23.11.2024
Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի Ադրբեջանին. ի՞նչ է կորցնում Հայաստանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Միասնական թեկնածուն հայտնի է. մնում է «չնչին» դետալ՝ Փաշինյանի հրաժարականը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ընդդիմությունը, գոնե 17 կուսակցությունների ֆորմատը, պատրաստվում է հայտարարել վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուի անունը։ Թեեւ բոլորը գիտեն, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։ Նա այն կոմպրոմիսային թեկնածուն է, որի ժամանակավոր վարչապետ նշանակվելուն համաձայնել են քաղաքական ուժերը։ Նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։ Նա յուրօրինակ արբիտրի դեր պետք է խաղա եւ հավասար հնարավորություններ պետք է ապահովի բոլորի համար։ Նրա առաջադրումը նաեւ «պատմական արդարության» վերականգնման ակտ է, քանի որ շատերը համարում են, որ 1996 թվականին նա ընտրվել էր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը, հատկապես Վազգեն-Վանո տանդեմը, թույլ չտվեց նրան գալ իշխանության։  Մանուկյանի նշանակմանը դեմ չեն նաեւ Ռուսաստանում։ Մնում է մի «չնչին» դետալ՝ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։ Փաշինյանը նշել է, որ վստահում է թիմին և գիտի, որ կդիմանան այս տուրբուլենտ փուլում։ Մեր աղբյուրը նշում է, որ նա բավական դժգոհ դեմք է ունեցել և նշել է, որ եթե խմբակցությունից էլի դուրս եկողներ կան, բաց տեքստով կարող են իրեն դրա մասին ասել։ Ի դեպ, որպես պահեստային տարբերակ՝ քննարկվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական, եթե թիմի ներսում մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս լինի, նա պնդել է, թե ինքը չի ցանկանում որևէ մեկին որպես թեկնածու առաջադրել։ Մեր տեղեկություններով, ներկայումս իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից և վարչապետի նոր թեկնածու առաջադրելու դեպքում աջակցել ընդդիմության թեկնածուին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռեւս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար: Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների եւ Արարատ Միրզոյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել: Միրզոյանը պատգամավորներին ասել է, որ ուղղակի ժամանակ չեն ունեցել հանդիպման հրավիրել ու իրականության մասին խոսել, որոշումը կայացվել է հապշտապ, ինչի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքների վերաբերյալ նման համաձայնագիր է ստորագրել: Արարատ Միրզոյանից պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչ է կարծում, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արդյոք։ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձեւով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:  Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից:  Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության եւ ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար: Այդ պաշտոնանկությունների շքերթի ցուցակում տեղ ուներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը, ինչպես հայտնի է, տապալել է առողջապահական համակարգի զարգացումը ընդհանրապես, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը ՝ մասնավորապես։ ՀՀ-ն իր 3 միլիոնանոց բնակիչների պայմաններում վարակակիրների թվով գերազանցել է մոտ 1մլրդ 500 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանին, բայց, չնայած այս իրողություններին, ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին որոշվել է ամեն գնով պահել իր պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանին ներսում հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը վարչապետին համոզել է, թե պետք չէ Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետեւ թիմային առումով սխալ կլինի. վերջինս պայքարել է նախկին կոռուպացվածների դեմ, ու նրան այս պահին թիմից հեռացնելը սխալ է լինելու: Սակայն նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետն իր թիմակիցներին խնդրել է առողջապահության նախարարի թեկնածուներ գտնել, բայց կա՛մ այդ առաջարկություններն են մերժվել, կա՛մ թեկնածուներն են հրաժարվել նախարար դառնալ։ Ահա այս պայմաններում Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել՝ Էդուարդ Աղաջանյանի բարձր հովանու ներքո։ Իսկ այդ ընթացքում մեր երկրում օրական 30-ից ավելի մարդ է մահանում։ Մինչ օրս կորոնավարակի դեմ ձախողված պայքարի հետեւանքով ունենք 2228 մահ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ ադրբեջանական բանտերում պահվում են 79 ՀՀ քաղաքացիներ: Սակայն ծնողները պնդում են, որ մեր գերիների թիվն անհամեմատ ավելի մեծ է և կարող է հասնել մինչև 500-ի: Գերիների հարազատները այդ թիվը հայտնել են վարչապետին՝ պնդելով, որ Հայաստանի կառավարությունը ավելի գործուն միջոցներ պետք է ձեռնարկի գերիների հայտնաբերման և հայրենիք վերադարձնելու համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրեցօր թուլացումը նոր քաղաքական ներկապնակ է կարծես ուրվագծում քաղաքական դաշտում... Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «իմքայլական» որոշ պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ եւ իշխանամերձ շրջանակներ ինտենսիվ ջանքեր են գործադրում քաղաքական դաշտում դերակատարում ունեցող ուժերի եւ անհատների հետ կապեր գտնելու համար: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախկին իշխանությունների հնարավոր հետվերադարձի հեռանկարից առավել սարսափած են գործարար հատվածի այն ներկայացուցիչները, ովքեր շատ շուտ կարողացել էին գրկից գիրկ թռչել եւ տեղավորվել նոր իշխանության «տաքուկ» գրկում... ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին շատ գործարարներ, պատգամավորներ, ՀՀԿ-ի նավը լքած գործիչներ այս օրերին կապեր են փնտրում՝ նախկին թիմակիցների հետ կամուրջներ գցելու համար...


- Չեմ ասի, ճիշտ չէ նման լուրեր մեկնաբանելը,- ասաց մեր զրուցակիցը...


- Այնուամենայնիվ, դուք նրանց կներե՞ք...


- Աստված թող ների,- շտապեց խոսակցությունն ընդհատել նախկին պատգամավորը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու կոչից հետո տարբեր ճամբարներից մարդիկ պաշտոններ են ստանում, եւ անգամ ԼՀԿ նախկին անդամ Մանե Թանդիլյանը սոցապնախարար նշանակվեց, սակայն համաձայնության կառավարություն դժվար թե ձեւավորվի։ Բանն այն է, որ խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ ուժը՝ Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», չի ընդունում Հարությունյանի առաջարկած բանաձեւը: Երեկ Բաբայանի կուսակիցը մեզ ասաց, որ իրենց խմբակցությունը շուտով իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ կհրապարակի, որը կմատնանշի պետության առջեւ ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ ժամկետները: Նա ասաց, որ այսօր Արցախում նախարարներ, վարչակազմ ունենալը զավեշտալի է, հարկավոր է փրկության շտաբ ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները եւ որոնք կստանձնեն երկրի համատեղ կառավարումը: Ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը Բաբայանի թիմում ծանր են տանում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը։ Այս նշանակումը բուռն քննարկումների տեղիք տվեց՝ կապված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի, առողջական վիճակի հետ կապված՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, քաղաքականությունից փաստացի դուրս գալու, իսկ պատերազմից հետո բուժումը կիսատ թողնելու և բնակվելու նպատակով Արցախ տեղափոխվելու «ընթացքի» հետ: Մեր տեղեկություններով, Մանե Թանդիլյանի նշանակումը հատկապես տարակուսանքով են ընդունել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Այստեղ նրան հիշում են որպես ամենաչհաջողված նախարարներից մեկը: Ավելին, կուլիսներում խոսում են, որ դժվար է նույնիսկ ասել՝ ով էր ավելի վատ նախարար՝ Մանե Թանդիլյա՞նը, թե՞ օրերս աշխատանքից ազատված Զարուհի Բաթոյանը: Նախարարության աշխատակիցները հիշում են, որ իր նախարար եղած ժամանակ Թանդիլ յանը բացարձակ չի տիրապետել իրավիճակին, կամայական ու հակասական որոշումներ է կայացրել, աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմի ու կառավարչական հմտությունների իսպառ բացակայությամբ: Նախարարությունում աշխատող մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ ԱՍՆ աշխատակազմում զարմացած են, թե Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակ ձախողված նախարարն ինչով կարող է օգտակար լինել ներկայումս սոցիալական ահռելի խնդիրներ ունեցող Արցախին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրադադարից անցել է ավելի քան 20 օր, սակայն «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը դեռ չի զորացրվել: Մեզ ասացին, որ «մոբը» չզորացրելու համար իշխանությունը մի քանի պատճառ ունի: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ապա կմիանան փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիաներին: Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները տեւական ժամանակ է՝ չեն զորացրում, առանց որեւէ պատճառաբանության: Երեկ մենք նման ահազանգեր ենք ստացել այլ բնակավայրերից եւս․ մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու են իրենց պահում Ղարաբաղում կամ Գորիսում: Սակայն ՊՆ-ն նախարարի փոփոխությունից հետո խոսնակ չունի, եւ այս կառույցից որեւէ մեկնաբանություն ստանալն անհնարին է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատավորների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նախորդած իրադարձություններից: Պարզվում է՝ Փաշինյանը դատական համակարգի ներկայացուցիչներին հանդիպել էր նոյեմբերի 30-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ համատեղ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երբ կազմվում էր հանդիպման մասնակիցների ցուցակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին հանձնարարել է զանգահարել եւ հանդիպմանը հրավիրել նաեւ Սահմանադրական դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանին: Սակայն վերջիններս զարմացել են, թե ինչու է նման ցանկություն հայտնել վարչապետը։ Վարչապետը հետաքրքրվել է՝ թե չի համատեղում երկու պաշտոնները արդյոք, եւ բացասական պատասխան ստացել, որ այժմ Ռուզաննա Հակոբյանն է երկու պաշտոն համատեղում։ Փաշինյանը պահանջել է հանդիպման հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին, եւ այդպես էլ վարվել են: Ուշագրավ է, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ դատարանների նախագահները պատկերացում չեն ունեցել, իսկ, ահա, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իմացել են, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ: Դատավորներն էլ իրենց հերթին զարմացել են եւ չէին պատկերացում, որ վարչապետի հետ կարող էր նման քննարկում լինել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսի 30-ից ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Ռեկտորի ընտրություններն անընդհատ հետաձգվում են, քանի որ իշխանությունը չունի ռեկտորի սեփական անցողիկ թեկնածու: Իսկ Գեղամ Գևորգյանի պաշտոնավարումը անօրինական է և վիճարկվում է դատարանում, նա միաժամանակ «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալն է, որը, ըստ էության, արգելվում է օրենքով: Դատարանը այս գործով վճիռ կկայացնի դեկտեմբերի 17-ին»: