VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավը քննարկում է ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանում առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ու պետք է շատ ակտիվ պատրաստվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ականներին ասել են, թե ընտրությունները լինելու են մայիս-հունիս ամիսներին, ինչի համար էլ պետք է բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կարելի է ասել՝ գրեթե նույն ժամանակահատվածի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր փակ հանդիպումներում խոսում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս գործարարների հետ է առանձին-առանձին հանդիպումների ժամանակ իր խոսքում ակնարկել, որ պետք է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրությունների ու հորդորել է միասին գնալ այդ ընտրություններին: Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն ժամանակահատվածում են պլանավորում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն քաղաքական իշխանությունները դրա մասին չեն ցանկանում դեռեւս բարձրաձայնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ տվեց անհնազանդության ակցիաների մեկնարկը, որոնց նախատիպն օգտագործել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018-ին։ Երեկ հանրապետության տարբեր հատվածներում փողոցներ էին փակում, ադմինիստրատիվ շենքերի մոտ էին ակցիաներ անում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ակցիաները շարունակելու են ճնշել, եւ Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի։ Ավելին՝ նա ամենօրյա տեռորի է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, ստատուսներ գրել՝ ի պաշտպանություն իրեն։ Թիմը դիմադրում է՝ համարում է, որ վաղ է, մարդիկ իրենց չեն հասկանա։ Այս օրերին ով փորձել է «խոսել»՝ Լենա Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Հովհաննես Իգիթյան, Հովիկ Աղազարյան, հայտնվել է վրդովված մարդկանց թիրախում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարածված Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն աղմուկ է բարձրացրել համացանցում: Ձայնագրության մեջ Լուկաշենկոն ասում է, որ Ալիևն Արցախի 5 շրջանները հանձնելու դիմաց իրեն կտա 5 մլրդ դոլար գումար: Սարգսյանն էլ հակադարձում է, թե ինքը պատրաստ է 6 մլրդ տալ Ալիևին՝ թող հրաժարվի այդ տարածքներից: Հիշեցինք, որ օրեր առաջ էլ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը 13 հարց և բացահայտում ներկայացրեց, որոնցից առաջինում ակնարկում էր, որ Փաշինյանին միջնորդի միջոցով Արցախի հողերի դիմաց գումար է առաջարկվել: «2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա: Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, Ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել Ձեր ղեկավարին: Արդյոք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»,- ասել էր Վարդանյանը: Սակայն չէր ասել, թե որքան գումար է նշված եղել: Մենք հետաքրքրվեցինք՝ կարող է հիմա բացահայտել, թե որքան գումար է նշված եղել այդ թղթի կտորի վրա, Վարդանյանն ասաց. «Այդ թղթի կտորը Հայաստանի այսօրվա ղեկավարի մոտ է եղել, ճիշտ կլինի՝ հարցն իրեն ուղղել: Ես միայն կասեմ, որ պետությունների ղեկավարները մեծ երևակայություն չեն ունենում, էնպես չի, որ այսօր մի թիվ են ասում, հաջորդ օրը՝ այլ»: Այսինքն՝ խոսքը 5 միլիարդի մասին է: «Հարցրեք իրեն»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը գնում է իր դիրքերն ամրապնդելու ճանապարհով։ Մասնավորապես, ուզում է զինվորական անցյալով մարդկանց մարզպետներ նշանակել, որ ապագա ընտրություններում խնդիրներ չունենա։ Երեկ Սյունիքում մարզպետ նշանակվեց Սյունիքի ԵԿՄ ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։ Լոռիում կնշանակվի իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով 1999թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Իսկ 2018-ից Լոռու փոխմարզպետն էր եւ այսօրվա մարզպետի հետ սուր տարաձայնությունների պատճառով մտավ ԱԺ։ Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր մարզպետ նշանակվելու լուրը։ «Որ նշանակվեմ, կիմանաք»,- ասաց նա։ Այսինքն՝ նշանակվելու եք։ «Չեմ կարող ասել, թիմն ինչպես որոշի, այնպես էլ կանեմ»։ Հնարավո՞ր է, որ մերժեք՝ այսօր հայտնի չէ իշխանությունների ճակատագիրը։ «Համաձայն չեմ, թե մեր իշխանությունը ժամանակավոր է, մենք մնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հերթական ընտրությունները»։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ո՞ր հարցերում է թերացել, որ ուզում են փոխել։ «Աշխատող մարդը միշտ էլ թերանում է, չաշխատողն է, որ չի թերանում»,- փիլիսոփայեց մարզպետի հետ շփվող թեկնածուն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։ Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատրաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։ Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երեւան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թեւոնյանը։ Նա եւ իր հրոսակախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը։ Հիշեցնենք, որ Թեւոնյանը հայտնի ճամբարափոխ է․ տարիներ առաջ նա լեւոնական շրջանակների սիրելին էր, 2012-ին ՀԱԿ մեծամասնական ցուցակում էր, 2017-ի ընտրություններում Ռ․ Թեւոնյանն Արարատում «Ելք»-ից էր առաջադրվել, իսկ 2018-ին որդին հայտնվեց «Իմ քայլում»։ Մեզ ասացին, որ Թեւոնյանի երեկվա ծառայություններն անհատույց չեն մնա․ նա Արարատի մարզպետի թեկնածուն է։ Գարիկ Սարգսյանին Փաշինյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել։ Երեկ Թեւոնյանն իր նշանակման մասին հարցին չպատասխանեց, բայց չհերքեց, որ անձամբ է ցույցը ցրել։ «Այսինքն՝ ո՞րն ա բռնությունը»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա, ապա զարմացավ՝ հո չէի՞ թողնելու միջպետական ճանապարհը փակ մնար։ Հարցրինք՝ 2018-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում, կարելի էր մայրուղին փակել, հիմա՝ ո՞չ։ «Այսինքն՝ ո՞նց․․․ էս երկրում հլա պատերազմը չի վերջացել, ես բան չանեի, հա՞»։ Երբ խնդրեցինք ասել, թե որտեղ է պատերազմ գնում, ասաց․ «Եկեք չասեմ, հա՞, ինձ թվում է՝ մենք ուրիշ ձեւ ենք մտածում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ տարին: Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ հետո, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ էլ բացարձակ առավելություն ունեցավ «Իմ քայլը» դաշինքը: Ընտրողները 884 հազար 849 ձայն տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։ Վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը։ Երկրորդ տեղում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 103 հազար 837 ձայն կամ 8,27 տոկոս։ Եվ եռյակը եզրափակում էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 հազար 49 ձայն կամ 6,37 տոկոս: Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում ունեցավ 88 աթոռ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18։ Իսկ ի՞նչ է արել խորհրդարանն այս երկու տարիների ընթացքում: Նախորդ մեկ տարվա ընթացքում խորհրդարանը թերեւս ավելի կառուցողական էր աշխատում, փորձում էին ընդունել այնպիսի նախագծեր, որոնք կարող են օգտակար եւ կարեւոր լինել քաղաքացիների համար, սակայն այս տարվա ընթացքում խորհրդարանը վերածվեց իշխանության եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ բանավեճի հարթակի: Այսօր արդեն, ելնելով այսօրվա իրողություններից, այդ սրումն ավելի է խորացել, եւ չի լինում որեւէ նախագիծ, որի քննարկման ժամանակ խորհրդարանում կրքերը չբորբոքվեն: Ավելին՝ այսօր խորհրդանշական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքացիներին ուղղորդում է ԱԺ ժամը 16։00-ին՝ իր կամքը իշխող ուժին պարտադրելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է եղել հայրենի մի շարք պաշտոնյաներին ամանորյա օրերին դուրս չգալ երկրից: Ըստ մեր տեղեկությունների՝ սահմանապահներին պաշտոնյաների ցուցակ է ներկայացվել, ըստ որի՝ նրանք պետք է հետևեն պաշտոնյաներին անուն առ անուն՝ թույլ չտալով դուրս գալ երկրից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պաշտոնյաների ցանկում են թե՛ հայրենի գործադիր մարմնի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր մարմնի, որոնց արգելվելու է Հայաստանը լքել: Կարելի է ասել՝ պետական «ապարատում արդեն տեղեկացված են, որ իրենց ելումուտի վրա արգելանք է դրված, ու վերջիններս եթե անգամ մտադրություն ունեն Նոր տարի դիմավորել, տոնական միջոցառումներ կազմակերպել, ապա դա պետք է անեն միմիայն Հայաստանում: Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ Երևանը չի զարդարվելու, գլխավոր տոնածառ չի դրվելու, և ժամանակ առ ժամանակ բանավեճեր են ընթանում Ամանորը նշել-չնշելու հետ կապված»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցն ասում է, որ համայնքապետից բարձր որևէ պաշտոնյա, պետության ներկայացուցիչ չի այցելել իրենց և տեղեկացել իրենց խնդիրներին: Մինչդեռ գյուղը զրկվել է արոտավայրերից, գյուղացիները ստիպված վաճառում են իրենց անասունները, և հայտնի չէ, թե ինչով են զբաղվելու խաղաղ կյանքի վերադառնալու դեպքում: Ներքաղաքական պայքարի նկատմամբ իր վերաբերմունքի և վարչապետի հրաժարականին վերաբերող հարցին էլ Մալունցը պատասխանում է. «Ես ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում, ինձ համար մեկ է՝ երկրի ղեկավարն ով է, որովհետև այսքան ժամանակ ոչ մեկից ոչ մի բան չեմ տեսել»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում սեղմված գազի գնի բարձրացումից հետո երթուղային տաքսիների վարորդները կրկին բարձրացնում են երթևեկության սակագնի փոփոխության հարցը: «Գազի գինը անընդհատ բարձրանում է, պահեստամասերը թանկանում են, ամեն ինչ թանկանում է, բայց մարշուտկի վարձը նույնն է», բողոքում են երթուղայինի վարորդները: Միևնույն ժամանակ փաստ է, որ քանի դեռ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն է, երթուղայինի վարձի թանկացումը անիրատեսական է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցները (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը, այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ, ահա, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանս»-ի (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ: Որոշ դեղատների աշխատողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է: Համաձայնեք, որ նշված դեղամրջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, եւս չպետք է ձեռքերը ծալած նստի: Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի թանկացումը նրանց աչքից չի վրիպի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բժշկական շրջանակներում քանի օր է՝ սկանդալային լուր է շրջանառվում, թե «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել՝ օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, եւ մեծ գումարներ է տանուլ տվել՝ 1 մլրդ դրամից ավելի: Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Այժմ ԱԱԾ-ում գործ է քննվում: ԱԱԾ-ից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին նշված լուրը: Առողջապահության նախարարի խոսնակը եւս չմեկնաբանեց: «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակն ասաց, թե նշված անձը բարեխղճորեն գալիս է աշխատանքի, պարտաճանաչ կատարում իր ծառայողական պարտականությունները, համենայնդեպս, կոլեկտիվին «Տոտոյում» տանուլ տված գումարների մասին ոչինչ հայտնի չէ: «Չեմ պատկերացնում, որ նա կարողանա նման բան արած լինել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը եւ ավելացրեց, որ իր աշխատավարձն արդեն ստացել է: Առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին: Բայց համակարգում լուրը բուռն քննարկում են եւ պնդում, որ այն համապատասխանում է իրականությանը, եւ շուտով դրա «ձայնը կլսվի»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գնաճը շարունակվում է, և դրա պատճառը ներքաղաքական անկայունությունն է: Չնայած վարչապետ Փաշինյանի խոշոր գործարարների հետ հանդիպումներին և նրա կողմից տնտեսական կյանքը աշխուժացնելու կոչերին, գործարարները մասնավոր զրույցների ժամանակ ասում են, որ տնտեսության վերականգնում կարող է սկսվել միայն ներքաղաքական կայունության հասնելուց հետո: Իսկ մինչ այդ գահավիժումը շարունակվելու է»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մասնագետները բացատրում են, որ սահմանը չի որոշվում ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կառույցի կողմից: Որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որտեղ պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ: Որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալները: Որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատները ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ թե ինչ սարքավորումներով, մեթոդներով են աշխատելու: Որ GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, և սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ այդ գործիքը կիրառող մասնագետը: Այսօր չկա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին և պաշտպանելու հայկական շահերը։ «ՀՀ»-ի հետ զրույցում մասնագետներից Շահեն Շահինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 23-ի իր բաց նամակը ուղարկել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ, և այն վերահասցեագրվել է Կադաստրի կոմիտեին: Կոմիտեից պատասխանել են. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված բոլոր աշխատանքները կատարվում են ժամանակին, ըստ հավուր պատշաճի և սահմանված ընթացակարգերով...»: