23.11.2024
Պետք է հեռանան. Բոստանջյանը՝ փոխարժեքի, թոշակները չվճարելու, տնտեսական կոլապսի մասին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, ապա վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․ «Ուզում եմ հակիրճ ամփոփել, թե ինչ մեղադրանք­ներ են ինձ առաջադրում կամ ինչ թեմայով են ինձ հետ վիճում իմ ֆեյսբուբյան ընկերները:


1/ Ես օբյեկտիվ չեմ ներկայացնում իրականությու­նը:


Ներկայացնում եմ իրականության իմ ընկալումը, մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ունենք հազա­րավոր զոհեր, տասնյակ հազարավոր գաղթական­ներ, տնտեսական և հումանիտար կոլապս, և դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս վարչա­պետն է: Ո՞րն է այստեղ սուտ, սխալ կամ ոչ օբյեկ­տիվ պնդում:


2/ Ես ինչ-որ բան ունեմ անձնապես Նիկոլ Փաշինյանի դեմ:


Ճիշտ հակառակը՝ գտնում եմ, որ նա տաղանդավոր լրագրող է, նույնքան տաղանդավոր հռետոր, որոշա­կի հեղինակություն ձեռք բերած քաղաքական գործիչ: Համաձայն չեմ, որ նա դավաճան է, կտրականապես դեմ եմ նրա հասցեին անձնական վիրավորանքներին: [Ի դեպ, դեմ եմ նաև Աննա Հակոբյանի մասին ան­պարկեշտ խոսակցություններին՝ նա ինձ համար մաս­նավոր անձ է, նաև՝ գործընկեր: Պատասխանատվու­թյան պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք մասնավոր անձին «դոպուսկ» են տվել այնպի­սի տեղեր, որտեղ նա չպիտի լիներ]: Նիկոլ Փաշինյանը պարզապես շատ վատ, ահավոր վատ, աղե­տալի վատ կառավարիչ է, նա չունի պետությունը ղե­կավարելու համար անհրաժեշտ որակներ:


3/ Կանխատեսումներս չափից դուրս հոռետեսա­կան են:


Այստեղ, իհարկե, կարող եմ սխալվել՝ քաղաքա­գետները, հավանաբար, ավելի ճշգրիտ կանխատե­սումներ կանեն: Ես ուղղակի առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ, եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը:


4/ «Крепитесь, Запад нам поможет»:


Դա, իմ կարծիքով, պատրանք է: Ֆրանսիայի և Միացյալ նահանգների համար մեր խնդիրները 10-երորդական նշանակություն ունեն: Նրանք կարող են հանդես գալ «բարոյապես սատարող» հայտարարու­թյուններով [նաև Սենատի մակարդակով], ուղարկեն հումանիտար բրինձ-լոբի, բայց ոչ ավելին: Այս տա­րածաշրջանում շահեր ունի, անշուշտ, Ռուսաստանը: Բայց այս որակի, արտաքին քաղաքականության հարցերում այս աստիճանի «բոբիկ» ղեկավարության պարագայում շատ հնարավոր եմ համարում, որ ռուսները կրկին պայմանավորվեն թուրքերի հետ, և վերջիններս մեզ այստեղից, այսինքն՝ բուն Հայաստա­նի Հանրապետությունից քշեն: Այդ պարագայում կա­րելի է ակնկալել, որ Ֆրանսիան կամ Միացյալ Նա­հանգները մեզ նոր «նանսենյան անձնագրեր» կտան:


5/ «Բա որ Նիկոլը գնա, ո՞վ կգա»:


Հարցի հասցեատերը ես չեմ, կա խորհրդարան, կան կուսակցություններ: Կա, ի վերջո, Սահմանադ­րություն, որն այդ հարցերը կարգավորում է: Որևէ մի քաղաքական ուժի նկատմամբ առանձնակի համակ­րանք կամ հակակրանք չունեմ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, և վարչապետը խոսել է նաև այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու այդպես ստացվեց: Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյաևը մանրամասնել է, թե այդ տարածքները, որ­տեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և այնտեղ կարող են որոնողական աշ­խատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ Փաշինյանը նաև անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու համար: Հանդիպումը, սակայն, միայն Փաշինյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել, և նոյեմբերի 23-ին անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, լսել նրան, սակայն կրկին դժգոհ մնացել: Երեկ էլ ծնողների մեկ այլ խումբ է հանդիպել ՀՀ վարչապետին, և վերջինս արդեն հայտարա­րել է, թե որոնողական աշխատանքները մեկնարկել են»:


«Ժամանակ» թերթը գրում է. Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ լավ նախադրյալներ են ստեղծվում արցախյան հակամարտությունը երկու ժողովուրդների շահերը հաշվի առնելով լուծելու համար։ Թե ինչն է ՌԴ նախագահին տալիս այդպիսի հայտարարության կամ եզրակացության հիմք, դեռևս պարզ չէ: Խոսքը, իհարկե, նախադրյալների մասին չէ, այլ երկու ժողովուրդների շահերի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ադրբեջանական շահերը բավականին հստակ ու տեսանելի են, իսկ ահա հայկական շահը, կարծես թե, լոկ այն է, որ պատերազմը դադարել է ոչ թե ամբողջ Արցախի կորստով, այլ մի մասի պահպանմամբ: Եթե ՌԴ նախագահը նկատի ունի այդ շահը, ապա, իհարկե, երկուստեք շահերն առկա են: Սակայն խոսել այդ մասին որպես շահ, այն էլ լինելով այդ «շահակիր» ժողովրդի ռազմավարական դաշնակից, ըստ էության ցինիզմ է: Այլ հարց է, եթե Պուտինը գիտե էլի ինչ-որ բան, որ իր շահի մասին դեռ չգիտե հայ ժողովուրդը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ այդպես էլ կմնա հայ ժողովուրդը առանց իմանալո՞ւ, թե՞ ինչ-որ մի օր կիմանա այդ մասին: Իրավիճակը, իհարկե, չափազանց լուրջ, վտանգավոր և ողբերգական է՝ այդ ամենի մասին հեգնական խոսելու համար: Բանն այն է, որ այսօր իսկապես դրված է հայ ժողովրդի շահի խնդիր, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրում նկատելի է գործնականում բոլորի շահը, հայ ժողովրդից, հայկական շահից բացի: Կրկնենք, եթե մենք այդ շահ հասկացությանը մոտենում ենք պրագմատիկ, ոչ թե ցինիկ դիրքավորումով: 


Նոյեմբերի 9-ի համատեքստում շատ պարզ է, թե ինչ են շահել կամ ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, անգամ Իրանն ու Մինսկի խմբի համանախագահ երկրները, նույնիսկ Իսրայելը, Մեծ Բրիտանիան, բայց ոչ Հայաստանը: Հայաստանն անգամ հստակ սահմանային բաժանում դեռևս չի ստացել, Հայաստանը դեռևս չի ստացել հստակ հավաստիացումներ գերիների փոխանակման հարցում: Հայաստանը ստացել է միայն մարդասիրական օգնության խմբաքանակներ, ինչը էլ ավելի է թշվառ դարձնում ընդհանուր պատկերը: Մյուս կողմից, իսկ ինչպե՞ս պետք է ստանա Հայաստանն ավելին: Հայաստանն ավելին պետք է ստանա ավելին խոսելու պարագայում: Այսինքն՝ ավելին ստանալու համար առնվազն պետք է ուզել, պահանջել այդ ավելին, ինչը նշանակում է դնել հարցադրումներ, առաջ քաշել իրավունքի խնդիրներ: Դա առաջին հերթին նշանակում է կարգավիճակ և դրանից ածանցվող տարբեր հարցադրումներ: Առավել ևս որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան շատ հստակ, իսկ ԱՄՆ-ն բավականին թափանցիկ ակնարկով խոսել է դրա մասին, այդ խնդիրներին հետամուտ լինելու մասին: Այդ իմաստով, Հայաստանն առայժմ գործնականում լուռ է: Մյուս կողմից պարզ է, որ հարցերը գտնվում են ՌԴ խնամքի ներքո, իսկ այդ երկրի նախագահը, եթե ինչ-որ բան գիտե, գոնե առայժմ չի ասում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից: Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են իմքայլականների նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեարկությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, եւ դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներին այցելել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» եւ իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում»:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։ «Մեղրու մի կողմն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուս կողմից Նախիջեւանի հետ սահման ունենք՝ 70 կիլոմետր։ Դա մեր Մեղրու գունդն էր պահում, հիմա մի հատ էլ 70 կմ արդեն Արցախի կողմից է ավելացել»,- ասաց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Հիշեցնենք, որ հայ-իրանական սահմանը դեռ ռուս սահմանապահներն են պահում։ Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, որպես 9-րդ կետ, մտավ ճանապարհների կառուցումը, որով Նախիջեւանը պետք է կապվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ։ Մինչ ոմանք մեզ փորձում էին հանգստացնել, թե «հլը ո՜ւր եք, ճանապարհների կառուցումը տարիներ կտեւի», պարզվում է, այնքան էլ այդպես չէ․ թանաքը դեռ չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները եւ ուսումնասիրել տեղանքը։ «Ասել են, որ սա հեռանկարային հարց է, էս պահին ոչ մի կոնկրետ բան չկա, բայց խոսքը երկաթուղու մասին է։ Նայել են, գնացել»,- ասաց քաղաքապետը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որը նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքով այսօր պետք է հանձվի ադրբեջանական կողմին: Երեկ հայկական զորքերի շարասյունը դուրս է եկել Քարվաճառից, վերջին անգամ լուսանկարվել ու հրաժեշտ տվել: Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի տասի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչեւ նոյեմբերի 25-ը: Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրել են իրենց տները: Իսկ Քարվաճառի եւ Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները: Քարվաճառում զինադադարի օրերին թալան եւ անտառահատումներ էին տեղի ունենում: Առաջին անգամ հնարավոր եղավ տասը օրով հետաձգել Քարվաճառի հանձնումը հակառակորդին: Այն ժամանակ ադրբեջանական կողմը հայտնեց, թե պաշտոնական Երեւանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին 10 օրով մինչեւ նոյեմբերի 25-ը Քարվաճառի հանձնումը հետաձգելու համար, եւ ադրբեջանական կողմը ընդառաջել է: Այս պահին, սակայն, մենք տեղեկացանք, որ նման դիմում հայկական կողմից դեռեւս առկա չէ, ինչը ենթադրում է, որ այսօր Քարվաճառն ամեն դեպքում կհանձնվի ադրբեջանական կողմին: Երեկ թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ արցախյան կողմը խուսափում էին խոսել Քարվաճառի շուրջ հնարավոր զարգացումներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ եւ հեռախոսային կապը։ Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ, միայն վատ ինտերնետային կապով են շփվում։ Պատկան մարմիններն անցած օրերին խոստացան շտկել խնդիրը, այդուհանդերձ, Արցախում համոզված են, որ խնդիրը ոչ միայն ենթակառուցվածքներն են, որոնք վնասվել են պատերազմի օրերին, այլեւ միտումնավոր ինֆորմացիոն բլոկադայի են ենթարկում Արցախի ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին չկարողանան հետեւել։ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում տարակուսանք է հայտնել՝ այդ ինչպե՞ս էր պատերազմի ամենաթեժ օրերին կապն անխափան աշխատում, իսկ հիմա՝ ոչ․ «Կամ՝ ինչպե՞ս է կառավարության շենքում կապը նորմալ, իսկ դրանից դուրս խափանումներով է աշխատում։ Ենթադրվում է, որ միտումնավոր է այս ինֆորմացիոն բլոկադան, որ արցախցին չիմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Արցախում շատերն ունեն նման կարծիք, որ արհեստական խնդիր կարծես լինի։ Դրա համար էլ մարդիկ մտածում են, որ ինչ-որ բան այն չէ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական հիմնարկներում, ինչպես հայտնի է, պատերազմով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ այլեւս պարգեւավճարներ չեն ստանալու, դրանք ուղղվելու են բանակին, հիմնադրամներին։ Ավելին, աշխատակիցներին հանձնարարվել էր սոցիալական փաթեթների գումարները փոխանցել հիմնադրամին։ 2 ամիս փաստացի չեն ստացել, սակայն այս ամիս աշխատողները դժգոհել են, որ այլեւս չեն կարող միայն աշխատավարձով աշխատել, ուստի դժգոհությունը մեղմելու համար պարգեւավճարներ են տվել։ Տեղեկություն կա, որ պարգեւավճարները բաժանում են հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներից, որոնք պետք է ուղղվեին Արցախի եւ բանակի կարիքներին։ Մասնավորապես, տեղեկացանք, որ ՊԵԿ-ում հոկտեմբեր ամսվա համար արդեն ստացել են պարգեւավճար, հիմնականում՝ ցածր եւ միջին օղակի աշխատակիցները, թեեւ հայտարարել էին, թե այլեւս չեն ստանալու եւ փոխանցել են հիմնադրամին։ ՊԵԿ-ի աշխատակիցներից մեզ հայտնեցին, որ իրենց հանձնարարվել է ՀԴՄ չխփելու համար տուգանել տնտեսվարողներին՝ խոստացել են այդ դեպքում պարգեւավճար տալ, բայց տեսուչները հիմնականում հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ գուցե զոհվածի հարազատների կազմակերպություն լինի, եւ իրենք վատ վիճակում հայտնվեն։ Ամեն դեպքում, աշխատակիցների դժգոհությունը մեղմելու համար որոշվել է պարգեւավճարները տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց։ ՊԵԿ-ից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները․ «ՀՀ պետական բյուջեով ՀՀ ՊԵԿ-ի համար նախատեսված միջոցներից կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար ստացել են կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն՝ բացառությամբ ղեկավար անձնակազմի»։ «Համարժեք վարձատրությունը», իշխանությունների պատկերացմամբ, նաեւ պարգեւավճար է ենթադրում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Կենտրոնական բանկի հավաստիացումներին, որ դրամի արժեզրկումը ռիսկեր չի պարունակում, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը շարունակվում է: Մեկ կիլոգրամ ալյուրն, օրինակ, թանկացել է 20-30 դրամով կամ մոտ 10 տոկոսով: Գազալցակայանների սեփականատերերը, որոնք գազը «Գազպրոմ Արմենիայից» գնում են դոլարով և վաճառում դրամով, ասում են, որ եթե ֆինանսական շուկան չկայունանա, ապա հնարավոր է՝ դեկտեմբերի 1-ից իրենք ևս թանկացնեն գազի գինը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է էապես մեծացնել քրեակատարողական հիմնարկներում վերահսկողությունը՝ ապահովելով կալանավորների իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես կառավարությունը նախատեսում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվելու է կալանավորների զննություն, որպեսզի պարզվի՝ արդյոք նրանք ենթարկվե՞լ են խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի: Նման դեպքերի առկայության դեպքում դրանք կարձանագրվեն և կփաստաթղթավորվեն»: