23.11.2024
Մամուլ. Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու
prev Նախորդ նորություն

Պետք է հեռանան. Բոստանջյանը՝ փոխարժեքի, թոշակները չվճարելու, տնտեսական կոլապսի մասին

Դրամի այսքան արագ արժեզրկումը խոսում է այն մասին, որ երկրի տնտեսությունը գտնվում է բավականին ծանր վիճակում՝ պայմանավորված այս տարվա բարդագույն տենդենցներով՝ համավարակով ու Արցախյան պատերազմում կրած պարտությունով: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:


-Իհարկե, մինչ այս էլ տնտեսությունը գտնվում էր ոչ ցանկալի վիճակում, եթե չասենք վատ վիճակում: Եվ այս երկուսով պայմանավորված ռիսկերն ավելի մեծացան, ինչն էլ ավտոմատ պետք է բերեր փոխարժեքի նման տատանման: Բայց միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը իր գործիքակազմով, իր ունեցած հնարավորություններով տասնամյակներ շարունակ աշխատել է Հայաստանի Հանրապետությունում ապահովել ֆինանսական կայունություն: Մեծագույն դժվարությամբ, բայց դա, այդուհանդերձ, հաջողվել է ԿԲ-ին, ինչը նշանակում է ֆինանսական հաստատությունները, ենթակառուցվածքները զերծ պահել ցնցումներին և  անվասակաշռություններից: Իսկ եթե դրանք կան, ապա այդ ցնցումների մեջ ներարկել հնարավորություններ, որպեսզի երկիրը դիմակայի այդ ցնցումներին: 


Այդ իմաստով այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակի մեջ, երբ այդ կայունության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր է փոխարժեքի կուրսի պահպանումը, որը երկար տարիներ հաջողվել է: Մենք արդեն հատել են 520 դրամի շեմը 1 դոլարի դիմաց, ինչը, բնական է, ցանկալի իրավիճակ չէ ՀՀ համար, բայց դեռևս չկան այնպիսի ռիսկեր, ինչի մասին ասում է նաև Կենտրոնական բանկը, որոնք կարող են ավելի կոլապսային իրավիճակի բերել:


- Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ֆինանսական կայունության համար ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ: Սպասենք կայունացմա՞ն:


- Ես վստահում եմ ԿԲ-ին, քանի որ վերջին տարիներին այդ կայունությունն ապահովելը Հայաստանի ֆինանսական շուկայում իրենց հաջողվել է: Մինչ օրս պահպանել իրենց հաջողվել է, չնայած, կրկնում եմ, մենք հանգրվանել ենք մի վիճակում, որտեղ ԿԲ-ին իսկապես մեծ ճիգեր ու հնարավորություններ են պահանջվում: Բայց դեռ ռիսկերն այն աստիճանի չեն, երբ փոխարժեքի կուրսի տատանումները կարող են բերել ավելի դժվար վիճակի:


- Այդուհանդերձ, կան որոշակի խուճապային տրամադրություններ, կարո՞ղ են մարդիկ հանգիստ լինել իրենց խնայողությունների համար:


- Նման խնդիր չկա, խնայողությունները հանելու անհրաժեշտություն հաստատ չկա:


- Դրամի արժեզրկումը մի շարք բացասական հետևանքներ ունի տնտեսության համար, որոնցից մեկը գնաճն է: Կզսպե՞ն գնաճը, թե գոտիներս էլ ավելի ձգենք:


- Գնաճը զսպելու խնդիրը ոչ միայն Կենտրոնական բանկից է կախված, այլ կախված է նաև ընդհանուր տնտեսական իրավիճակից: Մենք պետք է կարողանանք գտնել զարգացման նոր մոտեցումներ ու ձևեր, ինչը, սակայն, այս պահին ես անհնար եմ համարում այս իշխանությունների պարագայում: 


- Պարոն Բոստանջյան, օրերս հայտնի դարձավ, որ պետությունը մի շարք գործառույթներ իրականացնելու, այդ թվում և կենսաթոշակներ ու նպաստներ վճարելու համար գումար է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Նախկինում երբևէ նման բան եղե՞լ է...


- Ոչ, և սա ուղղակի խայտառակություն է: Երբեք նման բան չի եղել, որ բարեգործական նպատակներով հավաքագրված գումարները, ինչպես այս դեպքում՝ Արցախի պատերազմի անվան տակ հավաքագրված գումարները ուղղվեն պետությանը այս կամ այն ծախսերի իրականացման համար: Սա ամոթ է, այս իշխանությունները ուղղակի պետք է հեռանան, քանզի իրենց ապաշնորհ կառավարումը վտանգում է մեր պետությունը: Էլ չեմ խոսում ահռե;ի արտաքին պարտքի մասին...


- Արդյոք նման իրավիճակը նշանակում է, որ վաղն էլ կարող ենք կանգնել նման խնդրի առաջ, որ պետությունը չկարողանա վճարել կենսաթոշակները և կատարել իր պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ:


- Այո, հենց դա էլ նշանակում է: Հետևապես օր առաջ այս իշխանությունը պետք է հեռանա, այլապես կոլապսը անխուսափելի է: Իշխանութունները 2,5 տարվա ընթացքում ցույց տվեցին, որ ընդհանրապես կառավարման համակարգի հետ կապ չունեն՝ նրանք պատահական մարդիկ են, ինչպես ՌԴ նախագահն է ասել անգամ՝  փողոցից եկած մարդիկ են: Նրանք ո՛չ փորձառություն ունեն, ո՛չ հմտություն և ահա պարգևավճարներ ստացող այդ սուբյեկտները անամոթաբար ուզում են շարունակել պահպանել ուրիշի հաշվին ճոխ ապրելու իրենց հոգեբանությունը: Այսօր հասունացել է մեկ պահանջ՝ նրանց շուտափույթ հեռացում և երկրի առողջացում: Հեռացե՛ք:


Լիա Խոջոյան