23.11.2024
Մամուլ. Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին»
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն պակաս է տվել, ապա կտրել անհետ կորած պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը

Այս օրերին ամենից ցավոտ թեմաներից է անհետ կորածների որոնումների ու գերիների վերադարձի հարցը: Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, պարզվում է, որ նույն կառավարությունը կտրում է անհետ կորած զինծառայողների աշխատավարձերը և առանց այդ էլ ցավի ու ողբերգության մեջ հայտնված ընտանիքներին թողնում լրիվ միայնակ:  


Երկու օր առաջ Կառավարության շենքի դիմաց անհետ կորածների ծնողները հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, հերթական անգամ՝ ապարդյուն, քանզի հնչեցրած հարցերի պատասխաններ այդպես էլ չստացան: Նրանց թվում էին նաև Էջմիածնի քիմիական զորամասի պայմանագրային զինծառայողների ծնողները, որոնք բացի որդիներին փնտրելուց նաև այլ խնդիր ունեն:


Զինծառայող Էրիկ Ներսեսովայի մայրը VERELQ-ին պատմեց, որ որդու անհետ կորելուց երեք օր անց, իսկ դա տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, պետությունը կտրել է Էրիկի աշխատավարձը: Այսինքն՝ հոկտեմբեր ամսվանը ստացել են միայն 24 օրվա համար, իսկ նոյեմբերին չեն ստանա: Եվ Էրիկը, հասկանալի է, միակը չէ.


"Հոկտեմբերի 21-ին, երբ կորել են, երեք օրից հետո զինծառայողների աշխատավարձը կտրել են: Մեզ ասացին, թե այդպես է՝ 72 ժամ հետո կտրում են աշխատավարձը, ու, փաստացի, մեզ ընդամենը 24 օրվա աշխատավարձ տվեցին: Էրիկը երեք անչափահաս երեխա ունի, միակ աշխատողը ինքն է, ամուսինս թոշակառու է, իր թոշակով մենք հազիվ դեղերն ենք գնում, դեռ Էրիկի աշխատավարձից էլ է դեղերի վրա գնում: Հիմա ի՞նչ անենք",- հարցնում է Լաուրա Ներսեսովան:


Որդին եղել է Զանգելանում, վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 20-ին: Եվ հիմա ո՛չ որդին կա, ո՛չ պատասխան, թե արդյոք նա ողջ է, ու մինչ որևէ հստակություն չկա պետությունը ընտանիքին զրկեց նաև ապրուստի միջոցից:


Նույն զորամասի մեկ այլ պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի քույրն էլ՝ Սիրանուշ Ալեքսանյանն ասում է, որ եղբոր անհետ կորելուց հետո, երբ փորձել են աշխատավարձը կանխիկացնել քարտից, վրան ընդամենը 98 հազար է եղել փոխանցված, թեպետ աշխատավարձը կազմում է շուրջ 130 հազար:


"Սկզբից մտածեցինք, որ Ռուդիկը իր անունով վարկ ունի, և այդ պակասորդը դրանով է պայմանավորված: Սակայն բանկից տեղեկացրեցին, որ որևէ պահումներ ու վարկային գծից վճարումներ չեն եղել և ՊՆ-ն է այդքան փոխանցել՝ 98 հազար: Հետաքրքրվեցինք, ասացին, որ քանի որ հոկտեմբերի 21-ից իրենք համարվում են  անհետ կորած, ապաև ավտոմատ դուրս են գալիս համակարգից ու դրա համար գումարները պակաս են փոխանցվել",- ասաց քույրը:


Ասում է՝ այս պահին իրենց միակ դարդն ու ցավը եղբոր վերադարձն է, նրան գտնելը և գումարը ամենևին էլ առաջնային չէ: Բայց պայմանագրայինների ընտանիքները պետության այս մոտեցումը վիրավորական են համարում, ի վերջո այս դժվար պահին, երբ աջակցության կարիք կա, պետությունը նրանց լրիվ միայնակ է թողել:


Նշենք, որ ՊՆ-ն մինչ օրս ոչ միայն հստակ տեղեկատվություն չի տրամադրել, թե քանի զոհ ունի հայկական կողմը 44-օրյա պատերազմի հետևանքով (ինչը, թերևս, հասկանալի է, քանզի դեռ շարունակվում են դիերի որոնողական աշխատանքները), այլև քանի անհետ կորած ունենք: Չեն հնչում անգամ մոտավոր թվեր, որոնք կընդգրկեին ոչ միայն զինծառայողների, այլև կամավորների: Որոնողական աշխատանքները շարունակվում են...


Լիա Խոջոյան