Մինչև ռազմագերիների փոխանակում չլինի, Բերձորից (Լաչին) զորքն ու բնակչությունը չպետք է տեղահանել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մինչև ռազմագերիների փոխանակում չլինի, Բերձորից (Լաչին) զորքն ու բնակչությունը չպետք է տեղահանել: Լսու՞մ եք պարտված իշխանություններ: Այդ ինչպե՞ս եղավ, որ Բերձորը հանձնելու ժամանակացույցին հետևողական եք, իսկ ռազմագերիների վերադարձին` ոչ», - ասված է Մարուքյանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ահազանգում են, որ Բերձորի բնակիչներին երեք օր ժամանակ է տրվել, որպեսզի լքեն քաղաքը, որը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել: «Այն վարկածը, որ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել… դեռևս քննարկման փուլում է», - ասված է հայտարարության մեջ։
«Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի», - նշում են Քաշաթաղի շրջանի վարչակազմից։
Այնուամենայնիվ Բերձորի ճակատագիրը մնում է անորոշ, պատասխանատու պետական մարմինները լռում են, փաստում է Արցախի նակխկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հստակ պատասխաններ պահանջելով Արցախի ու Հայաստանի իշխանություններից:
«Փաստորեն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություն ստորագրողը, ով Արցախի տարածքի ահռելի մասը հանձնեց Ադրբեջանին, նույնիսկ դա չի քննարկել՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Իսկ մարդիկ դեռ չգիտեն՝ ի՞նչ անեն, ունեցվածքը տեղափոխե՞ն, թե՞ ոչ։ Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն», - հայտնում է Աբրահամյանը։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով նոյեմբերի 9-ի գիշերն ընդունված Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ հայտարարությունը, նշել էր, որ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ «Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր-Ստեփանակերտ ուղիղ կապ լինի», - հայտնել էր Բաբայանը:
Համաձայն նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում: