23.11.2024
Մամուլ. Միասնական թեկնածուն հայտնի է. մնում է «չնչին» դետալ՝ Փաշինյանի հրաժարականը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ վերջին առցանց վեհաժողովում Հայաստանի վարչապետին աջակցելու ՌԴ նախագահի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի թիմում։  Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման և որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ և մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։ Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլևս համարվում է կատարված, դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, երբ թշնամուն հանձնվեց վերջին տարածքը՝ Լաչինը։ Իշխանական շրջանակներում խորը կասկածներ են ձևավորվել, որ Փաշինյանը Պուտինին պետք է վարչապետի պաշտոնում, որպեսզի իրագործի միութենական պետություն ստեղծելու իր կայսրապաշտական նկրտումները։ Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միավորվելու հեռանկարի մասին: Մի բան, որը սեպտեմբերի 27-ից առաջ կհամարվեր ֆանտաստիկայի ժանրից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։ Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլև ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային և կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։ Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու և հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել շարքերը։ Կա նաև չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց և իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:


«Իրատես» թերթը գրում է. «Սեպ­տեմ­բե­րի 27-ից մինչ Նի­կո­լի հայ­րե­նա­դավ կա­պի­տու­լյա­ցիոն ստո­րագ­րու­թյու­նը, դրա­նից հե­տո ու նաև այ­սօր տա­րօ­րի­նակ լռու­թյուն է պահ­պա­նում երկ­րի պաշտ­պա­նու­թյա­նը կոչ­ված ԵԿՄ-ն: Միակ «մաս­նակ­ցու­թյու­նը» պա­տե­րազ­մա­կան գոր­ծըն­թաց­նե­րին ԵԿՄ վար­չու­թյան նա­խա­գահ Սա­սուն  Միքայելյա­նի պա­տա­հա­բար բե­կո­րա­յին վնաս­վածք ստա­նա­լու մա­սին պատ­մող տե­սա­նյութն էր: Ան­հան­գս­տա­նա­լով «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյունն ա­վե­լի մեծ ար­ժեք է, քան Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը» եղ­կե­լի ձևա­կերպ­ման հե­ղի­նա­կի` «լե­գեն­դար» հրա­մա­նա­տա­րի, ո­րը նո­յեմ­բե­րի 9-ից մինչ օրս մեկ հո­դա­բաշխ բառ ան­գամ չի ար­տա­բե­րել «ա­ռող­ջու­թյամբ», հա­մա­ցան­ցում փոր­ձե­ցինք ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն ստա­նալ նրա որ­պի­սու­թյու­նից: Հե­տաքր­քիրն այն է, որ «բաց­բե­րան» Google-ը մեզ ու­ղեկ­ցեց 90-ա­կան­ներ և… Եվ պարզ­վեց, որ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 1993-ին ըն­դուն­վել և 1998-ին ա­վար­տել է Չա­րեն­ցա­վա­նի Գրի­գոր Մա­գիստ­րո­սի ան­վան այն հա­մալ­սա­րա­նը, ո­րը հիմ­նադր­վել է նրա «ըն­դուն­վե­լուց» եր­կու տա­րի հե­տո միայն`1995-ին: Հ.Գ. Եզ­րա­հան­գու­մը մեկն է` Նի­կո­լի ու նրա հան­ցա­վոր «թայ­ֆա­յի» հա­մար սուտն ու կեղ­ծի­քը ոչ միայն կեն­սա­կերպ են, այլ նաև պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Արցախի եւ Հայաստանի փրկության» խորագրով շաբաթ օրը Ազատության հրապարակում անցկացվելիք միտինգին 17 ուժերն ավելի խնամքով են պատրաստվում։  Ընդդիմադիր առաջնորդները ելույթ կունենան, ծրագրային ելույթ կունենա նաեւ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Քաղաքական ուժերը զբաղված են կազմակերպական հարցերով եւ մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կբերի, ում լուման ավելի մեծ կլինի։ Նաեւ որոշել են՝ Ազատության հրապարակ մտնել ամեն մեկն առանձին, որ իրենց մասնակցության չափը կշռելի լինի։ Յուրաքանչյուրը հավաքվելու է մի վայրում, եւ խմբով մտնելու են հրապարակ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կամ նրա աշխատակիցները այս տարվա ընթացքում տարբեր առիթներով տեղեկացրեցին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է եւ այդպես շարունակ: Բայց որպեսզի հաշիվը չկորցնենք, թե Մարությանը քանի անգամ է մեկուսացել եւ քանի անգամ արձակուրդի մեկնել, գնանք իրադարձությունների հետքերով: Եւ այսպես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այսպես, մարտ ամսին հայտարարվեց, որ Մարությանը կարճատեւ արձակուրդ է վերցրել եւ մարտի 10-ին մեկնել երկրից, մարտի 14-ին վերադարձել: Լրատվամիջոցները գրել էին, որ հունիսի սկզբին քաղաքապետը մեկուսացել է, որովհետեւ իր քարտուղարուհին կորոնավիրուսով վարակված է եղել. կասկածել է՝ գուցե վարակակիր լինի, ինքնամեկուսացել է: Քանի որ ինքնամեկուսացման շրջանը 2 շաբաթ է, ենթադրաբար քաղաքապետ Մարությանը հունիսին 2 շաբաթ աշխատանքի չի ներկայացել: Եւ ստացվում է՝ ինքնամեկուսացումից վերադառնալուց հետո Մարությանը հուլիսին շտապել է արձակուրդ վերցնել եւ հուլիսի 27-31-ը ներառյալ կարճատեւ արձակուրդում է եղել: Դրանից 10 օր հետո՝ արդեն օգոստոսի 11-ին, Երեւանի քաղաքապետը կրկին երկու շաբաթով մեկնել է արձակուրդ մինչեւ օգոստոսի 25-ը: Արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պետք է լիներ աշխատանքային հրապարակային նիստ, սեպտեմբերի 8-ին ավագանու նիստը Մարությանը էլի չվարեց:


Նրան փոխարինեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հայտարարելով, որ քաղաքապետը վատառողջ է: Թե դրանից հետո քանի օր է առողջացել եւ աշխատանքի գնացել, ինչ է արել, չգիտենք, բայց փաստ է, որ երբ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, երկիրը գլխիվայր շուռ եկավ, հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ կազմեն եւ առաջնագիծ գնան: Վարչապետի օգնության կանչից ավելի քան 2 շաբաթ հետո Հայկ Մարությանը Երեւանի ջոկատ ձեւավորեց, գնաց սահմանագծին մոտ: Չգիտենք՝ քանի օր գործի գնաց, բայց նոյեմբերի 21-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Մարությանը կորոնավիրուսով է վարակվել եւ որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետը դարձյալ արձակուրդում է: Տարեկան աշխատանքային օրերի միջին թիվը 220 է, չնայած որ տարին դեռ չի ավարտվել, բայց Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ: Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստացել Պրահայում 5 բնակարան, 2 հողամաս եւ 1 առանձնատուն ունեցող քաղաքապետը: Նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 420 հազար դրամ: Ինքը՝ քաղաքապետը, մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել էր շտապօգնության հաշվեհամարին: Նկատենք, որ խնդիրը բարձրաձայնել է նաեւ Երեւան ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտարարելով. «Հիմա ինքը կորոնավիրուսով վարակված է, բայց մինչ այդ քաղաքապետն այնքան մեկուսացավ, արձակուրդ վերցրեց, արդեն այդ թիվը անհնար կլինի հաշվել, թե որն էր արձակուրդով, որն էր մեկուսացված, որն էր վճարովի:


Ինքը փաստացի այս փետրվար, մարտ ամիսներից, երբ համաճարակը սկսվեց, շատ հազվադեպ է Երեւանի քաղաքապետարան գնացել»: Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատողները համակերպվել արդեն ղեկավարի մշտապես բացակայելուն: «Դա քաղաքապետարանի շենքի ներսում հայտնի իրողություն է, հիմա ես կարող է տեսած չլինեի, բայց իր հետ աշխատողները, ովքեր իր մոտ թուղթ ունեն մտցնելու, մակագրություն ստանալու, այսպես կոչված, զեկուցելու, բոլորն էլ ասում են, որ այդ ժամանակահատվածում տեղում չի եղել, հազվադեպ եկել գնացել է, կապը հիմնականում հեռախոսով է եղել: Նույնիսկ քաղաքապետարանում հումոր է շրջանառվում, որ քաղաքապետարանի ամեն աշխատողի վարակվելուն զուգահեռ Մարությանն ինքնամեկուսացել է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ ինքն այս տարվա ամբողջ ընթացքում, որպես այդպիսին, կառավարում, իր պարտականությունների պատշաճ կատարում չի իրականացրել: Դա ակնհայտ է, տեսանելի է, ոչ մի նոր բան, ոչ մի բան, որ եղած պլանից դուրս է, չի իրականացվել»,- նկատեց ավագանու անդամը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, որ քաղաքացիները «ձեռնպահ մնան հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից», հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն, կտուգանվեն և այլն։ Իսկ երեկոյան գործի անցավ։ Փողոցները փակած երիտասարդները դաժան բռնությունների էին ենթարկվում ոստիկանների կողմից։ Մարդիկ զարմանում են՝ այս ոստիկանները որտեղի՞ց հայտնվեցին մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ, երբ մի քանի երիտասարդ աղջիկ-տղաներ հսկայական պողոտաներ էին փակում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ ջարդում էին Ռադիոտան դռներն ու ներխուժում հատուկ պահպանվող օբյեկտ, երբ ավտոմեքենաների շչակների ձայնից Երևանում շուն ու կատու չէին մնացել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը չի դադարում: Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձեւավորումը այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը: Այն, որ սա հակասահմանադրական է, այլեւս քննարկման ենթակա չէ: Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը»: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս. արդյոք այս փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոնների՞ն, թե՞ նաեւ գործող ռեկտորների, որոնք նախարարի սրտով չեն լինի: Հենց այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին, նա առաջարկեց հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով կարճ ժամանակում պատասխանել, ապա զանգահարեց եւ ասաց, թե հարցին պատասխանելու համար իրավաբանական հարցեր կան, որոնք պետք է ճշգրտվեն: Այսինքն՝ անգամ նախարարությունը չգիտի՝ ինչ նախագիծ է, ինչ է սահմանվելու նոր նախագծով, ում է վերաբերելու։ Ու այսքանից հետո հարց է՝ ինչու է նախագիծը հրատապ համարվել»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով: Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգը թանկացել է 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Օրինակ՝ ձուն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 7.6 տոկոսով, իսկ, ահա, շաքարավազի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան եւ ծովամթերքի շուկաներում 0.5 տոկոսով: Նշենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.4 տոկոսով: Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2 տոկոսով: Փոխարենը նվազել են սուրճի, թեյի կակաոյի գները՝ 0.1 տոկոսով: Իսկ մսամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: