VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ողջ երկիրն այս օրերին Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին է փնտրում։ Անշուշտ, նրանց չի կարելի հանձնել գազազած ամբոխի ձեռքը, բայց մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն իր իսկ խոսքերով՝ «լիարժեք շարունակում է կատարել վարչապետի իր աշխատանքը», որտեղ է գտնվում։ Դատելով «լայվերից»՝ դա բավականին ցածր առաստաղով սենյակ է, որտեղ իրեր չեն երեւում, պատուհան չկա։ Հասկանալի է, որ հեռախոսն այնպես է դրվում, որ ինտերիերը չերեւա, եւ մարդիկ չկարողանան իմանալ նրա տեղը։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է պաշտպանության նախարարության շենքում, այսպես կոչված՝ բունկերում, որտեղ ավելի պաշտպանված է զգում իրեն։ Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա լուրեր են պտտվում, թե Փաշինյանի երկու դուստրերը՝ Մարիամն ու Շուշանը, մոտ մեկ շաբաթ առաջ հեռացել են Հայաստանից, ըստ այդ լուրերի՝ մեկնել են Կանադա։ Թե որտեղ է զորավարժություններ անցկացնում տիկինը՝ Աննա Հակոբյանը, համենայնդեպս, նախօրեին հրապարակված լուսանկարներում նա զինվորական համազգեստով էր եւ զինվորական քնապարկի մեջ, նույնպես գաղտնի է պահվում։ Մինչեւ այս փաստաթղթի հրապարակվելը նա Գորիսում էր, սակայն հրապարակումից հետո, ասում են, լքել է Գորիսը։ Ենթադրաբար, նրա հետ են որդին եւ կրտսեր դուստրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ «լայվը» «լայվի» ետեւից էր մտնում ու մեղավորների փնտրտուքով էր զբաղված՝ սկզբում նախկիններն էին, հետո՝ կամավորները, զինվորականները, որոնք չցանկացան կռվել, ընդդիմությունը։ Ապա հայտարարեց, որ տխրահռչակ փաստաթղթի տակ ինքը որոշել է ստորագրել՝ հենվելով բանակի տված ինֆորմացիայի վրա։ «Բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը»։ Այս հայտարարությունը շոկ է առաջացրել ՀՀ զինված ուժերում, քանզի միշտ են զեկուցել, որ զենքը կա, զինվորը կա, մնում է հրամաններ տալ՝ հարձակվելու։ Մեղքը բանակի վրա գցելու վերաբերյալ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը տարակուսանք հայտնեց՝ ինչո՞ւ Փաշինյանը որոշում չէր կայացնում 40 օր առաջ, երբ կարգավորման առաջին առաջարկներն էր ստացել։ «Ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, բանակի, մյուս կառույցների զեկույցները չէի՞ն հետաքրքրում, թե՞ վեջիդ չէր։ Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք՝ իսկ 40 օր առաջ ի՞նչ տարբերակ է առաջարկվել։ «Այդ առաջարկները հնչել են հրապարակային, նախ ՌԴ արտգործնախարարի, ապա ՌԴ նախագահի կողմից։ Դրանք ակնհայտորեն այն տարբերակը չէին, որոնք վերջնական տարբերակում դրվել են Հայաստանի վարչապետի սեղանին եւ ստորագրվել։ Դրանցում չկային Շուշին, միջանցքը, Մեղրիի հետ կապված դետալներ եւ այլն»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն մի քանի կետ էր ենթադրում, այդ թվում՝ կարճ ժամկետներում տարածքների վերադարձ: Սակայն հետաքրքիր է, որ գիշերը հրապարակված նախնական տեքստից հետո արդեն երեկ ցերեկը հրապարակվեց եւս մեկ տեքստ, եւ նկատենք, որ նախորդ տեքստի համեմատ՝ մի փոքր տարբերություններ են առկա: Եվ նոր տեքստը հրապարակված է եղել Կրեմլի կայքում: Օրինակ՝ ի սկզբանե 2-րդ կետն ունեցել է հետեւյալ տեսքը. «Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին նոյեմբերի 20-ին»։ Իսկ երեկ Կրեմլի տարածած հաղորդագրության երկրորդ կետում ասվում է. «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ նոյեմբերի 20-ը»: Առաջին տեքստի վեցերորդ կետում անդրադարձ էր կատարվում Լաչինի հատվածին՝ ասելով. «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը` թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ»։ Իսկ նոր տեքստում ասվում է, որ այդ միջանցքը կշրջանցի Շուշին եւ կլինի ռուս խաղաղապահների հսկողության ներքո»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սարսափելի ցավ է պատել համայն հայությանը եւ հատկապես՝ արցախցիներին։ 60-ն անց տղամարդիկ ու կանայք երեկ մանկան պես հեկեկում էին, բառերը խեղդվում էին նրանց կոկորդներում, հայրենիքի կորստի ցավը թույլ չէր տալիս իրենց ցասումն արտահայտել։ Մեծ զոհողություններ, զրկանքներ կրած, բայց հերոսական այդ մարդիկ, որոնք ողջ կյանքում մաքառել են, բազում կորուստներ են տեսել, ահավոր փշրված էին երեկ՝ այլայլված։ Երկինքը կարծես փուլ էր եկել նրանց գլխին, կորցնում են հայրենի հողը, տունը, հասկանում են, որ գրեթե անհնար է լինելու թշնամու հետ դուռ-դռան ապրելը։ «Մեզնից խլեցին մեր հայրենիքը։ Արցախը հանձնեցին, էլ ի՞նչ ասենք»․ այս խոսքերն արտաբերելուց հետո Արցախի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը բարձրաձայն հեկեկում էր, Արայիկ Հարությունյանի կուսակից Արզիկ Մխիթարյանը մի կերպ լսելի ձայնով մեզ փոխանցեց, որ առողջական խնդիրներ ունի՝ ի վիճակի չէ խոսել։ Արցախում սուգ է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է .Երբ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մայրաքաղաք Երեւանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Նման մի հարձակում եղավ նաեւ կառավարական առանձնատների հարակից տարածքում, եւ ականատեսների խոսքով՝ հենց այդ հատվածում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից: Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ, որոշներն էլ պատգամավորների սենյակներն էին հերթով տակնուվրա անում՝ բաժակներ կոտրելով, հագուստ պատռելով, փաստաթղթեր ցաքուցրիվ անելով, դարակները քրքրելով։ Այսպիսով, երեկ Արցախի հարցում որոշման հետ զուգահեռ պարալիզացվեց կառավարության եւ Ազգային ժողովի աշխատանքը: Երեկ ամբողջ օրը թե՛ կառավարության, թե՛ Ազգային ժողովի աշխատակիցները, պատգամավորները եւ կառավարության անդամներն այդպես էլ չայցելեցին աշխատանքի վայր, քանի որ այդ պահի համար նման քայլը կարող էր վտանգավոր լինել՝ հաշվի առնելով ցուցարարների տրամադրությունները: Սակայն երեկվա իրադարձություններից ակնհայտ է, որ նման դեպքերը կարող են դեռ շարունակվել, իսկ դա էլ նշանակում է, որ օրենսդիրի եւ գործադիրի աշխատանքը կասկածի տակ է դրվում: Բացի այդ, առհասարակ այժմ, կարծես թե, դժվարություններ են առկա առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչների համար, որոնց հանդեպ այժմ անհանդուրժողականության մթնոլորտ է, եւ ամենեւին էլ միայն Արարատ Միրզոյանը չէ թիրախում եղել, նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ պատգամավոր»: