22.11.2024
Մամուլ. Վարձկանները ադրբեջանական անձնագրերով անարգել ներթափանցում են Ռուսաստան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները "խոսեն". քաղաքագետները ՌԴ դերակատարման մասին

Իրավիճակը Արցախում շարունակում է մնալ գերլարված, թեժ մարտերը շարունակվում են՝ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի իրարամերժ հայտարարությունների ֆոնին: Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում, մինչդեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առավոտյան հայտարարեց, որ այսօր այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել ՊԲ մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր "ավելի քան մեկ օր է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին":

Հայաստանյան քաղաքագիտական շրջանակներն էլ շարունակում են պնդել՝ ղարաբաղյան պատերազմում բեկում մտցնել հնարավոր է Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ միայն, քանզի ակնհայտ է, որ Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության գոտի է դառնում։


"Կովկասում աշխարքաղաքական վիճակ է փոխվում։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության գոտի է դառնում։ Մտքում պահում ենք Իրանը, որն իր խոսքը դեռ չի ասել, բայց անպայման ասելու է",- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով, Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները "խոսեն"։ Այսինքն, պետք է լինի մարդ, ում խոսքը գին ունի, խոստումը կատարում է, միտքը հուզական չէ, ազդեցությունների տակ չի ընկնում, ում հետ մյուս կողմերը պատրաստ են հարց քննարկել եւ ամենակարեւորը՝ կարողանում է իր վրա պատասխանատվություն վերցնել ու արագ որոշումներ կայացնել։ Ընդ որում, նշում է Դանիելյանը, նույն խնդիրն ավելի սուր է դրված Արցախում, շատ սուր։

"Ընդունենք այդ տեսակետը, թե չընդունենք, ոչ մի նշանակություն չունի, ուղղակի շարունակելու ենք սարսափելի գին վճարել, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, մինչեւ դա հասկանանք",- նշել է նա։


Ի դեպ, Դանիելյանն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգի որոշ նրբերանգների` նշելով, որ, ցավոք, իրավիճակը սթափ չենք գնահատում.


"Ոչ մի անձ կամ քաղաքական ուժ, որն իր առջեւ միայն իշխանություն վերցնելու խնդիր ունի, չի համաձայնվի այս իրավիճակում դա անել։ Քաղաքական ցինիզմից ելնելով, կսպասի ելքին ու պատասխանատվությունը դնելով իշխող "քաղաքական" ղեկավարության վրա, նրան ջախջախելով կգա իշխանության։ Սա ասում եմ, որ մի կողմ դրվի այն տեսակետը, որ հանուն իշխանության, շահարկելով մեր դժբախտությունները, կան մարդիկ, որոնք հիմա իշխանության են ձգտում։ Այսօր ստանձնել քաղաքական ղեկավարությունը նշանակում է ահռելի պատասխանատվության տակ մտնել, չկանխատեսվող հետեւանքներով",- հավելել է Ստեփան Դանիելյանը։ 


Քաղաքագետ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն էլ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության նպատակը 1994 թ. -ից ի վեր, ուժերի հավասարակշռության պահպանումն էր և հակամարտության սառեցումը: Սակայն Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց և նոր պատերազմ հրահրեց:


"Այս արկածախնդրությանը Թուրքիայի բարձրաձայն և անվերապահ աջակցությունը, Մոսկվային շատ քիչ տարբերակներ են թողնում: Ռուսաստանը կարող է և, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Հայաստանը պատշաճ կերպով Ադրբեջանի հարձակումից: Բայց նրա համար չափազանց դժվար կլինի որոշում կայացնել սեփական զորքերի տեղակայման մասին` ադրբեջանական (և, հնարավոր է, թուրքական) ուժերին դիմակայելու համար: Գործողության այս ուղին ընտրելով ՝ Կրեմլը կարող է փչացնել շահավետ հարաբերությունները Բաքվի հետ և օտարվել Կենտրոնական Ասիայի երկրներից",- նշում է նա:


Ըստ քաղաքագետի, զսպիչ նշանակություն ունեն Թուրքիայի հետ ձեռնարկված նախորդ համագործակցային ծրագրերը, որն, իր կարծիքով, անհեռատես քաղաքականություն էր, քանզի Անկարայի ներկա վարչակարգին պետք չեր վստահել: