7.12.2024
Իրավապահներն ամբողջությամբ հերքել են ահաբեկչության վարկածը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել նույն կազանյան համաձայնագիրը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ ամերիկյան Բլումբերգին պատմել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ են պատրաստ եղել ստորագրելու: Ըստ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տեւեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից եւ պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջեւ: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»: Սարգսյանը բացատրել է, որ այս փաստաթղթին Իլհամ Ալիեւը չի համաձայնել: Ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների հանձնմանը:

Այս պահին ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել նույն կազանյան համաձայնագիրը, թե՞ այլեւս այն մեզ համար մերժելի է, «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նույն հարցազրույցում նախագահը մանրամասն խոսում է խաղաղ կարգավորման հնարավորությունների մասին։ Կարծում եմ՝ ամեն ինչ առավել քան հստակ է։ Նույն հարցին անդրադարձել է ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եւ Լավրովի հետ ասուլիսին»: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ պարզաբանեց, թե. «Բլումբերգին տրված հարցազրույցում նա խոսում է Կազանի փաստաթղթի մասին: Ձեզ պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»: Նկատենք, որ նշված հրապարակային բոլոր ելույթներում այդպես էլ հստակ չէ՝ այս պահին կազանյան փաստաթուղթը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս շաբաթվա վերջին (ապրիլի 28,29) Հայ հեղափոխական դաշնակցությունը հերթական գաղտնի ժողովն է անելու։ Տեղի է ունենալու ՀՅԴ գերագույն ժողովը, որի ժամանակ նաև ընտրվում է գերագույն մարմնի նոր կազմը։ Թե ինչ փոփոխություններ կանի դաշնակցությունը իր ղեկավար մարմնում, դեռ հստակ չէ։ Սույն ժողովում քննարկվելու են նաև մի շարք կարևորագույն հարցեր, որից հետո կընդունվի հայտարարություն։ Ժողովի վայրը ևս գաղտնի է պահվում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը Իրանում ինտերնետային կապ մատուցելու իրավունք է ստացել: «Այո, հունվարին ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը Իրանում 4 հուշագիր է ստորագրել, որից մեկը հենց վերաբերում է կապին: «Յուքոմ»-ը պետք է ինտերնետ ծառայություններ մատուցի Իրանով մինչեւ անգամ դեպի Իրաք: «Յուքոմ»-ը կաշխատի նաեւ իրենց բջջային օպերատորների հետ: «Յուքոմ»-ի միջոցով իրենց օպերատորները կմիանան «Վիվասել-Մտս»-ի եւ «ԱրմենՏել»-ի հետ»,- պարզաբանեց փոխնախարարը: Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ն ընդունված է համարել ՀՀ ֆինանսների նախարարի ընտանիքին պատկանող ընկերություն, սակայն, ըստ լուրերի, վերջերս այդ ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել նաեւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը` ոչ իր անունով: Արդյո՞ք այդպես է: Մեր հարցին փոխնախարարը պատասխանեց. «Այդ հատվածով ես ոչինչ չեմ կարող ասել»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում գրեթե պատրաստ է օրենսդրական փաթեթը, որով սահմանվելու է պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման կենտրոնացված համակարգը։ Այսինքն՝ կառավարությունն օրենքի ուժով է անցնելու խնայողական ռեժիմի։ Այդ նպատակով հատուկ համակարգ է ստեղծվելու, գործադիր մարմինների բոլոր աշխատողները ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա։ Բացառություն արվելու է միայն Անվտանգության խորհրդի անդամների համար։ Այսինքն՝ նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները։ Իսկ մյուս նախարարների դեպքում բիզնես կարգի ավիատոմս ձեռք կբերվի միայն ութ ժամից ավելի տևողությամբ չվերթների դեպքում, ինչպես նաև, երբ այդ գումարը վճարելու պատրաստակամություն կհայտնի տվյալ պաշտոնյան իր անձնական միջոցներից։ Հիշեցնենք, որ կառավարության նիստերից մեկում աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը խոսել էր այս մասին։ Եվ քանի որ օրերս պարզվեց, որ տրանսպորտի և կապի նախարարն ու իր օգնականը խիստ թանկ տոմսերով են ճամփորդում, այսինքն՝ հորդորները ոմանց վրա չեն ազդում, գործընթացն արագացվել է»:

«Իրատես» օրաթերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի 1998-ի հրաժարականի ոչ «պաշտոնական» պատճառաբանությունն այն էր, որ նա պատրաստվում էր Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու, այսինքն՝ տարածքներ հանձնելու, ինչին իբր ընդդիմանում էին Հայաստանի հաջորդ իշխանությունների ներկայացուցիչները։ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց հիմնախնդիրը կարգավորել «ոչ մի թիզ հող» կարգախոսի շրջանակներում, ավելին, վերջինս բանակցային գործընթացից դուրս թողեց Ղարաբաղը։ Այսօր ևս խոսվում է Ադրբեջանին տարածք վերադարձնելու մասին։ Այլ խոսքով, առաջին նախագահը կողմ էր փուլային, ընդդիմախոսները՝ փաթեթային տարբերակին, սակայն ստացվեց այնպես, որ հաջորդ նախագահներն էլ կարծես փուլային տարբերակով են առաջ գնում։ Երբ այս մասին հարցրինք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, վերջինս չհամաձայնեց, որ Տեր-Պետրոսյանը փուլային տարբերակին է կողմ եղել»: