23.11.2024
Մամուլ. Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. «ՏիկՏոկ»-ի հույսին մնացած Նիկոլ Փաշինյանը մտածում է հանրահավաք անցկացնի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմական դրության սահմանափակումների ցանկից հավաքների սահմանափակումը հանելու իմաստը ոչ թե ընդդիմության հանրահավաքների առաջ կանաչ լույս վառելն էր, այլ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը՝ հանրահավաք անցկացնել եւ ապացուցել, որ ինքը դեռեւս վայելում է հանրային վստահություն եւ կարող է ավելի մեծ միտինգ անել, քան ընդդիմադիր 17 ուժերն են անում։ Նրա հանձնարարությամբ օրերս ԱԱԾ-ն փակ հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե որքան մարդ կամովին կներկայանա Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն զեկուցել է, որ արդյունքը մխիթարական չէ՝ շատ քիչ կլինի մասնակիցների թիվը։ Մեզ ասացին, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել, թե վարչական ռեսուրսի միջոցով ինչքան մարդ կկարողանան բերել հանրահավաքի։ Հիմա սպասում է այդ տվյալները ստանալուն, որ որոշի՝ անե՞լ հանրահավաք, թե՞ բավարարվել «լայվերով»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու՝ չնայած այն բանին, որ դեկտեմբերի 5-ին վերջիններս նման պահանջով էին հանդես եկել: Ըստ մեր տեղեկությունների, 16 կուսակցությունները պլանավորել են իրենց նշած ժամից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, որ Փաշինյանը եւ կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու, իրենք սկսելու են անհնազանդության ակցիաներ իրականացնել: Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանը իր մարզերով եւ հատկապես Երեւան քաղաքը: Այսինքն, իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երեւանի եւ տարբեր մարզերի փողոցներ, կաթվածահար է անելու երթեւեկությունը: Մեր տեղեկություններով, ընդդիմության հիմնական պլանը դեռեւս սա է լինելու, բայց նաեւ մեխանիզմներ է փնտրում իշխանությունների վրա ազդելու եւ վարչապետի եւ կառավարության հրաժարականին հասնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձեւավորում»:


«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր ժամը 12-ին լրանում է 16 կուսակցությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված ժամկետը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Դա տեղի չունենալու դեպքում ընդդիմադիր կուսակցությունները խոստանում են ողջ հանրապետության տարածքում անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ենթարկվելու այդ վերջնագրին և հրաժարական չի ներկայացնելու, այսինքն՝ մեծ հավանականությամբ, գործելու է երկրորդ սցենարը՝ անհնազանդության ակցիաներ։ Միաժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում գեներացվում է հնարավոր քաղաքացիական բախման սպառնալիքի մասին թեզը։ Դա գեներացվում է այն համատեքստում, որ ընդդիմության գործողությունները հղի են քաղաքացիական բախման վտանգով։ Չի ասվում, բայց ակնարկվում է պարզագույն գործարքը՝ եթե չեք ցանկանում, որ քաղաքացիական բախումներ լինեն, Աստված մի արասցե, մարդիկ զոհվեն, ուրեմն մի մասնակցեք ընդդիմության ակցիաներին։ Կրկին չի ասվում, բայց նույն տրամաբանությունից բխեցվում է, որ հնարավոր բախման մեղավորն ընդդիմությունն է։ Ակնհայտ է, որ քաղաքական ռահվիրաներից մինչև ֆեյսբուքյան ավանտյուրիստների մակարդակով հասունացվող այս թեզի իրական շահառուն իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը։


Այդ թեզը տարածողները, սակայն, խնամքով թաքցնում են, որ հնարավոր բախման պատասխանատուն լինելու է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն այն պատճառով, որ երկրում կատարվող ցանկացած գործընթացի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, այլ որովհետև բախումների միջոցով նա կարող է տեսնել իշխանությունը թեկուզ մեկ օրով ավելի պահպանելու հեռանկար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման միջնորդավորված տեղեկատվական սպառնալիքներով ուղերձ է հղում այն մասին, որ անհրաժեշտության դեպքում ինքը չի վարանելու բողոքի ակցաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալ, և եթե քաղաքացիները չեն ցանկանում դառնալ այդ հրամանի զոհը, պետք է չմասնակցեն բողոքի ակցիաներին։ Ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վաճառում է նրանց չսպանելու հնարավորությունը, մոտավորապես այնպես, ինչպես փորձ արեց գերիների ու անհետ կորածների խնդրի լուծումը պայմանավորել իր դեմ պայքարի դադարեցմամբ։ Սա ինչ-որ իմաստով սադրանք է հասարակության դեմ, և հասարակությունն իր վարքագծով պետք է ցույց տա՝ որքանով է ենթարկվում իշխանության շանտաժին։ Բոլոր դեպքերում իրավիճակն իսկապես չափազանց պայթյունավտանգ է, և դրա այս կամ այն հանգուցալուծումը կախված է լինելու նրանից, թե կողմերից որ մեկը և որ չափով է նպատակին հասնելու համար խտրություն դնելու միջոցների մեջ։ Այսօր ճակատագրական կարող է լինել ոչ միայն ու գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան՝ Հայաստանի համար ընդհանրապես»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում տարածվում են Նիկոլ Փաշինյանին գովերգող, փառաբանող, մեծարող տեսանյութեր, որոնք ակնհայտ ուղղորդված ու համակարգված են: Խիստ «տիկտոկյան» ոճով այդ հոլովակները հրապարակվում են «Նիկոլ KING», «Նիկոլ թագավոր», «Նիկոլ փրկիչ» ու նմանատիպ մակնշումներով և վերնագրերով: Մեր տեղեկություններով, քանի որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «փաշինյանական» շոուներն այլևս արդյունք չեն տալիս, Նիկոլ Փաշինյանն իր հայտնի «հիմնարկներին» հրահանգել է աշխատել «ՏիկՏոկի» ուղղությամբ: «Փաստի» հետ զրույցում ոլորտի փորձագետները շեշտում էին, որ «ՏիկՏոկը» հիմնականում «մասնագիտացած» է անչափահասների վրա ներգործելու ուղղությամբ: Ստացվում է, որ ինչպես 2018-ին Փաշինյանը ներգրավեց անչափահասներին՝ դասադուլների կոչ անելով ու հանրահավաքների հրավիրելով, հիմա էլ «ՏիկՏոկի» միջոցով է փորձում նրանց ու, ինչու չէ, նաև նրանց ծնողների վրա ներազդել՝ «մաքրվելու», արդարանալու և պաշտոնին մնալու համար»,- ասաց մեդիափորձագետներից մեկը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի կոնսենսուսային թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ հանդիպման առաջարկ արել։ Հիշեցնենք, որ Մանուկյանի թեկնածությունը հայտարարելուց ժամեր անց ԼՀԿ-ից հայտարարեցին, թե իրենք էլ ունեն վարչապետի թեկնածու՝ Էդմոն Մարուքյանն է։ Հանդիպման օրվա եւ ժամի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մարուքյանը երեկ մեզ ասաց՝ ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեղի կունենա հանդիպումը։ Հարցին՝ հանդիպումից հետո հնարավո՞ր է հրաժարվեն իրենց որոշումից՝ ԼՀԿ թեկնածուի հարցով, Մարուքյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի բան չենք բացառում։ Կխոսենք, կշփվենք, կքննարկենք մեր շարքերի հետ, ապա կհայտնենք մեր որոշման մասին»։


«Իրատես» թերթը գրում է. «Վա­ղը՝ դեկ­տեմ­բե­րի 9-ին, Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ջեյ­հուն Բայրա­մո­վը Թեհ­րան է մեկ­նե­լու: Ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան՝ նա հան­դի­պե­լու է Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նիի, խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Մո­համ­մադ Բա­ղեր Ղա­լի­բա­ֆի, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղար Ա­լի Շամ­խա­նիի հետ։ Թեև այ­ցի օ­րա­կար­գը հս­տակ չէ, բայց են­թադ­րել կա­րե­լի է, որ հաղ­թա­նակ տա­նե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րարն Ի­րա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ Ադր­բե­ջան-Ի­րան նոր՝ ա­վե­լի եր­կար սահ­ման­նե­րի մա­սին է քն­նար­կում­ներ ու­նե­նա­լու: Մինչ Ադր­բե­ջա­նը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում, որ իր կող­մը քա­շի մեր բա­րե­կամ երկ­րին՝ Ի­րա­նին, Հա­յաս­տա­նի ար­տաքին գոր­ծե­րի նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը շտա­պում է տե­ղե­կաց­նել՝ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ա­պա­քա­ղա­քա­կան կա­ռույց է, իսկ պա­տե­րազ­մում դի­վա­նա­գի­տու­թյու­նը չի պարտ­վել: Նա, ըստ երևույ­թին, ու­զում է հաս­կաց­նել՝ ինձ վրա հույս չդ­նեք, ես քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վե­լու: «Ի­րա­տե­սին» հայտ­նի դար­ձավ, որ Ար­գեն­տի­նիա­յում, ՈՒ­րուգ­վա­յում, Չի­լիում, Կու­բա­յում, Նոր­վե­գիա­յում, Ֆին­լան­դիա­յում ու մի շարք այլ եր­կր­նե­րում դես­պան ե­ղած նա­խա­րա­րին իշ­խա­նու­թյուն­նե­րը հոր­դո­րել են առ­ժա­մա­նակ լուռ մնալ՝ նոր «կիք­սեր» թույլ չտա­լու հա­մար: Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի արևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տետն ա­վար­տած Ա­րա Այ­վա­զյա­նի մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի մա­սին եզ­րա­հան­գում­ներ կա­րե­լի է ա­նել՝ հա­մադ­րե­լով, թե­կուզ, այն հան­գա­ման­քը, որ արևե­լա­գե­տը Արևել­քի եր­կր­նե­րից որևէ մե­կում դես­պան կամ հյու­պա­տոս չի նշա­նակ­վել: «Ե­թե այդ­քան լավ մաս­նա­գետ է, ա­պա ի՞նչ էր ա­նում լա­տի­նաա­մե­րի­կյան եր­կր­նե­րում: Ու­զում եմ հի­շեց­նել, որ տա­րի­ներ ա­ռաջ նախ­կին վար­չա­պետ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի աշ­խա­տա­կազմն Այ­վա­զյա­նին գոր­ծու­ղել էր Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի եր­կր­նե­րից մե­կը՝ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան այ­ցը կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Այ­վա­զյա­նը գլուխ չէր հա­նել, տա­պա­լել էր ամ­բող­ջու­թյամբ, ու հի­մա այդ մար­դուն մի ամ­բողջ գե­րա­տես­չու­թյուն է վս­տահ­վել,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը,- Այ­վա­զյա­նի նշա­նա­կու­մը պայ­մա­նա­վոր­ված է զուտ այն հան­գա­ման­քով, որ նա, ի տար­բե­րու­թյուն այլ դի­վա­նա­գետ­նե­րի, հա­մա­ձայ­նել է աշ­խա­տե­լու Փա­շի­նյա­նի հետ»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա պաշտոնապես ազատվեց դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստում համապատասխան հրամանով: Եվ այս որոշումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. իշխանությունները դեռ չեն որոշել եւ չգիտեն, թե ում նշանակել նրա փոխարեն: Ընդ որում, նկատենք՝ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքների խոշոր ղեկավարները հայտարարություն էին տարածել՝ ասելով, թե այս իրավիճակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ ահա, մեր տեղեկություններով, մարզում բավականին լուրջ քննարկումներ են տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ, եւ անգամ առաջարկից հրաժարվողներ են եղել, սակայն սյունեցիներն այն տեսակետն ունեն, որ պետք է մարզպետ նշանակվի զինվորական անձ, որը պետք է տիրապետի իրավիճակին՝ մինչեւ հասկանան, թե ինչ է լինելու հետագայում: Այսինքն, որոշում կա այդ պաշտոնը վստահել զինվորականի: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սյունիքի շատ համայնքներ դարձել են սահմանամերձ, եւ կան համայնքներ, որտեղ հայկական գյուղերը գտնվում են սահմանին շատ մոտ՝ 500-600 մետր հեռավորության վրա>:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր փոխել կառավարության կազմի 80 տոկոսին: Հայաստանի կառավարությունը կազմված է 12 նախարարություններից, և հիմք ընդունելով հրապարակված թիվը՝ պետք է տեղի ունենար առնվազն 9 նախարարի փոփոխություն, սակայն փոխվել է ընդամենը 5 նախարար: Պատճառներից մեկը, որ նախարարները չեն փոխվում, կադրային բազայի բացակայությունն է, Փաշինյանը հասկացել է, որ նորանշանակ նախարարներից շատերը իրենց մարդկային և պրոֆեսիոնալ որակներով ավելին չեն, քան ազատվածները, իսկ որոշ դեպքերում անհամեմատ վատն են իրենց նախորդներից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր մեկնարկելիք նստաշրջանում քննարկելու է «Կուսակցությունների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Նկատենք՝ այն հրապարակվել էր դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։ Նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը։ Այս գործընթացից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, սակայն մինչ դրանք ներկայացնելը խոսենք էական փոփոխությունների մասին: Այսպես, նախագծով առաջարկվում է բիզնեսին արգելել ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանաչափը նվազեցնել՝ 10 միլիոնի փոխարեն դարձնելով 2.5 միլիոն, վերանայել նաև կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։ Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինանսավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն ըստ իրենց ստացած մանդատների քանակի և 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով կֆինանսավորվեն ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները, ընդ որում, մեծամասնություն ստացած ուժը չի ստանա ֆինանսական առավելություն։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անմիջապես այս նախագիծը քննարկելուց և ընդունելուց հետո իշխանությունները նպատակ ունեն փոփոխություններ կատարել նաև Ընտրական օրենսգրքում: Բանն այն է, որ նաև իշխանությունն է, այսպես ասած, գիտակցում, որ առաջիկա շրջանում արտահերթ ընտրություններ ամեն դեպքում լինելու են, և հենց այդ պատճառով էլ վերջիններս ցանկանում են արտահերթ ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով և փոփոխություններով, որոնք կարող են օգտակար լինել նաև իրենց համար: Հենց այս նպատակով էլ իշխանություններն արագացնում են գործընթացները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով՝ ուժային բոլոր կառույցները գտնվելու են իր ուղիղ համակարգման դաշտում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գեներալն առաջիկայում ավելի կոնկրետ խոսելու է իր անելիքների մասին՝ նպատակ ունենալով հստակ լուծումներ առաջադրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի արագ հանգուցալուծման համար։ Հավելենք նաև, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ռուսական կողմը, ի դեմս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի, բավականին ջերմ է ընդունել գեներալ Բալասանյանի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու փաստը։ Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննարկվում է առաջիկայում ուժային կառույցներում նոր կադրային փոփոխությունների հարցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանն առաջին աշխատանքային օրը աշխատակազմի քարտուղարությանը զգուշացրել է, որ բոլորն ազատվում են աշխատանքից՝ երկուշաբթի օրվանից աշխատանքի չներկայանան։ Հիշեցնենք, որ ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բավականին ուռճացրել էր աշխատակազմը, 2-3 աշխատակցի փոխարեն մոտ 50 աշխատող էր ընդունել։ Նախկինում Արցախից հերքում էին այս մասին մեր լուրերը, սակայն երեկ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը ՖԲ էջում Բալասանյանի զգուշացումից հետո ահազանգել էր, թե ԱԱԽ նոր քարտուղարը «վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգությունը»։ Մեր տեղեկություններով, Բալասանյանը մտադիր է վերադառնալ նախկին կարգավիճակին եւ ԱԱԽ քարտուղարի գրասենյակում ընդամենը երկու-երեք հաստիք պահել։ Սամվել Բաբայանի խոսնակից երեկ տեղեկացանք, որ աշխատակազմը չի ներկայացել աշխատանքի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ իշխանությունները Հայաստանում գտնվող տնազուրկ արցախցիներին միջնորդավորված կերպով սպառնում են, որ կզրկեն ամեն ինչից, եթե մասնակցեն ընդդիմության հանրահավաքներին կամ մամուլով բողոքի ձայն բարձրացնեն: Հիմա էլ այս ամենը իշխանությունները տեղափոխել են սոցցանցեր: Բավական է որեւէ արցախցի, որը Նիկոլ Փաշինյանի պատճառով կորցրել է ամեն ինչ, հրաժարականի պահանջ դնի կամ բարձրաձայնի պետության կողմից անտեսված լինելու մասին, կազմակերպված ձեւով դառնում է իշխանական ֆեյքերի կամ, այսպես կոչված, «նիկոլագոլիկների» հարձակման թիրախ: Վիրավորում ու անպատվում են արցախցի մեր հայրենակիցներին, կոչ անում գնալ իրենց տները՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ տուն կամ ընդհանրապես գյուղ ունե՞ն, թե՞ Հայաստանի իշխանությունների «թեթեւ ձեռքով» զրկվել են, անկախ նրանցի՝ նրանց տներից քանի՞ մետրի վրա են թրեւում ադրբեջանցի բաշիբոզուկները:


Ավելին, ամենահաճախ հանդիպող մեղադրանքներից մեկն այն է, թե Արցախում հաշվառված եւ բնակված անձինք ինչ կապ ունեն Հայաստանի իշխանությունների հետ, ինչ իրավունք ունեն պահանջներ դնելու, նրանք իշխանություն ունեն, թող Արցախի իշխանություններից էլ պահանջեն: Այս առումով քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանը միշտ նշում է, որ ինքը լիազորված չէ արցախցիների անունից խոսել, բայց արցախցիների անունից գնաց ու ստորագրեց այդ կապիտուլ յացիայի ակտը: Իհարկե, արցախցիները ՀՀ վարչապետ չեն ընտրել, բայց այդ տրամաբանությամբ արցախցիներն էլ ՀՀ վարչապետին չէին լիազորել գնալ ու իր ապիկար ռազմաքաղաքական ղեկավարությամբ հանձնել Հադրութն ու Շուշին, ինչպես նաեւ Մարտունու, Մարտակերտի բազմաթիվ գյուղեր: Սա՝ իրավական կողմի մասին: Բացի այդ, իշխող քաղաքական ուժը երկու տարի շարունակ անընդհատ «սեւ ու սպիտակի» նույն գիծն է տանում, ուղղակի միշտ «սեւ ու սպիտակի» մեջ հասարակության տարբեր սեգմենտներ են հայտնվում: Հիմա «սեւերը» արցախցիներն են, ու իշխանությունները տանում են «հայաստանցի-արցախցի» բաժանարար գիծը: Սա մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է, որն իշխանությունները օգտագործում են ֆեյսբուքյան տարածքում: Ուղղակի պետք է մի բան իմանալ՝ ֆեյսբուքյան ու հայաստանյան իրականությունը իրար հետ որեւէ առնչություն չունեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունների նախագիծը հնարավոր է չընդգրկվի եկող քառօրյայի օրակարգում։ Երեկ նախագիծն ուղարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողով, բայց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը չընդգրկվեց օրակարգում։ Իշխող թիմում կարծում են, որ առանց այն էլ բողոքի ալիք կա, նոր օջախ պետք չէ։ Ի դեպ, օրենքի լոբբինգով զբաղվում է «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ սորոսականների ներկայացուցիչը։ Նախագծի ամենավիճահարույց դրույթը ռեկտորների՝ նախարարի կողմից նշանակվելու կետն է, որի բուն նպատակը ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելն է, քանի որ բուհի խորհուրդը նրան չի ընտրի։ Մեզ ասացին, որ ո՛չ ԿԳՄՍ իրավաբանական վարչությունը, ո՛չ բուհերի խորհուրդները տեղյակ չեն եղել այս փոփոխություններից։ ԳԱԱ-ն, Բժշկական համալսարանը կոչ են արել հետ կանչել նախագիծը, դեմ են արտահայտվել ԵՊՀ դեկանները, ուսխորհուրդը։ Սակայն ռեկտորների մասին դրույթը չարյաց փոքրագույնն է․ կնվազի ուսանողների ռոտացիան՝ բարձր առաջադիմությամբ ուսանողները չեն կարող անվճար ուսուցման անցնել։ Նախագծի 39-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական բուհերի անժամկետ լիցենզիաները գործում են մինչեւ 2021 թ., բուհերը պետք է դիմեն նոր լիցենզիա ստանալու համար։ Մենք տեղեկացանք, որ նպատակը բուհերի միավորումն է՝ մանկավարժականը, «Բրյուսովն» ու ֆիզկուլտինստիտուտը՝ իրար, արվեստի բուհերը՝ իրար, պոլիտեխնիկն ու ճարտապետաշինարարականը, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը՝ ՀՊՏՀ-ին։ Բուհում աշխատելու տարիքային սահմանափակում կգործի (մինչեւ 65 տարեկան): Բազում կրճատումներ կլինեն, շենքեր կազատվեն եւ այլն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ: Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և լուծարել գլխավոր ճարտարապետի հաստիքը: Գլխավոր ճարտարապետի աշխատանքը կիրականացնի փոխքաղաքապետը: Այս փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գլխավոր ճարտարապետը համարվում է վարչական պաշտոն, մինչդեռ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու և քաղաքաշինության ոլորտում որոշումներ կայացնելու իրավասություն պետք է տրվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, ինչպիսին հանդիսանում է փոխքաղաքապետը»: