VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2,5 տարի իրեն բնորոշ հանդուրժողականությամբ լռած, երկրի վարչապետի աթոռն ուզուրպացրած հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի հազար ու մի հակասահմանադրական քայլերի վրա աչք փակած ու այդ ընթացքում մանուկների հետ պաղպաղակ եւ համբուրգեր վայելած, եւ ընդամենը աշխարհում շրջագայած նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է սեփական խաղը։ Ասում են, թե վարչապետի եւ կառավարության հրաժարականի կիսատ-պռատ պահանջը ՀՀ բուտաֆորային նախագահ Արմեն Սարգսյանի համար կարեւոր էր հասարակության տրամադրությունները շոշափելու տեսանկյունից։ Ասում են նաեւ, թե նախագահը, առկա իրողություններից «չոր» դուրս գալու, ինչպես նաեւ սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, հաղթելու եւ ԱԺ սեփական թիմ գործուղելու ցանկություն ունի։ Ի վերջո, ասում են, որ Սարգսյանն արդեն ձեւավորում է մարդկանց այն շրջանակը, որոնք մասնակցելու են ընտրություններին եւ ԱԺ-ում ներկայացնելու են Մեծ Բրիտանիայի որոշակի շրջանակների հստակ նկրտումները Հայաստանում պաշտպանող նախագահ Սարգսյանի շահերը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը եւ 30 օրում որոշում կկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես կարող է տեղի ունենալ դիմումի քննության ընթացը, եւ ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումի շուրջ արդեն լուրջ քննարկումներ են սկսվել, եւ ՍԴ անդամներից շատերը կարծիք են հայտնել, թե իրավական հիմնավորումները թույլ են, այդ պատճառով դիմումը պետք է մերժվի: Այս իրավիճակին զուգահեռ նկատենք, որ քաղաքական առումով ՍԴ-ում եւս իրավիճակ է փոխվել. պատերազմից հետո ՍԴ մի շարք անդամների մոտ քաղաքական իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը թուլացել է։ Եվ, ահա, իրավական թույլ հիմքերն ու քաղաքական իրողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՍԴ-ում ամենայն հավանականությամբ միաձայն կմերժվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը: Հավելենք, որ, որպես հիմնավորում, նշվել է Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, եւ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որոնք նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։ Մինչ ստորագրելը, Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է այդ մասին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Միակ պաշտոնյան, ով մի թեթեւ առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ եւ զգուշացրել, որ ժողովուրդը մեզ չի ների, եղել է Արարատ Միրզոյանը։ Մեզ ասացին, որ հատկապես երկու ձեռքով կողմ է եղել Տիգրան Ավինյանը, ով հիմա ակտիվորեն զբաղվում է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկելու գործընթացով։ Նա համոզել է, որ պետք է անպայման ստորագրվի այդ փաստաթուղթը․ կարեւորը, որ պատերազմը դադարի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում եւ ինչպես պետք է տեղի ունենա այս գործընթացը։ Գերիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն էլ այս պահին չկա, խոսվում է մի քանի հարյուր մարդու մասին։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում 150 հայ գերիների մասին տվյալներ կան, որոնք ողջ են, եւ նրանց հետ ստանալու աշխատանքներ են տարվում։ Իսկ թե ինչու մինչ օրս չի ստացվել, պարզ չէ։ Երեկվանից ադրբեջանական հարթակներում ինֆորմացիա է պտտվում, թե առաջիկա օրերին պատրաստվում են Բաքվում հաղթանակի շքերթ անցկացնել եւ հայ ռազմագերիներին ու հայկական զինտեխնիկան ցուցադրել՝ 1945 թվի մոտիվներով։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակից, իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը երեկ, ի պատասխան այս տեղեկություններին, ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ, վստահեցրեց, որ զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով։ Նրանց հստակ թվի մասին էլ չգիտեր, ասաց, որ գործընթաց է գնում, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում գերիների վերադարձ կլինի, իսկ թե ինչու եռակողմ հայտարարության մեջ ժամկետ չեն ֆիքսել, տեղյակ չէ»։
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել: Այս օրերին Ազգային ժողովի՝ լրագրողների համար անհասանելի, գաղտնի մուտքերից օգտվում են ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլեւ ԱԺ իշխանական թեւի փոխխոսնակներն ու Մակունցը: Ամեն ինչ անում են, որ լրագրողների շուրջկալում չհայտնվեն ու խուսափեն անցանկալի հարցերից: «Իրատեսի» մերձիշխանական աղբյուրների համոզմամբ՝ Մակունցի լռությունն ու «փախուստը» պատահական չեն: Իրականում նա այդքան էլ համակարծիք չէ Փաշինյանի քայլերին, եւ ներքին լարումն էլ ավելի չմեծացնելու համար նախընտրում է լռել ու ոչինչ չխոսել: Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո վարչապետի հետ տարբեր հանդիպումների ժամանակ Մակունցն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ու եթե իշխանությունը ցանկանում է շարունակել կառավարումը, դա կարող է անել վերարտադրության միջոցով, այսինքն՝ արտահերթ ընտրություների:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ բավական կոշտ դիտարկումներ է անում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է. «Մխիթարը վարչապետին շատ ուղիղ հարցադրումներ է անում, բացատրություններ պահանջում, պնդում, որ վերջինս հաշվետու լինի կուսակիցներին: Նիկոլին ասում է՝ եկեք ու մեզ ասեք՝ ի՞նչ եք անում կամ ինչու՞ եք այդպես անում, որ մենք էլ մեր անելիքներից տեղյակ լինենք: Հանդիպումներից մեկի ժամանակ, օրինակ, Հայրապետյանը հարց է տվել՝ ինչու՞ է առանց որեւէ մեկի հետ քննարկելու ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարության տակ: Վարչապետից պահանջել է նաեւ ասել, թե հետագա ինչ քայլեր ու հայտարարություններ է պատրաստվում անելու: Հանձնաժողովի նախագահը, ըստ երեւույթին, մտահոգված է՝ պետությանը հարված հասցնող հերթական քայլ չանի՞ հանկարծ Նիկոլը»: Մեզ ասացին նաեւ, որ «Իմ քայլի» պատգամավորները «լեզու են առել», խմբակցության նիստերի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, քննադատաբար վերլուծում իրողությունը, սուր ակնարկներ անում: Եթե նախկինում գլուխները կախ լսում էին «հրամանատարի» ասածներն ու կատարում հրահանգները, այժմ պատասխան պահանջողի դիրքերից են խոսում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի կողմից շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որով հաստատվելու է «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգը»: Խոսքը օդանավակայաններում գործող VIP սրահների մասին է: Ըստ այդ կարգի՝ հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները: Բայց որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը կամ Արցախի Հանրապետության նախագահը և ցանկում նշված մյուս պաշտոնյաները իրավունք ունենան օգտվելու հատուկ սրահից, պետք է վարչապետի համաձայնությունը, իսկ դրա համար էլ թռիչքից առնվազն երեք օր առաջ նրանք պետք է դիմեն վարչապետին՝ հիմնավորելով հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտությունը: Խեղճ վարչապետ, քիչ հոգս ուներ, հիմա էլ հատուկ սրահից օգտվել-չօգտվելու թույլտվության հարցը դրվեց նրա վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: «Քոչարյանն իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչեւ վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի եւ գործ սարքի իմ գլխին»,- Պնախարարին ուղղված զեկուցագրում գրել է հրամանատարը: Մենք հրապարակել էինք նաեւ զեկուցագիրը։ Մոտ 10 օր է անցել այդ հրապարակումից, ու թեեւ Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, սակայն ՀՔԾ-ից երեկ հայտնեցին, որ դեռեւս գործ չկա հարուցված․ «Նյութերի նախապատրաստման փուլում է, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։ Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ ՀՔԾ-ն Անդրանիկ Քոչարյանին անգամ բացատրություններ տալու համար չի հրավիրել, փոխարենը հրավիրել են փոխգնդապետին եւ փորձել ճնշել, որ նա հրաժարվի գրածներից, սակայն նա պնդել է զեկուցագրում գրածը»։
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարություններին‚ պետական կազմակերպություններին հանձնարարական է տրվել` կազմել և շատ կարճ ժամկետում ներկայացնել վեցամսյա գործողությունների պլան։ Յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուները կետ առ կետ պետք է ձևակերպեն այն ակնկալիքներն ու արդյունքները‚ որ սպասում են առաջիկա կես տարում։ Եվ այդ ձևակերպումները պետք է համապատասխանեցվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վեցամսյա ճանապարհային քարտեզին։ Պետական կառույցներում‚ իհարկե‚ այս հանձնարարությանը վերապահումով, ավելի ճիշտ, քմծիծաղով են վերաբերվում։ Բոլորը շատ լավ հասկանում են‚ որ գործող կառավարությանն ընդամենը հաշված օրեր են մնացել‚ և ձևականորեն թուղթ են սևացնում՝ վերադասին ինչ-որ բան ներկայացնելու համար։ Անգործության մատնված պետական օղակները չգիտեն անգամ‚ թե ինչ ճակատագիր է սպասում իրենց ծրագրերին։ Չեն պատկերացնում իրենց մի քանի օրվա աշխատանքային պլանները‚ ուր մնաց կես տարվա ճանապարհային քարտեզ ուրվագծեն։ Գործադիր իշխանության անցած երկուսուկես տարվա աշխատանքը հանգեցրեց կատարյալ կոլապսի։ Այս ռեսուրսներով‚ պետական մտածողության բացակայությամբ‚ համազգային վստահության զրոյական մակարդակով կառավարությունն ինչպե՞ս կարող է կես տարում որևէ արդյունք գրանցել։ Պետական ապարատի հին կադրերը սա շատ լավ հասկանում են‚ հասկանում են նաև‚ որ ղեկավարությունն այսպիսով փորձում է աշխատանքի կամ գոյության պատրանք ստեղծել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Երեկ այնտեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ տեղում ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել սահմանազատման գործընթացին: «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք՝ մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ՝ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասել էր համայնքապետը: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը: Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Եվ, ահա, այս միջադեպից հետո արդարացիորեն հարց բարձրաձայնվեց, թե ուր են ռուս խաղաղապահները, ինչու նման միջադեպ եղավ արդեն Հայաստանի սահմաններում, ինչ լիազորություններ ունեն նրանք: Նկատենք՝ դեռ նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ստեղծելու են 16 դիտակետ:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել էր, որ խաղաղապահ զորքերը հագեցած են «Վագր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով: «Խաղաղապահները կիրականացնեն նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների առաջադրանքները: Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, շարասյուններն ու բեռները ուղեկցելու համար»,- հայտարարել էր նա: Իսկ, ահա, ՌԴ Դաշնային խորհրդի Անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի ղեկավար սենատոր Ֆրանց Կլինցեւիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե ռուս խաղաղապահները չեն կարող արգելել ադրբեջանցիներին մտնել այս կամ այն տարածք՝ պրովոկացիա համարելով նման խոսակցությունները: «Նրանք պետք է ինչ-որ մեկին չթողնե՞ն. այնտեղ պայմանավորվածություններ կան այդ տարածքների հետ կապված: Պրովակացիայով մի՛ զբաղվեք: Մանրամասն նկարագրված է, թե ինչ պետք է անեն ռուս խաղաղապահները, եւ, հավատացե՛ք, նրանք անում են այն, ինչ պետք է անեն»,- հավելեց նա»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը: Նախագծում ամրագրվելու է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: Որպես հիմնավորում՝ նշվում է, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ) չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր նախագիծ ներկայացնել: 2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ) կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է: Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը այնքան էլ վստահ չէ, որ Ֆրանսիայի կառավարությունը կճանաչի Արցախի անկախությունը, բայց Սենատի ընդունած որոշումը շատ կարևոր է համարում: Ըստ Խաչիկյանի՝ Ֆրանսիան ցանկանում է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, և այս որոշմամբ Ֆրանսիան ցույց տվեց, որ հայ ժողովրդի կողքին է ու թույլ չի տա, որ Ռուսաստանը իր սրտի ուզածն անի»: