Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին, քանի որ այդ հատվածը, ըստ ԽՍՀՄ սահմանների, գտնվում է ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած Քարվաճառի տարածքում:
Նոյեմբերի 27-ին լուրեր ու տեսանյութեր էին տարածվում, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել հանքի տարածք, այդ մասին էին բարձրաձայնել նաև Սոթքի բնակիչները։ Այդ լուրերը պաշտանության նախարարության մամուլի ծառայությունը հերքեց: Ժամեր անց տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտնեց, որ հանքավայրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակում կիսվում է երկու պետությունների միջև:
Սոթքի ոսկու հանքը շահագործում է ռուսական Գեոպրոմայնինգ ընկերությունը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատել է 752 մարդ, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Իսկ նրանց միջին աշխատավարձը կազմել է ավելի քան 307 հազար դրամ: Այն ապահովում է Հարավկովկասյան երկաթուղու եկամուտների զգալի մասը, որն իր հերթին ապահովում է մեծքանակ աշխատատեղերով:
Հանքավայրում աշխատանքները դադարել էին պատերազմի ընթացքում Վարդենիս-Սոթք ավտոճանապարի հրետակոծության հետևանքով:
Օրեր առաջ Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնել էր, որ պատերազմի ավարտից հետո հանքավայրում աշխատանքները վերսկսվել են:
«Այսօրվա դրությամբ աշխատանքները բնականոն ձևով ընթանում են, թե վաղվա դրությամբ ի՞նչ կլինի՝ չեմ կարող ասել։ Ըստ որոշ տեղեկությունների մոտ 1700 աշխատող կա Սոթքի հանքավայրում։ Եթե հանքը քարտեզով անցավ մյուս կողմը, արդեն դժվար է պատկերացնել ինչպես կկազմակերպվեն աշխատանքները», - նոյեմբերի 24-ին newarmenia.am-ի հետ զրույցում ասել էր համայնքի ղեկավարը։
Այժմ արդեն պարզ է, որ հանքավայի կեսը կամ գուցե ավելին անցնում է Ադրբեջանին, ուստի հանքավայրի շահագործման ու դրանից բխող բազմաթիվ սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր այս պահին մնում են անպատասխան: Հայտնի է, որ ռուսական Գեոպրոմայնինգ ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 4-րդ է: Ինն ամսիների ընթացքում ավելի քան 16 մլրդ դրամ է վճարել պետական բյուջե:
Ֆինանսիստ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ հանքավայրի փակման պարագայում Հայաստանի պետական բյուջեն տարեկան կտրվածքով կարող է զրկվել շուրջ 40 մլն դոլար հարկային մտուքերից, իսկ 750 մարդ՝ իր եկամուտներից՝ դրանից բխող մուլտիպլիկատիվ բացասական հետևանքներով տվյալ համայնքի համար:
«Սա բավականին լուրջ գումար է Հայաստանի տնտեսության համար, սակայն դրամատիկ չի: Ավելի լուրջ կլինեին տնտեսական հետևանքները, եթե ոսկու արդյունահանումից մինչև արտադրություն ողջ շղթան կազմակերպվեր Հայաստանում: Այդ դեպքում բյուջեն կզրկվեր լուրջ եկամուտներից: Մինչդեռ Հայաստանից արտահանվում է ոսկու խտանյութը՝ այլ երկրում այն կորզելու և մշակելու նպատակով», - ասաց նա:
Փորձագետը նաև հավելեց, որ Հայաստանի տնտեսության վրա շատ ավելի բացասական է ազդում ընդհանուր անորոշությունը և հեռանկարի բացակայությունը, որը բխում է կառավարման ճգնաժամից: «Քանի դեռ այդ ճգնաժամը կա, Հայաստանը կարող է շարունակական կորուստներ կրել», - եզրափակեց տնտեսագետը:
Պատրաստեց Արշալույս Մղդեսյանը