22.11.2024
Մամուլ. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նորից լիդերության կռիվ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ռուսական «ՌԲԿ» հեռուստաընկերությանը: Տպավորությունն այնպիսին է, որ նրանց միջև հեռակա մրցակցություն է ընթանում լիդերության համար: Սարգսյանն իր ասուլիսում փորձում էր համոզել, որ 2016թ. ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթանակ է տարել, իսկ Քոչարյանը Սարգսյանին, ըստ էության, մեղադրեց 2018թ. իշխանությունը կանխատեսելի գործչի փոխանցելու անկարողության մեջ, մինչդեռ 2008-ին ինքը իշխանությունը հանձնել էր Սարգսյանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ղեկավարությունը սկսել է աշխատանք տանել նախկին կուսակցականների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ վերականգնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին: Կուսակցության էմիսարները հանդիպում են այն ՀՀԿ-ականների հետ, ովքեր իշխանափոխությունից հետո որևէ կուսակցական ակտիվություն չեն դրսևորել, և համոզում են, որ նրանք գոնե ֆորմալ առումով շարունակեն իրենց համարել ՀՀԿ-ական: Ինչպես արդեն գրել ենք, հարյուր հազարավոր անդամների մասին խոսող ՀՀԿ-ում մնացել են կուսակցական ֆունկցիոներները կամ այսպես կոչված՝ աշխատավարձ ստացողները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս օգոստոսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու եւ խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ սկսելու մասին: Կոտայքի մարզի ակտիվի հետ բացօթյա հանդիպման ժամանակ Ծառուկյանը հիշեցրել էր, որ իր աշխատակիցներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետեւություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ: Եվ, ահա, չնայած ամիսներ շարունակ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ: Եռյակի ֆորմատը, կարծես թե, այնքան էլ հեռանկարային չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացված հանրահավաքը պլանավորված է իրականացնել հոկտեմբերին, սակայն ԲՀԿ-ում կուսակցականները կտրուկ դեմ են եղել, որ իրենց հանրահավաքին մասնակցեն նաեւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները: Ու ստացվում է, որ թեեւ այս ուժերը ամիսներ շարունակ համագործակցել են, սակայն քաղաքական ամենակարեւոր միջոցառումներից մեկին, այն է՝ հանրահավաքին, միասնական ճակատով հարթակ չեն բարձրանալու: Ու հերթական անգամ ականատես ենք լինելու իրողության, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիան չի կայանում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների մեծ մասը կապված է նրա կողմից իրականացված կադրային անհաջող քաղաքականության հետ։ Անընդհատ շեշտվում է, որ Փաշինյանի նշանակած նախարարներից ու մարզպետներից շատերն իր համար ավելորդ գլխացավանքի պատճառ են, եւ որ բոլորի փոխարեն աշխատում է Փաշինյանն ինքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք վերաբերում են կոնկրետ մի քանի առանցքային նախարարների։ Կառավարական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 2-3 նախարարներ: Ի դեպ, ուշագրավ է, որ կոնկրետ այս փոփոխությունների առումով նշյալ 2-3-ի մեջ չեն նշվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձող դատախազներին դիպլոմներ են հանձնել։ Եվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է․ «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքներն իրացնելու լուրջ եւ պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»։ Հիշեցնենք․ Դավթյանը 2006-ից աշխատել է դատախազությունում, եղել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ, 2012-ից՝ Շենգավիթի, 2013-ից՝ Երեւանի, իսկ 2016-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ։ Ի՞նչն էր խանգարում, որ այդ պաշտոններում թույլ չտար գույքի ապօրինի ձեռքբերում, ժամանակին իրականացներ իր պարտականությունները, որպեսզի այսօր ստիպված չլիներ արդարության վերականգնման մասին փարիսեցիական ելույթներ ունենալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը եւ Արմեն Եղիազարյանն ընդդեմ «Առաջին լրատվականի» հայց են ներկայացրել դատարան։ Պատգամավորները լրատվամիջոցից պահանջում են հրապարակային հերքել, իրենց ձեւակերպմամբ, զրպարտություն համարվող փաստական տվյալները, որը հրապարակել է կայքը: Հիշեցնենք, որ խոսքն այն հրապարակման մասին է, որտեղ նշված է, թե ԼՀԿ պատգամավորները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քաղաքական հարցեր քննարկել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում մտահոգություն ունեն, որ իշխանությունը ցանկանում է վերջնականապես փակել այդ կառույցը: Ըստ կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ համոզումը գալիս է դեռ տավուշյան իրադարձություններից, երբ ԵԿՄ տարածքային կառույցների ներկայացուցիչները ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին առաջարկել էին մեկնել սահման, սակայն Միքայելյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նման հրաման չկա: ԵԿՄ-ականները համոզված են, որ իրենց ծառայություններից հրաժարվելը քաղաքական պատճառներ ունի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել: Ինչպես հայտնի է, այդ օրը նախատեսված է Երեւանի փոխքաղաքապետի ընտրություն, որի համար բուռն ընթացք է կանխատեսվում: Բացի այդ, նախատեսված է նաեւ աղմկահարույց ու դժգոհություններ հարուցած փոփոխություններ անել ավագանու նիստերի անցկացման կարգում: Առաջին հերթին առաջարկվում է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների եւ քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխանի ռեժիմում` սահմանելով, որ դրանք ամենամսյա պարբերականության փոխարեն տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ: Որպես պատճառաբանություն՝ նախագծի մեջ բերվում է, թե ավագանու ընթացակարգով այժմ թույլ կտրվի օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալ։ Այս փոփոխությունն ամենաշատն է քննադատվել ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որոնք հարցուպատասխանի ամենամսյա լինելը շատ էին կարեւորում: Ավելին, նախկինում` ՀՀԿ իշխանության օրոք, հենց ավագանու «Ելք» խմբակցության անդամների առաջարկով է փոփոխություն արվել այս կարգի մեջ, եւ հնարավորություն է ստեղծվել հարցուպատասխան ունենալ ամեն ամիս: Հիմա, փաստորեն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գնում է ՀՀԿ-ի հետեւից` վատթարացնելով կարգը: Բացի այդ, իշխող խմբակցությունը ցանկանում է վերացնել խմբակցության ղեկավարների կողմից արտահերթ ելույթներ ունենալու իրավունքը՝ այն վերապահելով ամբողջ խմբակցությանը: Ու քանի որ ակնհայտորեն Հայկ Մարությանը նպատակ է դրել լռեցնել ավագանու ընդդիմադիր սակավաթիվ անդամներին, այս փոփոխության քննարկումը, բնականաբար, խոստանում է թեժ լինել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արձակուրդի շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ստեփանավանի Գյուլագարակ համայնքի տարածքում գտնվող բուսաբանական այգի: Վարչապետը եղել է ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Փաշինյանն այս այգի այցելել էր նաև գարնանը, սակայն կառավարության անդամների հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը նորից օրակարգ է բերել աղմկահարույց օրինագիծը, որը մերժել էր հուլիսին։ Խոսքը ժամանակավոր անաշխատունակ պատգամավորներին գրավոր քվեարկության իրավունք տալու մասին է։ Գործող օրենքով` պատգամավորը նախապես կարող է տեղեկացնել քվեարկության մասին միայն այն դեպքում, եթե մեկնել է գործուղման: Առաջարկվում է հիվանդ պատգամավորներին էլ հնարավորություն տալ՝ քվեարկելու գրավոր: Նույնն է առաջարկվում նաեւ ԱԺ խորհրդի անդամի, նաեւ հանձնաժողովի անդամի համար: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը եւ քվեարկության մասին նամակը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի քվեարկությունից գոնե 3 ժամ առաջ: Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով, քանի որ պատգամավորներ էին վարակվել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այն կոշտ քննադատության արժանացավ նաեւ ԱԺ նախագահի կողմից եւ մերժվեց՝ տպավորություն կար, որ այլեւս չի վերադարձվի օրակարգ։ Իսկ վերադարձրել են, որ առաջիկայում կարեւոր քվեարկությունների ժամանակ բացակայությունների պատճառով օրինագծերի անխափան ընդունումն ապահովեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի, «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Թավշյա հեքիաթներ» անվանումով տեսաշար է սկսել, որտեղ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի այն խոստումները, որոնք 2 տարում կյանքի չեն կոչվել։ Երկու տեսանյութ արդեն հրապարակվել է, երրորդի անոնսն է հրապարակվել։ Մենք տեղեկացանք, որ արդեն 8 ֆիլմ նկարահանվել է, որոնք հերթով կհրապարակվեն։  Տեղեկացանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է ուշադիր լինել, եւ եթե Մխիթարյանը փորձի նկարահանել հերթական չաշխատող հիմնարկը, չկայացած ձեռնարկը, դա բացատրեն կորոնավիրուսի համաճարակով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին չի մասնակցի։ Պատճառը Հենոյի՝ լավ մարզավիճակում չլինելն է։ Փոխարենը «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Թեպետ նա դուրս չի եկել Հայաստանի հավաքականից, սակայն առաջիկա խաղերին չմասնակցելը, ասում են, կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ում ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։ Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, եւ Մխիթարյանը, ասում են, նախեւառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով։ Մելիքբեկյանի թեկնածությունն այն ժամանակ քննադատողները կանխատեսում էին, որ հայկական ֆուտբոլն ավելի անկում կապրի, սակայն իշխանությունը որոշեց հավատարիմ մարդ դնել՝ անգամ Հենոյին կորցնելու եւ ֆուտբոլը վերջնականապես ձախողելու հեռանկարով»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ, այդ նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Չնայած այս նախաձեռնության հետ կապված տեսակետները տարբեր են, այդ թվում՝ որ սա հերթական թատերականացված բեմադրությունն է, կամ որ սահմանադրական հանրաքվեն հազիվ հնարավոր լինի անցկացնել երկու տարի անց եւ այլն, այդուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հատկապես վերջերս նկատելի ակտիվություն է դրսեւորում եւ պարբերաբար հիշեցնում իր գոյության մասին։ Մասնավորաբար, հրապարակ են նետվում առաջարկվող տարբեր փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորաբար, վերջինը վերաբերում է Գերագույն դատարան ստեղծելու դրույթին: «Փաստ» թերթի տեղեկություններով, բովանդակային առումով լրիվ այլ իրողության հետ գործ ունենք։ Ըստ մեր աղբյուրների փոխանցման, հանձնաժողովը փաստացի ոչ այնքան սահմանադրական փոփոխությունների նախագիծ է նախապատրաստում, որքան, ըստ էության, նոր Սահմանադրություն է գրվում: Բանն այն է, որ գրեթե ամբողջությամբ նախատեսում են փոխել Սահմանադրության մի շարք առանցքային դրույթներ, ինչը դժվար է սոսկ փոփոխություններ որակել։ Ըստ տեղեկությունների, չի փոխվելու կառավարման համակարգը, մնացած առանցքային հատվածներում առաջարկվելու են խորքային եւ բովանդակային փոփոխություններ, որոնք համապատասխանում են գործող իշխանության քաղաքական քիմքին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները զգալի տարակարծություններ ունեն մի շարք փոփոխությունների հետ կապված»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության մշակած նախագծի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Ավելին, առաջիկայում կապահովվի արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը: Բայց նկատենք, որ նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնց ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են այս նոր մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո: Այսինքն՝ կսահմանվի երկու ռեժիմ՝ մինչեւ այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար: Ըստ այդմ, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ շարունակում են կիրառվել գործող օրենքով սահմանված կարգավորումները, եւ վերջիններս ենթակա են օրինականացման այդ իսկ կարգավորումների շրջանակներում: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացումը, եւ դրանք բացառապես ենթակա են քանդման: Եւս մեկ կարեւոր փոփոխություն. կբարձրացվեն նաեւ ինքնակամ կառույցների դրույքաչափերը, որն էլ կնպաստի ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի արագացմանը: Արդյունքում, Հարկային օրենսգրքով ավելացվել են ինքնակամ շինությունների հարկի դրույքաչափերը, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարի 1-ին»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս մեկ ամսով հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը խիստ մտահոգում է իշխանություններին: Ըստ մեր աղբյուրների, ԲԴԽ-ից եւ իշխանական շրջանակներից փորձել են համոզել դատավորին, որ նա մերժի Ղազինյանի բողոքը: Սակայն դատավոր Մանվել Շահգելդյանն ասել է, որ բողոքը պինդ է, հիմնավորված, եւ չի պատրաստվում իր վրա վերցնել այդպիսի բեռ ու պատասխանատվություն: Ըստ այդմ, որոշվել է դատարանում հարցի քննությունը տարբեր պատճառաբանություններով հնարավորինս ձգձգել: Հույսն այն է, որ ժամանակի ընթացքում երկրում տեղի կունենան այլ իրադարձություններ, եւ «նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու» թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կմարի: Հիշեցնենք, որ առաջին իսկ նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանը չէր հասցրել ծանոթանալ նյութերին, քանզի քննիչը դրանք ուշ էր ուղարկել, ավելին, ինքն էլ չէր մասնակցում նիստին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն իրեն ներկայացված կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել՝ տալով մանրամասն ցուցմունք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը՝ պնդելով, որ Հովսեփյանը ցորենի գործարանային սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է միայն ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում: Հիշեցնենք՝ 50-ամյա Հովսեփյանը ձերբակալվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ մեկ օրվա ընթացքում, Հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Վերջին տվյալներով՝ մարզի 20 դեպքերից 9-ը մահվան ելքով է, մնացած 11 քաղաքացիները բուժօգնություն են ստանում տարբեր բժշկական կենտրոններում: Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ քրեական գործով նույն կասկածանքով ձերբակալվել է եւս երկու անձ:


Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.


– Պարոն Գեւորգյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:


– Դիրքորոշում հայտնել է, կասկածանքի շուրջ իր առնչության վերաբերյալ ասել է, որ իրականում զբաղվել է սպիրտից օղի պատրաստման գործընթացով, սակայն ցորենի գործարանային սպիրտը նա գնել է եւ ցուցմունքով նշել է, թե ումից, փորձել է դրանով աջակցել քննությանը, որ եթե տարածման ճանապարհը դա եղած լինի, ապա դեմն առնվի եւ տարածում չստանա: Աշոտ Հովսեփյանն ի սկզբանե անգամ անզգուշության շրջանակում չէր կարող ենթադրել, որ կարող է այդ հետեւանքը առաջացնել, նա ընդամենը մաքուր ջուր եւ բնական լիմոնի մզվածք է խառնել սպիրտին, այսինքն՝ իր ձեռքով է մզել ու խառնել, որեւէ այլ քիմիական հավելում չի ավելացրել, որից կկարողանար հետեւություն անել, որ ստեղծած խմիչքը կարող է լինել թունավոր:


– Սննդի անվտանգության տեսչական մարմնից երեկ մեզ տեղեկացրել են, որ ըստ նախնական վարկածի՝ օղու մեջ մեթիլ սպիրտ է հայտնաբերվել:


– Կարծում եմ, որ այդ կարգի մարմինը այդպիսի նախնական վարկածի շրջանակում իրավասություն չունի նման հայտարարություն անելու, որովհետեւ ՍԱՏՄ-ն այն կառույցն է, որը պիտի փաստերով առաջնորդվի: Որպեսզի իրենց ասածը լինի ճիշտ, պիտի ունենան եզրակացություն, չկա որեւէ եզրակացություն, որով կհաստատվեր սպիրտի միջից Ձեր նշած թունավոր նյութի առկայությունը, իսկ եթե չկա, որեւէ մեկը անգամ նախնական վարկածի շրջանակում չպիտի նման բան ասեր, որովհետեւ անձի անմեղության կանխավարկածն է խախտվում, եւ որովհետեւ արդեն իսկ ունենք մահացած բազմաթիվ անձինք, որոնց հարազատները կարող են գտնվել հուզական վիճակում, իսկ այդ ապատեղեկատվությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Եւ ես չեմ այն մարդը, ով պիտի հուշի այդ կարգի լուրջ կառույցներին, թե ինչ գործելաոճ պետք է դրսեւորեն, որպեսզի էլ ավելի չշիկացնեն արդեն իսկ շիկացված վիճակը»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության տարածքի 10 տոկոսը գերազանցող բնության հատուկ պահպանվող տարածքի եւ ջրային ռեսուրսների ռազմավարական հիմնական պաշարի՝ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ պետությունն իրականացնում է հետեւողական քայլեր: Յուրաքանչյուր տարի կառավարությունը հաստատում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագրեր: Դրանց ընդունումը սահմանված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: Չնայած ծրագրերով նախատեսված միջոցառումների մշտական իրականացմանը՝ լճի էկոլոգիական հավասարակշռությունը դեռեւս չի հաջողվում վերականգնել: Շրջակա միջավայրի նախարարության մշակած եւ հանրային քննարկման դրված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերատրադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրում» նախանշված են այն հիմնական եւ կտրուկ քայլերը, որոնք նպատակաուղղված են լճի էկոհամակարգի վրա բացասական ներգործության հիմնական պատճառների կանխարգելմանը եւ վերացմանը»: