VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։ «Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։ Գործընկերներից մեկն ասաց․ «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ ԶԱԿ-ում է աշխատել, գիտի ոնց փող բերի»։ Բայց ոմանք կարծում են, որ Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել եւ միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին։ Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը ՀՀԿ-ի իշխանության ներկայացուցիչներից էր, բայց հեղափոխությունից հինգ պակաս կողմնորոշվել էր, իսկ հոկտեմբերի 12-ին գրառում էր արել՝ հերոսացնելով Նիկոլ Փաշինյանի որդուն, որ իբրեւ թե ողջ զորքը փախել է, նա՝ ոչ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մեկ տարի առաջ մի խելոք մարդ ասաց՝ մեր հույսը կարող է լինել բացառապես այն, որ Նիկոլը հասկանա՝ չի կարելի պառակտել երկիրը, հարկավոր է մարդկանց միավորել, համախմբել, նվազեցնել ատելության ու չարության չափաքանակը, դառնալ բոլորի վարչապետը, հրաժարվել վրեժի ու պատժելու մոլուցքից։ Դա դեռ 2019 թվականն էր, և մենք չունեինք ո՛չ համավարակ, ո՛չ պատերազմ։ Բայց հույսը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այս պարզ ճշմարտությունը կհասկանա և կվերանայի իր պահվածքը, գրեթե զրոյական էր։ Այսօր մենք ունենք քովիդից տառապող ժողովուրդ, պատերազմից բզկտված երկիր, հազարավոր զոհեր, տարածքների հսկայական կորուստներ, հուսահատություն, անելանելիություն, և դրանում ահռելի է Նիկոլի «վաստակը», ով ժամանակին չհասկացավ պառակտման, չարության, հայհոյանքի ու վրեժի մթնոլորտի վտանգները։ Թվում էր՝ գոնե պատերազմը և մեր ինքնիշխանությունից այս կործանարար նահանջը պետք է նրան ուշքի բերեին և հասկացնեին, որ թշնամին սահմանից այն կողմում է, այլ ոչ թե մեր երկրում։ Որ այսօր ոչ թե Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելով, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելով, քեզ քննադատողների վրա ֆեյքերին «քսի տալով» կարելի է հասնել հաջողության, այլ ամենօրյա դաժան աշխատանքով։ Ոչ թե պետք է Արցախում տիրող իրավիճակի վրա աչք փակել, այլ բանակցություններ վարել, որ այդ փաստաթղթի արդյունքում ստեղծված իրավիճակը փոքր-ինչ բարելավվի։ Երբ դու լուծման կարոտ միլիոնավոր խնդիրները թողած՝ ընկնում ես ընդդիմության հետևից և քեզ մխիթարում ես նրանով, որ կոտրված ու հուսահատ ժողովուրդն Ազատության հրապարակի հանրահավաքներին չի մասնակցում, մեր կորուստները դրանով չեն սահմանափակվում։ Ավելին՝ անգամ կողմնակիցներդ շուտով համոզվելու են, որ քո հեռանալն այլընտրանք չունի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Սամվել Բաբայանը «հանցավոր» որակեց Հայաստանի եւ Արցախի ղեկավարների կայացրած որոշումը եւ որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է Արցախի ԱԱԽ քարտուղարի լիազորությունները եւ չեղարկում Արայիկ Հարությունյանի հետ իր կուսակցության հետընտրական համաձայնագիրը, որի արդյունքում իր թիմակից պաշտոնյաները՝ նախարար եւ փոխնախարարներ, հրաժարականի դիմումներ գրեցին, սակայն Արցախի ԱԺ-ում նրա թիմը ստվերային աջակցություն է ցուցաբերում «Ազատ հայրենիքին»։ Նրա կուսակիցները չեն հրաժարվել ԱԺ հանձնաժողովների նախագահի, տեղակալի պաշտոններից։ Ավելին, նրանք մերժում են ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները՝ հրավիրել արտահերթ նիստ եւ լսել կառավարության պարզաբանումները։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաբայանի թիմակիցներն անհասկանալի պահվածք են դրսեւորում, թե ինչու՝ չգիտի, բայց զարմացած է Բաբայանի հրապարակային հայտարարությունների եւ խմբակցության պահվածքի հակասություններից։ «Հայաստանից լսում ենք, որ ցանկանում են մի ծրագիր իրագործել՝ Սամվել Բաբայանին հանձնել իշխանությունը»,- ասաց նա՝ առաջարկելով այս համատեքստում դիտարկել Բաբայանի խմբակցության պահվածքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն ձերբակալեց մի խումբ անձանց, այդ թվում՝ Արթուր Վանեցյանին, եւ նրանց մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Հաջորդ օրը եւեթ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց այդ ձերբակալությունները, ապա մերժեց կալանքի սանկցիա տալը, սակայն ձերբակալվածներին 1-2 օր պահեցին Ձերբակալված անձանց պահման վայրում։ Վանեցյանին պահել են Էրեբունու ՁՊՎ-ում, նա անազատության մեջ է մնացել ընդամենը 2 օր։ Մեր հարցին, թե այդ ընթացքում ինչով է զբաղվել մեկուսարանում, Վանեցյանն ասաց՝ թերթ է կարդացել եւ գիրք է խնդրել, բերել են Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը, որի սյուժեն ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի կատարած հեղափոխության եւ այնուհետ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ։ ««Անասնաֆերման» մի քանի անգամ էի կարդացել, բայց այդ իրավիճակում ընկալումը լրիվ այլ էր»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ողջ քաղաքական դաշտում մնացել է մենակ, քանի որ, ըստ էության, նրան ոչ մի քաղաքական ուժ չի աջակցում։ Չի աջակցում նաև հանրության գերակշիռ մեծամասնությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանն այսօր վստահության և աջակցության խնդիրներ ունի նաև սեփական թիմի ներսում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանական թիմում ևս առկա են որոշակի կուլիսային տարաձայնություններ ու անհամաձայնություններ «շեֆի» գործողությունների հետ։ Ավելին, որոշ նախարարներ ու պատգամավորներ անգամ իրենց նեղ շրջապատում են դժգոհում, թե՝ «դե, մեր ձեռն ի՞նչ կա, մեզ չի թողնում ոչ մի բանի խառնվենք»։ Մեր տեղեկություններով, թիմի ներսում նրանց, ովքեր հրապարակային պաշտպանում են հեռացող Փաշինյանին և «կուրծք ծեծում» նրա համար, կես կատակ-կես լուրջ անվանում են «Նիկոլի մահապարտներ», իսկ տեղեկատվական դաշտը, որտեղ այդ «մահապարտները» «կռիվ են տալիս», անվանում են «առաջնագիծ»: Մի խոսքով՝ յուրօրինակ ներքին «պատերազմ» կամ՝ «կռիվ-կռիվ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք քիչ է ասել, թե հերթական վրդովմունքի ու զայրույթի ալիք բարձրացրին հանրության շրջանում: Պատահական չէ, որ երեկ ողջ օրը մարդիկ բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Փաշինյանը հանրության կարծիքի մասին նման «վարդագույն» պատկերացում ունենալու առումով: Բանն այն է, որ նույն հարցազրույցի մեջ նշված «ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն» ձևակերպումն արդեն ակտուալ չէ: Մասնավորաբար, տարբեր տեղեկություններով, անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը ներկայումս հազիվ տատանվում է 7-8 տոկոսի շրջանակում: Երևանի փողոցներում մեր թղթակցի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է հենց իշխանության կառուցած ֆեյքային «ինդուստրիայի» սոցցանցային ակտիվությամբ, իսկ նրա միակ նպատակը թեկուզ մեկ օր ավելի պաշտոնին կառչած մնալն է: Մարդիկ նաև նշում էին, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո արագ կտրվել էր իրականությունից, հիմա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին նշել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական միավորները, մտավորականները, ԵՊՀ գիտխորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիան, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ և այլն, և այլն, այսինքն՝ հանրության գրեթե ողջ սպեկտրը: Միևնույն ժամանակ շատ քաղաքացիներ մեզ հետ զրույցում ասում էին՝ թող դուրս գա փողոց, գնա գյուղեր, այն ժամանակ կտեսնի իր համար ողջ սարսափելի իրականությունը: Նաև հարց էին բարձրացնում, որ եթե հանրությունն իսկապես «ըմբռնումով է մոտենում» իրեն, ինչո՞ւ է հիմա իր ամեն տեղաշարժի ժամանակ ճանապարհներ փակել տալիս, ինչո՞ւ ռազմական դրությունը չի վերացնում, ինչո՞ւ է թաքնվում հանրությունից, ինչո՞ւ է մնացել «ֆեյքերի» ու, ըստ մամուլի տարբեր հրապարակումների, իր կեցավայրում ձևավորվող ինչ-որ կասկածելի խմբերի հույսին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հարուցված քրական գործերի շրջանակներում ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ գործողություններ են իրականացվել, եւ, առհասարակ, այդ քրեական գործերի քննությունը որ փուլում է։ Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային ահաբեկչության, Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու եւ այլ դեպքերով հարուցված քրեական գործերի մասին է:Բանն այն է, որ մինչ մեր դատախազությունը գործեր է հարուցել, դեռ քննություն է անում, Ադրբեջանի իրավապահները գործի են անցել։ Օրերս հայտնի դարձավ, որ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Սա նշանակում է, որ նա չի կարող երկրից դուրս գալ, անգամ ոտքի հետ կապված բուժման խնդիրներով։ Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը. հենց այս հարցերի պատասխաններն է փորձել ստանալ պատգամավորը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց. «Ես սպասում եմ պատասխանների։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բարբարոս բանակի որ սպան է միջազգային իրավական դաշտում խնդիրների առջեւ կանգնել։ Իսկ եթե չի կանգնել, ինչո՞ւ։ Կարեւոր է, որ մենք հիմա իրավական հարձակման ենթարկենք Ադրբեջանին: Որպես հիմնավորում, անշուշտ, պետք է ներկայացնենք պատերազմական հանցագործության տարբեր դրսեւորումներ»։ Պատգամավորը հավելեց, որ պետք է ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների համար արտերկիր գնալու խոչընդոտներ ստեղծենք ու դա անենք հիմա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և կանխատեսել էին մի շարք տնտեսագետներ ու ֆինանսիստներ, հետպատերազմյան շրջանում Հայաստանի առջև միանգամից ծառացան մի շարք խնդիրներ, որոնցից լրջագույնը ներկայումս աչքի զարնող տնտեսական պրոբլեմներն են, այդ թվում՝ դրամի կտրուկ արժեզրկումը։ Նշենք, որ դրամի արժեզրկման գործընթացի որոշակի ակտիվացում էր նկատվել նաև ամռան երկրորդ կեսին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3-4 օրվա ընթացքում, շոկային էր Հայաստանի գերզգայուն ու փխրուն տնտեսության համար։ Դոլարի գինը բարձրացավ 25-30 դրամով, ինչն, ըստ մասնագետների, ուղղակիորեն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ապրանքների 20-25 տոկոսով թանկացմանը։ Ներկայումս դոլարի փոխարժեքը կազմում է 520-522 դրամ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԿԲ-ն լծված է դոլարի կուրսի զսպմամբ։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցել է, որ իրականում դոլարի փոխարժեքը ներկայումս տատանվում է 575-580 դրամի սահմանում, իսկ ԿԲ-ի կողմից օրական ծախսվում է մոտ 100 հազար դոլար, որպեսզի կարողանան զսպել դոլարի «թռիչքը»։ «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս վիճակն ուղղակիորեն ազդելու է գների վրա: «Մենք ավելի շատ ներմուծվող ապրանք ենք սպառում, և նշված միտումները ուղղակի չեն կարող չազդել այդ ապրանքների գնաճի վրա: Դրա հետևանքով աղքատության մակարդակը բարձրանալու է»,-ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս կառավարությունից միակ ու առավելագույն սպասելիքը, որը կա, «հանցավոր անգործությունն է, եթե, իհարկե, չդիտարկենք ոչ նպատակաուղղված կամ անգրագիտության արդյունքում տարվող ավելի վատ տնտեսական քաղաքականությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է հույս, որ Մինսկի խմբի համանախագահության աշխատունակությունը լիարժեք կվերականգնվի շատ արագ: Այդ հանգամանքը Երևանի ու Ստեփանակերտի համար ստացել է առավել քան կարևոր նշանակություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դե ֆակտո ձևավորվել է արցախյան գոտու շուրջ ռուս-թուրքական աշխատանքային ձևաչափ: Երևանն անկարող է փոխել այդ ձևաչափը, պետք է նայել իրականությանը սթափ հայացքով: Բայց այդ ձևաչափին հակակշռելու համար էլ կարևոր է Մինսկի խմբի համանախագահությունը: Ավելին, այստեղ հակակշռելու իմաստով խոսքը անգամ հավասարակշռության մասին չէ, որովհետև իրավաքաղաքական ուժով Մինսկի խմբի մանդատը անկասկած բարձր է բազմակի: Ամբողջ հարցն այն է, որ Թուրքիային հաջողվեց այդ մանդատը դուրս դնել իրադարձությունների զարգացման հիմնական վեկտորից՝ պատերազմի միջոցով, նաև պարտադրելով Ռուսաստանին գալ թուրքական վեկտորի հետ պայմանավորվածության: Մոսկվան, իհարկե այդ առումով որոշակիորեն դիմադրելով, այդուհանդերձ գնաց դրան ոչ այդքան մեծ դժկամությամբ: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահությունում իրեն չի զգացել հարմարավետ՝ հատկապես Արևմուտքի հետ ղրիմյան իրողություններից սրված դիմակայությամբ: Սակայն խնդիրը այդ իմաստով իհարկե առավել խորքային է:
ՌԴ-ի համար այն կազմում է, այսպես ասած, կայսերական կամ պոստխորհրդային հավակնությունների շերտ, որոնք ՌԴ նախագահ Պուտինը սկսեց դրսևորել դեռևս 2007 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում: Դրանում հստակ ուրվագծվում էր, որ նավթի բարձր գնից ոգևորված և նավթագազային մահակ-ասեղի էֆեկտով լեցուն Կրեմլը որոշել է վերականգնել խորհրդային մեծությունը: Բնական է, որ այդ համատեքստում Ռուսաստանի համար առաջնային էր դիտարկվելու Կովկասում գերակայությունն ու մենիշխանությունը վերականգնելը: Իսկ Մինսկի խումբը այդ հարցում առաջնային արգելքներից մեկն էր, որը հաղթահարելու խնդիրը ՌԴ-ի համար դառնալու էր ռազմավարական: Այստեղ էլ հետաքրքիր դիրքում հայտնվեց Թուրքիան: Բանն այն է, որ ՌԴ-ն՝ իր այդ հավակնությամբ, և Արևմուտքն էլ՝ ՌԴ այդ հավակնությունը զսպելու մտորումով, էական գործիք էին դիտարկում Թուրքիան: Այդ դիտարկումները, ցավոք սրտի, գրեթե փայլուն հաշվի առավ Էրդողանը՝ թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ արտաքին միջավայրում իր դիրքերն ամրացնելու ռազմավարությամբ: Էրդողանը դարձավ ոչ թե Արևմուտքի կամ Ռուսաստանի ձեռքին գործիք, այլ խնդիր թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար: Խնդիր, որի հետ, սակայն, ստիպված են հաշվի նստել պարբերաբար՝ դրա դեմ պայքարի փոխարեն: Այդ իմաստով Էրդողանը Արցախի դեմ պատերազմով նոր իրավիճակ է ստեղծել Կովկասում, ըստ այդմ՝ Մինսկի խմբի համանախագահությունն այժմ այդ նոր իրավիճակի առաջ է, և աշխատունակության աշխուժացումը էապես պայմանավորված է այդ հանգամանքով: Չկան Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի նախկին մոտիվները, և այստեղ է գլխավոր հարցը:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Թվում էր, թե ռազմական հանցանքներ կատարած պետությունը պետք է մեղքի որոշակի զգացում ունենար եւ զգուշանար իր գործողությունների հնարավոր իրավական հետեւանքներից, բայց դրա փոխարեն Ադրբեջանը միջազգային իրավական հարթակներում սկսել է աբսուրդի հասնող եւ առկա իրականությունը աղճատող գործընթաց: Վերջինս ցանկանում է փոխհատուցում ստանալ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ արցախյան ուժերի ազատագրած տարածքներում իբր իր երկրին հասցված վնասների դիմաց: Իրականությանը քաջածանոթ փորձագետների եւ պետությունների համար փոխհատուցման երեւակայական այդ գումարների պահանջը կդասվի աբսուրդների շարքում, բայց Ադրբեջանի դեպքում նման պահանջի հետեւից գնալու հավանականության բացառումը սխալ է, եւ դրան հակազդելու համար պետք է համատեղվեն պետական համապատասխան ռեսուրսները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, ռազմական դրության ռեժիմը դժգոհություն է առաջացրել արտասահման մեկնել ցանկացող քաղաքացիների շրջանում: Կառավարությունը մտադիր է ինչ-որ մասնակի լուծման գնալ՝ հանելով ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը: Առանց այն էլ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ շատ երկրներ իրենք են արգելափակել օտարերկրացիների մուտքը իրենց երկրներ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով Ռուսաստան ուղևորվելու հնարավորությունից: Նրանք, ովքեր շտապ և անհետաձգելի գործեր ունեն Ռուսաստանում, մեկնում են Բելառուսի տարածքով՝ նախ Մինսկ, իսկ այնտեղից ավտոտրանսպորտով անօրինական հատում են բելառուսա-ռուսական սահմանը և նույն ճանապարհով հակառակ ուղղությամբ: Սա, բացի այն, որ անօրինական է, նաև հսկայական ծախս է Հայաստանի քաղաքացիների համար, որը երկու անգամ գերազանցում է ինքնաթիռի տոմսի արժեքը»: