Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով առաջիկա 1-2 օրվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ՝ ԲՀԿ այն պատգամավորներին, ովքեր երեկվա հանրահավաքին մասնակցել ու ելույթ են ունեցել անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:
Այս պահին, ըստ տեղեկատվության, գլխավոր դատախազությունը պատրաստում է նյութեր և հիմնավորումներ, որպեսզի կարողանա հնարավորինս իրավական հիմք ունեցող ձևակերպմամբ մտնել՝ զգուշանալով միջազգային հանրության գնահատականից. որևէ լուրջ իրավական հիմք գտնել պատգամավորների ելույթներում իրենց հայտնած կարծիքի համար, որպեսզի իրենց զրկել անձեռնմխելիությունից, շատ դժվար է:
VERELQ-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ևս ունեն նման տեղեկատվություն:
"Փորձ է արվում լռեցնել նրանց, ովքեր ասում են, որ Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը պիտի հեռանա, բայց որևէ մեկիս ձերբակալություններով չեն վախեցնելու: Չկա մեր շարքերում որևէ մեկը, որ պիտի վախենանք անձեռնմխելիությունից զրկվելուց կամ կալանավորվելուց՝ մենք Արցախ ենք կորցրել, մեր կալանավորումը ի՞նչ է զոհված տղաների արյան դիմաց կամ իր հայրենիքը, իր եկեղեցին կորցրած արցախցու դիմաց ",- ասաց նա:
Զոհրաբյանի խոսքով, պատմությունը բոլորի գնահատականը տալու է և նաև այն իրավապահներին, դատավորիներին ու դատախազներին, ովքեր անգամ այսօր,երբ ստորագրվել է դավաճանական փաստաթուղթ, շարունակում են կատարել քաղաքական պատվեր.
"Հիմա նորից դիմում եմ գլխավոր դատախազին. ես գիտեմ, որ ձեզ ստիպելու են, ձեզ նորից պարտադրելու են մտնել ԱԺ և փորձել անձեռնմխելիությունից զրկելու իրավունք ստանալ: Ես մեկ րոպե չեմ կասկածում, որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները գերագույն հաճույքով դա անելու են, որ իրենք կանգնելու են և պաշտպանելու են Արցախը թուրքի առաջ ծնկի բերելը: Դիմում եմ ձեզ, պարոն դատախազ, մտածեք. մենք չենք վախենում կալանավորվելուց. զոհվել են պայծառ ու լուսավոր տղաներ, հանձնվել է հայրենիք, մեր կալանավորվելը ի՞նչ է դրա դիմաց: Բայց մտածեք, որ պատմության առաջ, ժողովրդի առաջ դուք պատասխան եք տալու",- շեշտեց նա:
Հիշեցնենք, նախօրեին երեկոյան ընդդիմության մի շարք առաջնորդներ՝ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Էդուարդ Շարմազանովը և ուրիշներ ձերբակալվեցին 72 ժամով: Չնայածխ այդ հանգամանքին, այսօր հանրահավաք-երթ է հրավիրվել Մատենադարանի մոտ. կազմակերպիչները հայտարարեցին, որ օրվա իշխանության հրաժարականի պահանջը օրակարգում է և ակտուալ, քան երբևէ, այդ իսկ պատճառով քաղաքական ռեպրեսիաներից չեն վախենում: