VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն լինելու հիմքով։ Դեռ այդ ժամանակ իրավապահները՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանի ղեկավարությամբ, որոշել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մակագրել Մանվել Շահվերդյանին, որը համակարգում հայտնի է նրանով, որ 11 տարի աշխատել է որպես թավշյա իշխանությունների սիրելի դատավոր Արտուշ Գաբրիելյանի օգնական։ Սակայն կալանքի միջնորդության մուտք արվելու օրը՝ սեպտեմբերի 3-ին, Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մոռացել է, որ նշված միջնորդությունը պետք է մակագրեր Մանվել Շահվերդյանին և այն մակագրել է նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դրանից անմիջապես հետո Մկրտչյանը զանգել է Մելիքսեթյանին և խնդրել վերադարձնել գործը, ինչին հաջորդել է Մելիքսեթյանի գրավոր դիմումը՝ ուղղված Մկրտչյանին` Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրելու խնդրանքով։ «Մեր տեղեկություններով` Մինասյանին կալանավորելու համաձայնությունը դատավոր Մանվել Շահվերդյանի հետ ձեռք է բերել անձամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը նախկին իշխանությունների օրոք ԱԱԾ քննչական վարչության պետն էր, մտերիմ հարաբերություններ ուներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից էր»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ իր կողմից խոստացված հանրահավաքին մասնակցելու է 100 հազար մարդ, և այդ հանրահավաքի կազմակերպման վրա ինքը ծախսելու է 5 մլն դոլար, ստացվում է մեկ մարդու հաշվարկով 50 ԱՄՆ դոլար: Միայն թե հայտնի չէ ո՛չ հանրահավաքի անցկացման ժամկետը, ո՛չ առավել ևս օրակարգը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ, կարելի է ասել, սենսացիոն հարցադրում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, նա մասնավորաբար գրել է. «Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարի ն ՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները»: Սա փաստորեն նշանակում է, որ հանրապետականներն ուղիղ տեքստով սկսել են խոսել այն մասին, որ 2018 թվականի ընտրություններում իրենցից 50-60 հազար ձայն իշխանությունները «տարել» են: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում ստացել էր մոտ 60 հազար ձայն, ինչը նշանակում է, որ հանրապետականներն ակնարկում են, թե իրենց պարզապես թույլ չեն տվել մտնել խորհրդարան, այնինչ պետք է լինեին խորհրդարանական երրորդ ուժը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Աշոտյանի այս հայտարարությունը պատահական չէ, և ՀՀԿ-ն այս ընթացքում նոր փաստեր է հավաքել: Մեր աղբյուրների փոխացմամբ, հանրապետականներն այս թեման լուրջ քննարկման առարկա են դարձնելու, ինչը կարող է ստվեր նետել թե՛ 2018 թվականի ընտրությունների, թե՛ ներկայիս խորհրդարանի լեգիտիմության վրա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգում տարակուսած են, թե ինչպես կարող է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանը զբաղվել նախկին պաշտոնյաների հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ պաշտոնի նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել: Եվ հիմա ուժային կառույցներում անհանգիստ են՝ արդյոք Գալյանը կարող է անկաշկանդ գործել, եւ իր ընտանիքի ունեցած նախկին կապերը չեն խանգարի պայքարել կոռուպցիոներ պաշտոնյաների դեմ: Հիշեցնենք նաեւ, որ Սրբուհի Գալյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ նոր հաստիքի նշանակվեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջամտությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Սրբուհի Գալյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե օրենքի հիման վրա ցանկացած անձի վերաբերյալ ես ազդակ ստանամ, օրենքի հիման վրա պատրաստ եմ վարույթ սկսելու վերաբերյալ որոշում կայացնել եւ վստահ կարող եմ ասել, որ կաշկանդվածություն չունեմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ ՀԱԿ-ականների միջեւ կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։ Այն առաջնորդում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Սրացման առիթն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Բադասյանի վերջին հայտարարությունն է։ Անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե այլեւս չեն մասնակցելու դատական նիստերին, նախարարն ասել է, որ չնայած ամբողջությամբ ծանոթ չէ պատճառաբանություններին, բայց կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ընթացքը կապել կոնկրետ գործի հետ: Մի քանի օր է՝ այս շրջանակները «ծամում են Բադասյանի միսը»։ Նեղ շրջանակներում քննարկում են եւ չեն հանգստանա, մինչեւ չհասնեն Բադասյանի պաշտոնանկությանը։ Նախարարի նկատմամբ նեգատիվի պատճառը նաեւ իրենց թելադրանքին չտրվելն է։ Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ-ական իրավաբանները կարծում են, որ կառավարությունն իրենց միջոցով, իրենց սխեմաներով պետք է իրականացնի դատական բարեփոխումները, այդ թվում՝ ՍԴ կազմավորումը, եւ իրենք պետք է ընտրեն թեկնածուներին, սակայն Բադասյանն առաջ է տանում իր կամ սորոսական շրջանակների տեսակետը։ Մենք գրել էինք, որ Բադասյանն էր առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, չնայած հանդիպել էր ՀԱԿ շրջանակի հետ եւ գիտեր նրանց կարծիքը։ Արդյունքում հաղթեց ՀԱԿ տեսակետը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության վերաբերյալ փակ քննարկում է կայանալու՝ առցանց տարբերակով, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, ԵԽԽՎ նիստերն անցկացվում են առցանց։ Հայկական պատվիրակության անդամներին թեժ մարտեր են սպասվում ադրբեջանցի պատվիրակների հետ։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ են Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը։ Նրանք 2 ամիս շարունակ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ նամակագրության միջոցով ներկայացրել են իրավիճակը, այսօր Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այդ ամենն անելու են հրապարակավ։ Նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա, եւ Ռոջեր Գյոյլը՝ Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում է նաեւ Էգիդիուս Վարեյկիսի ելույթը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությունների ենթակոմիտեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ՝ առաջարկելով սահմանամերձ դպրոցների ուսուցիչների աշխատավարձից եկամտահարկը գանձել 10 տոկոսի չափով: Ներկայումս Հայաստանում գործում է եկամտահարկի միասնական դրույքաչափ 20 տոկոսի չափով, և սահմանամերձ բնակավայրերի ուսուցիչները ստանում են լրավճարներ: ԼՀԿ-ի առաջարկը իմաստ կունենար, եթե որոշ երկրների օրինակով առաջարկվեր եկամտահարկ չգանձել նվազագույն աշխատավարձ ստացողներից, որովհետև ինչ տրամաբանությամբ է մարդը պետական հարկ վճարում, եթե նրա աշխատավարձը չի բավարարում նույնիսկ կիսաքաղց գոյությունը քարշ տալուն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար և հանուն ինչի՞ ստեղծվեց այն։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ո՛չ լրագրողները, ո՛չ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետևելու դրանց ընթացքին։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով հրապարակային հայտարարությունները՝ շատերն են արձանագրում, որ կոտրվեցին քառօրյայի հետ կապված միֆերը՝ դիրքերում և բանակում սպառազինության, վառելիքի պակասի, 800 հեկտար տարածքի կորստի, Մոսկվայի հետ պայմանավորվածության և այլնի վերաբերյալ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ Հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնելու է սեպտեմբերին։ Այս տեղեկությունը երեկ հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի դրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկություն ունեն հասցնել և եզրակացությունը քննարկել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի ժամանակ։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկումը «թույլատրելի» հատվածների շրջանակներում նախատեսվում է մյուս հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, եթե, իհարկե «տեխնիկական խնդիրներ» չառաջանան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ֆինանսական միջոցներ է հատկացրել Հայաստանում իբրև թե սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու համար, որի ֆորմալ նպատակը իշխանության հանրային աջակցության մակարդակի ստուգումն է: Սակայն այս հարցման իրական նպատակը մարզերում իշխանությունից դժգոհ մարդկանց հայտնաբերումն է, որոնց հետագայում օգտագործելու են Քոչարյանի քաղաքական ծրագրերի իրականացման մեջ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ մեր աղբյուրների, երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է։ Վերջին հարցումների համաձայն, նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել, մասնավորաբար ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմի՝ նոր ղեկավարով նոր սցենարի փնտրտուքը «թարմ» լիցք է ստացել, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում՝ հանրահավաքի տեսքով»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի պետական համալսարանը աշխատակիցների ստորագրմանն է ներկայացրել 2 համաձայնագիր, որոնք, ըստ դասախոսների ու աշխատակիցների, խախտում են ոչ միայն իրենց անձնական կյանքի գաղտնիությունը, այլ նաեւ դեմ են աշխատանքային օրենսգրքին ու հակասում են տեղեկատվության ազատության մասին օրենքին: «ՀԺ»-ի ձեռքի տակ են հայտնվել նշված համաձայնագրերը: Դրանցից մեկով պահանջվում է ի թիվս այլ պահանջների, ներկայացնել նաեւ տեղեկատվություն ֆինանսական կարողությունների, եկամուտների, կենսաթոշակային հատկացումների, հարկերի, պարգեւավճարների, ալիմենտների, վարկային պատմության, ավանդների, նյութական օժանդակության, բանկային տվյալների, հարկային ռեզիդենտության կարգավիճակի մասին, սոցիալական ծառայությունների համարը, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, փոխադրամիջոցները եւ այլն: 2-րդ համաձայնագրի կետերից մեկով ասվում է. «Աշխատողի կողմից իր աշխատանքային գործառույթներին առնչվող տեղեկատվության ցանկացած ձեւով հաղորդումը երրորդ անձի կարող է դիտարկվել իբրեւ կարգապահական խախտում»: Վարչական մասի աշխատակիցներին, ինչպես նաեւ լաբորանտներին, ամբիոնների վարիչներին համաձայնագրերը ներկայացվել է այն ժամանակ, երբ դասախոսական կազմը գտնվել է արձակուրդի մեջ: Գրեթե բոլորը ստորագրել են համաձայնագիրը: Դասախոսական կազմին համաձայնագիրը ներկայացվել է նախորդ շաբաթ: Դասախոսներից 4-ը դեմ են արտահայտվել՝ վերջում գրավոր հայտնելով իրենց անհամաձայնությունը ներկայացրած համաձայնագրերին:
Դեմ արտահայտված դասախոսներից մեկն էլ ՎՊՀ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տարոն Դանիելյանն է, որը խոսելով ներկայացրած համաձայնագրից, ասաց, որ կոնկրետ ինքը չի ստորագրել համաձայնագրի տակ, քանի որ դա խախտում է իրենց անձնական կյանքի գաղտնիությունը. «Ստորագրելով ներկայացրած համաձայնագիրը, բացի մի շարք պարտավորություններից, ես պարտավորվում եմ համալսարանի գրավոր պահանջով տրամադրել «այլ անձնական տվյալներ», այդ այլ բառի տակ ամեն ինչ կարող է ներառվել, օրինակ՝ պահանջի իմ ընկերոջ կամ ընկերուհու անունը, որը չասելու դեպքում նկատողություն կստանամ: Ես խոսել եմ նաեւ մասնագետ-իրավաբանների հետ, որոնք հորդորել են չստորագրել թղթի տակ: Հաջորդ համաձայնագրում ասվում է՝ աշխատողի կողմից իր աշխատանքային գործառույթներին առընչվող տեղեկատվության ցանկացած ձեւի հաղորդումը 3-րդ անձին կարող է որակվել իբրեւ կարգապահական խախտում: Սա նշանակում է, որ ես պարզապես իրավունք չունեմ ձեզ ասել, որ՝ ես գրականության դոցենտ եմ, սրա համար կարող են նկատողություն տալ ինձ, կամ ասենք լրագրության բաժնում քանի ուսանող կա: Սա շատերը ստորագրել են: Մեզ ներկայացվել է նախորդ շաբաթ, իսկ մյուսներին այն ժամանակ, երբ դասախոսական կազմը արձակուրդում է եղել: Ստորագրողներից շատերը չեն էլ նայել՝ ինչի տակ են ստորագրում: Երբ մենք մի քանի հոգով աղմուկ բարձրացրինք, անգամ ստորագրածները դեմ արտահայտվեցին համաձայնագրի գոյությանն ու դրա մեջ գրվածին»,- ասաց Տարոն Դանիելյանը, նշելով, որ ռեկտոր Ռուստամ Սահակյանը կարդալով իրենց գրառումը համաձայնագրի տակ, հանդիպել է իրենց հետ ու խոստացել հետ կանչել համաձայնագիրը: Դանիելյանը չկարողացավ հստակ ասել՝ այն արդեն հետ է կանչվել, թե դեռեւս ոչ. «Մենք մի քանի հոգով համաձայնագրի տակ գրեցինք, որ սա հակասում է աշխատանքային օրենսգրքին, խախտում է անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաեւ դեմ է տեղեկատվության ազատության մասին օրենքին: Ռեկտորը կարդացել ու հանդիպման էր կանչել մեզ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, և որքան էլ սեպտեմբերի 11-ից հետո այն կոչվելու է կարանտին, այնուամենայնիվ, ռեժիմը նույնն է: Եվ ինչպես բառն է հուշում, արտակարգ դրության ժամանակ ենթադրվում են ոչ դասական լուծումներ: Մանկապարտեզների թեման ողջ երկրում լուրջ խնդիր է դարձել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից պետք է վերաբացվեն մանկապարտեզները, սակայն առկա են մի քանի կանոններ, մասնավորապես՝ 10-12 հոգանոց խմբեր պետք է լինեն, առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատություն աշխատակցի երեխային, իսկ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ծնողներից ահազանգեր է ստացել, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին չեն կարողանում տեղավորել մանկապարտեզներում, ունեն 5 տարեկանից փոքր տարիքի երեխա, ինչպես վարվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչ է անում քաղաքային իշխանությունը խնդիրը կարգավորելու համար. ի վերջո, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ունեն մանկապարտեզային տարիքի երեխա և կանգնած են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը համակարգում է մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների աշխատանքը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ մանկապարտեզների և դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություններ է անցկացնում:
«Մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից ողջ ծավալով բացվելու են, բայց կան պարետատան կողմից ներկայացված կանոններ: Եվ, ըստ նոր կանոնների, մենք հնարավորություն կունենանք 31 հազար երեխաներից ապահովել 29-30 տոկոսի հաճախելիություն: Եթե առաջին փուլով հասկանանք, որ այս պահին թույլատրելի 10 հազար տեղը չի լրանում, ևս մի քանի խմբի կսկսենք ներառել այս համակարգում, որ կարողանան իրենց երեխաներին բերել: Ինչ վերաբերում է ընդունելությանը, քանի որ մենք հիմա ունենք հերթի մեջ սպասող անձանց, ապա նոր անձանց հերթագրումների մասին խոսք լինել չի կարող», – նշեց Վիրաբյանը: Փառահեղ պատասխան, փառահեղ կառավարում, փառահեղ որոշում: Թվում է՝ քաղաքապետարանը քափ ու քրտինքի մեջ աշխատում է, Տիգրան Վիրաբյանը մտատանջվում է՝ ինչպես անել, որ մանուկները կարողանան իրենց կյանքի կարևորագույն սոցիալականացման խնդիրը կարգավորել, բայց ստացվում է, ինչպես միշտ: Վատ կառավարման արդյունքում երեխաների մեծ մասը մնալու են մանկապարտեզից դուրս, իսկ շատ ծնողներ՝ գործազուրկ: Բայց գլխավորն այն է, որ Տիգրան Վիրաբյանը խորհրդակցություններ է կազմակերպում, ոչինչ, որ խնդիրը այդպես էլ չի լուծվելու: Հիշեցնենք որ հունիսից ՀՀ-ում մանկապարտեզներն ու դպրոցները փակ են, ու կոնկրետ Վիրաբյանն ու նրա՝ լրազորություններով օժտված պաշտոնյաները երեք ամիս ժամանակ ունեին այսօրվա խնդիրը կարգավորելու, արտակարգ լուծումներ գտնելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը: Այս ծրագրից կարելի է հստակ տպավորություն կազմել, թե ծրագրի հեղինակները որքան հեռու են այգեգործությունից, և թե ինչ պատկերացումներ ունեն այգեգործության մասին ընդհանրապես: Մասնավորապես՝ ծրագրով նախատեսվում է, որ կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված այգիների քանակը տարեկան պետք է ավելանա 10 հեկտարով: Նման տեմպերով զարգանալու դեպքում Հայաստանը առաջիկա ոչ թե հարյուրամյակում, այլ նույնիսկ հազարամյակում իր այգիները չի կարողանա պաշտպանել կարկուտից: Կարկտապաշտպան ցանցերի պիտանելիության ժամկետը առավելագույնը 15 տարի է, և այս տեմպերով Հայաստանում լավագույն դեպքում կարող է ցանցով պաշտպանված լինել 150 հեկտար, որը ավելի քիչ է, քան առանձին վերցված մեկ գյուղի այգիները»: