ՌԴ-ի կողմից ԱՊՀ անդամ բոլոր երկրների դատախազությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է դատախազների եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:
Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ դատախազը միայն լսողի դերում է եղել։ ՀՀ գլխավոր դատախազը երբ բարձրացրել է մեր ռազմագերիների հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են նրանց ահաբեկիչներ ճանաչել, ադրբեջանի դատախազը ասել է, թե նրանք իրենց մոտ հայտնվել են պատերազմի ավարտից հետո պայմանավորվածության խախտման արդյունքում, դրա համար էլ ռազմական հանցագործներ են և չեն վերադարձվելու: Խոսվել է նաև այլ «ռազմական հանցագործների» մասին՝ Արայիկ Հարությունյան, Ջալալ Հարությունյան, Սեյրան Օհանյան և այլք, որոնց նկատմամբ Ադրբեջանը արդեն միջազգային հետախուզում է հայտարարել, իսկ Հայաստանի դատախազությունը միայն ադրբեջանցի մի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարել: Սակայն այս հարցով էլ հնարավոր չի եղել ՀՀ և Ադրբեջանի դատախազների միջև ընդհանուր հայտարարի գալ: Ասել է թե՝ Արթուր Դավթյանը չի կարողացել ռազմագերիների և հայ նախկին ու ներկա զինվորականների հարցը լուծել՝ գոնե հետախուզումը հանելու մասով: Իսկ ինչո՞ւ 90-ականների և 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայ մի շարք ռազմական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարել նույն Ադրբեջանը։ Պարզվում է, որ այդ տարիներին ՀՀ-ից ՌԴ-ի միջոցով մեսիջ է ուղարկվել Ադրբեջանին, զգուշացրել են, որ եթե նման քայլ անեն, նույն պատասխանը կստանան Հայաստանից. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինտերպոլով կհետախուզվի և տեղաշարժի խնդիր կունենա: Այդպիսով, թեման փակվել է: Սակայն Հայաստանը՝ ի դեմս դատախազ Դավթյանի, չի կարողացել այնպիսի իրավական հավասարակշռություն ստեղծել, որ բարձրացված հարցերից գոնե մեկի ուղղությամբ լուծման աշխատանքներ ընթանան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել. երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաեւ դեղամիջոցը։ Եւ ամենակարեւորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։ Այսօր հայաստանյան դեղատներում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի։ Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ։ Իսկ երբ սպառողը բացատրություն է պահանջում դեղատան աշխատողից, ստանում է հետեւյալ պատասխանը. «Պահանջարկն ավելացել է»: Օրինակ՝ «Տերաֆլյու», «Անտիգրիպին» հակավիրուսային թեյերի գները բարձրացել են 10-20 դրամով։ Բացի այս, արձանագրենք, որ թանկացել են նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների համար կիրառվող դեղերը։ Միակ կարեւոր նորությունը՝ հակաբիոտիկների գները չեն բարձրացել, բայց չշտապենք, քանի որ որոշ հակաբիոտիկների դեֆիցիտ կա դեղատների մեծ մասում։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ «Ցեֆտրիաքսոն» հակաբիոտիկը, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար, դեղատների մեծ մասում այս օրերին մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն դեղերի շուկայում։ Իսկ, ահա, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցրին, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են։ Ասել է թե՝ բանը բանից անցել է, բայց ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է։ Անգամ հանձնաժողովը օնլայն հարցում է անցկացնում սպառողների շրջանում դեղերի սպառման վերաբերյալ։ Իսկ երբ է գալու գործելու ժամանակը՝ դեռեւս հայտնի չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր կայուն վիճակում մնալուց հետո դոլարի փոխարժեքը կրկին բարձրանում է։ 1 դոլարի առքն արդեն 525 դրամի է հասել, իսկ վաճառքը՝ 530-531 դրամի։ Ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին դրամի արժեզրկումը անհանգստացնող չէ, և այն ավելի շատ վարքագծային է: «1-2 դրամի բարձրացումը էական չէ իրականում։ Եթե համեմատում ենք նոյեմբեր ամսվա կուրսի հետ, ապա էական տարբերություն կա, բայց նոյեմբերից սկսած դրամի արժեզրկումն էլ, իմ կարծիքով, վարքագծային է եղել՝ հիմնված մարդկանց սպասումների վրա։ Վստահ եմ, որ Կենտրոնական բանկում այդ ռեսուրսները կան։ Հետևաբար այդ ֆոնին անհանգստացնող արժեզրկում տեղի չի ունենա»,- ասաց նա»: