Ի՞նչ երկիշխանություն. «Միասնական հայրենիքի» ընտրազանգվածը հիասթափված է. քաղաքագետ
Ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական դաշտում, արդյոք առկա են խմորումներ նախագահի շուրջ և երկրում երկիշխանության հաստատմանն ուղղված գործուն քայլեր են արվում: Այս հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ:
-Պարոն Աթանեսյան, վերջին շրջանում մամուլում անընդհատ շրջանառվում է, որ Սամվել Բաբայանը ձգտում է մեծացնել իր լիազորությունների շրջանակը, իր ազդեցությունն ավելի ամրապնդել Արցախում: Որքանո՞վ են իրատեսական այս լուրերը:
- Չէի ցանկանա վերագրումներ անել, բայց մեր մամուլին բնորոշ է դավադրապաշտությունը, իսկ որոշ լրատվամիջոցներ պարզապես թեմա են հերյուրում: Սահմանադրությամբ Արցախի Անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդակցական մարմին է, իսկ նախագահը՝ սահմանադրության երաշխավոր: Դրանով ամեն ինչ ասված է:
Այլ բան է, որ «Միասնական հայրենիքը» խորհրդարանում երկրորդ խմբակցությունն է և քաղաքական հավակնություններ ունի, բայց Անվտանգության խորհուրդն այն մարմինը չէ, որ պիտի դրանք սպասարկի: Մանավանդ, որ, իմ տպավորությամբ, այն ընտրազանգվածը, որ խորհրդարանական ընտրություններում քվեարկել է «Միասնական հայրենիքի» օգտին, այսօր արդեն հիմնականում հիասթափված է: Այդ կուսակցության պատասխանատուներին բարեկամաբար խորհուրդ կտայի իջնել պաշտոնական դիրքի բարձունքներից, հարաբերվել հանրության հետ և լսել, թե մարդիկ իրենց մասին ինչ և ինչպես են խոսում:
-Նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին իր ասուլիսում հայտարարեց, որ թույլ չի տա երկիշխանության ձևավորում Արցախում: Այս լուրերի ֆոնին կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ հայտարարությունն ուղղված էր հենց Բաբայանին:
-Նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական, պետական բազմափորձ գործիչ է: Սկսած 2005թ. խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության տպավորիչ հաջողությունից, նա Արցախում քաղաքական եղանակ ստեղծած դեմք է, նախագահական ընտրություններում տարել է անառարկելի հաղթանակ: Եվ, ինչպես ինքն ասաց, լրիվ ծավալով իրականացնում է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Ի՞նչ երկիշխանության մասին է խոսքը: Եթե հանուն ներքաղաքական համերաշխության «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության հետ և վերջինս ինքնադրսևորվելու հնարավորություն է ստացել, ապա չի հետևում, թե իշխանությունը կիսվել է երկու համազոր բևեռների միջև: Գուցե ոմանք նման տպավորություն ունեն, բայց դա իրականությունից չափազանց հեռու է: Ի վերջո, ժողովուրդն իր քվեն տվել է Արայիկ Հարությունյանին:
- Բայց տեսանելի ապագայում սպասելի են Արցախում կադրային վերադասավորումներ:
- Նախագահը կադրային մի քանի կտրուկ որոշումներ արդեն իսկ կայացրել է: Իսկ իրողությունները քաղաքական մոտեցումներ սրբագրելու անհրաժեշտություն միշտ էլ կարող են թելադրել:
-Արդյոք ճիշտ են լուրերը, թե խզվել է կապը երկրի իշխանության ու գեներալիտետի միջև, կա լուռ դժգոհություն և եթե այո, ապա ի՞նչ հետևանքների դա կարող է բերել:
- Գիտեք, զինվորականությունն առանց այդ էլ ծանրաբեռնված է, եկեք նրան լրացուցիչ դերակատարություն չվերագրենք: Մանավանդ, որ ինքս այդ համակարգից հեռու եմ և որևէ դիտարկում ինձ թույլ չեմ տա:
Լիա Խոջոյան