22.11.2024
Մամուլ. Ի՞նչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Ինչպես նշել էինք, Քոչարյանը հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հակաիշխանական այլանս ձևավորելու համար՝ խոստանալով ապահովել համապատասխան աջակցություն»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նորից խոսվում է քաղաքական «թեժ աշնան» մասին, իսկ ահա իշխանության ներկայացուցիչների կողմից այս տեղեկություններին արձագանքում են հեգնանքով ու քամահրանքով։ Նրանց կարծիքով՝ ամեն տարի էլ այդ կարգի տեղեկություններ շրջանառվել են: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ լուրերն իրականում, մեղմ ասած, անհիմն չեն, ավելին, այդ ուղղությամբ այս շրջանում կոնկրետ քայլեր են իրականացվում, որի արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում առաջիկա ամիսների ընթացքում կտրուկ ակտիվացումներ են սպասվում, ի դեպ՝ մի քանի ուղղություններով։ Ընդ որում, այս դաշտում տեղի է ունենալու հստակ դերաբաշխում, թե քաղաքական որ ուժն ինչ պրոֆիլով է մտնելու «թեմայի» մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսին գրել էր, որ այս պաշտոնի համար նախատեսված մրցույթը դեռ չկայացած՝ հաղթողի անունը հայտնի է՝ Սրբուհի Գալյան։ Նա պետք է զբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է իր հավատարիմ մարդուն գործուղել դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը: Նկատենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այս գործելաոճը նորություն չէ. բանն այն է, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչ օրս նրա տարբեր ընկերները, բարեկամները բարձր պաշտոններ են ստացել, եւ հենց նա է որոշումներ կայացրել ու ընտրել, թե այս կամ այն պաշտոնին ով պետք է նշանակվի: Ու սա այն դեպքում, երբ ամենաբարձրը հենց Բադասյանն է «գոռում» կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Փորձենք վերհիշել, թե ՀՀ արդարդադատության նախարար նշանակվելու օրվանից Բադասյանի փաստացի միջնորդությամբ ովքեր են պաշտոններ ստացել: Մարտի 16-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադաիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։ Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակեց ԱՆ աշխատակազմի ղեկավար, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակեց ԱՆ վերահսկողական ծառայության պետ: Իսկ ի՞նչ է կոռուպցիան, որի դեմ անհաշտ պայքարում է Ռուստամ Բադասյանը։ Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միգուցե նոր պաշտոնի նշանակվի: Նա հավակնում է դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Հիշեցնենք, որ 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը խիստ ազդեցիկ մարմին է լինելու»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, հասկանալով, որ վերջին շրջանում երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողանալու պետբյուջե մուտքեր ապահովել, եւ տնտեսական ավելի մեծ անկումն անխուսափելի է, ամեն գնով փորձում են օր առաջ կյանքի կոչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը։ Մասնավորապես, մենք տեղեկություններ ունենք, որ համապատասխան մարմնին հստակ հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամկետում ակտիվ ու կազմակերպված մշակել աշխատանքային պլան եւ իշխանություններին ներկայացնել հստակ քայլերի մեխանիզմ։ Ի դեպ, նշենք, որ այս օրենքի կիրառելիությունը, բացի նրանից, որ բավականին լուրջ գործիքակազմ է պահանջելու, նաեւ տեւական պրոցեսներով է անցնելու, եւ չի բացառվում, որ որոշ գործերի քննություն նույնիսկ տարիներ տեւի։ Ըստ այդմ, փորձագետների կարծիքով, եթե իշխանությունները մտադիր են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքն իրենց համար դարձնել տնտեսական փրկօղակ, այդքան էլ հեշտ ու արագ իրականացվող գործընթաց չի լինելու։ Թերթի հետ զրույցում ոլորտային հայտնի մասնագետներից մեկը նշել է, որ այս օրենքի կիրառումը ոչ թե օգնելու է օրվա իշխանություններին, այլ անմիջական ազդեցություն է ունենալու երկրից կապիտալի արտահոսքի վրա, քանզի մարդիկ վաղ թե ուշ հասկանալու են, որ երկրում առողջ մթնոլորտն ուղղակի բացակայում է, տնտեսության նկատմամբ չկա վստահություն, քանզի կա մտահոգություն, որ գործ ունենանք ոչ թե իրական ապօրինությունների բացահայտման, այլ անցանկալիների դեմ պայքարի միջոցի հետ։ Նրա խոսքով, սա արտաքին աշխարհում ՀՀ վարկանիշի անկման վրա լուրջ ազդեցություն է ունենալու եւ գրեթե ի սպառ վերացնելու է առանց այդ էլ գոյություն չունեցող ներդրումների հոսքը դեպի ՀՀ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում նաեւ հարսանիքի են պատրաստվում։ Ինչպես հայտնի է, Ծառուկյանի ավագ որդին՝ Նվերը, նշանվել է անցած ամառ։ Արտակարգ դրության ռեժիմը հանելուն պես կնշանակեն հարսանիքի օրը։ Մի քանի շաբաթ է՝ արդեն ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրն է կարգի բերվում, «Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սրահի դիզայնն է փոխվում, ամեն ինչ անելու են, որ «թագավորական» հարսանիք ստացվի։ Հարսնացուն՝ Արփին, հայտնի ընտանիքից չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրում տեղի ունեցած թունավորումից հետո լրջորեն դրվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեության կամ ավելի ճիշտ անգործության հարցը: Այդ տեսչությունն, ըստ էության, չի կատարում իր գործառույթները, այդ թվում նաև մսամթերքի շուկայում վերահսկողություն իրականացնելու հարցում: Երեկ հայտնի դարձավ, որ փակվել է երկու ամիս առաջ կառուցված Ապարանի սպանդանոցը, քանի որ Սննդի անվտանգության տեսչության անգործության արդյունքում անասունը մորթվում է որտեղ պատահի, իսկ սպանդանոցը մատնվել է պարապուրդի: Մյուս սպանդանոցները, որոնք ևս աշխատում են վնասով, կփակվեն առաջիկա օրերին»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Սահմանային իրավիճակի յուրաքանչյուր սրացման ժամանակ հանրապետության բնակչության մի ստվար հատված անմիջապես պատրաստակամություն է հայտնում, եւ շատերը նաեւ առանց զգուշացման մեկնում են թեժ կետեր՝ թշնամու հերթական գործողություններին հակահարված տալու համար: Այդ դեպքերը ռազմական իրավիճակներ են, ինչը մշտապես պահանջում է գործողությունների հստակ կանոնակարգում: Վերջին դեպքերը փաստեցին, որ արտակարգ ռազմական իրավիճակում հասարակության լայն շերտերի մասնակցության գործընթացը կանոնակարգման կարիք ունի: Այն պայմանավորված է նաեւ մեր քաղաքացիների մի ստվար հատվածի ցանկությամբ՝ մշտապես ներգրավված լինելու Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության գործին: Վերոնշյալ հանգամանքներով է պայմանավորված պաշտպանական գերատեսչության նախաձեռնած «Պաշտպանության մասին» օրենքի նոր լրացումը: Մայր օրենքում ներմուծելով «Աշխարհազորի» գաղափարը՝ պաշտպանության ոլորտի լիազոր մարմինը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ արդեն մեկնարկած ռազմական գործողությունների ժամանակ համակարգելու է կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հետաքրքրվեց՝ հիմնավոր է արդյոք բենզինի գնի բարձրացում, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից փոխանցեցին, որ իրենք մշտապես հետեւում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ գնային փոփոխություններին: Բացի այս, ՏՄՊՊՀ-ից տեղեկացրին, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի, եւ հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը: Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 2-ին կառավարության նիսստին քննարկվեց «ՀՀ եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի: Սակայն պետք է ներպետական ընթացակարգերով վավերացվի ստորագրված համաձայնագիրը, ինչից հետո հայտնի կդառնա, թե ինչ ծավալի նավթամթերք է մտադիր Հայաստանը ներկրել Ղազախստանից: Ինչպես ասում են, բենզինի գնի նվազումը յոթ սարի հետեւում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի անկախության 29-րդ տարեդարձն է, այդ կապակցությամբ, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ միջոցառումներ չեն անցկացվի։ Ամեն տարի Արցախի անկախության օրը նշվում էր մեծ շուքով։ Տոնին ավանդաբար մասնակցում էր ոչ միայն Արցախի էլիտան, այլեւ Հայաստանից մեծ պատվիրակություն էր մեկնում՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ։ Այս տարի տոնախմբություններ չեն կազմակերպվել՝ համավարակով պայմանավորված, թերեւս կլինեն արարողակարգային թեթեւ միջոցառումներ, սակայն Հայաստանից մեծ թվով պատվիրակություն է երեկ մեկնել Արցախ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էր մեկնել։ Թեպետ պաշտոնական հաղորդագրությամբ միայն ԱԺ նախագահի այցի մասին խորհրդարանն իրազեկեց՝ այն ներկայացնելով որպես «աշխատանքային այց», սակայն Արարատ Միրզոյանից բացի, մեր տեղեկություններով, Արցախ են մեկնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, եւս 4-5 պատգամավոր։ Ուշագրավ է, որ ընդդիմադիր ուժերին հրավեր չի եղել։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նախկինում խմբակցություններին հրավեր էր ուղարկվում, իսկ վերջիններս էլ Արցախ էին գործուղում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական խմբում ընդգրկված պատգամավորներին․ խմբի ղեկավարն ԱԺ նախագահն է։ Ի դեպ, այսօր լրանում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրը։ Այս կապակցությամբ նա 15։00-ին ասուլիս է տալու, իսկ երեկոյան, մեր տեղեկություններով, խնջույք է նախատեսված»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետության տնօրինմանը հանձնված «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ։ Հիշեցնենք, որ հարկայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը՝ «իրեն հանգիստ թողնելու դիմաց», 2019-ի սեպտեմբերին իրեն պատկանող հյուրանոցը նվիրաբերեց պետությանը, որը իշխանությունը մինչեւ հիմա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ՝ իրացնել։ Մինչեւ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցը երկու անգամ աճուրդի հանվեց, սակայն գնորդ չգտնվեց։ Հետո սկսվեց համավարակը, եւ Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը դարձավ քովիդով հիվանդների մեկուսացման վայր։ Այսօր դարձյալ այն դատարկ է եւ չի էլ շահագործվում։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մեզ ասաց, որ մտադիր են երրորդ անգամ հյուրանոցն աճուրդի դնել։ Բայց դեռ անհայտ է թե՛ աճուրդի օրը, թե՛ նախնական գինը։ Բաբայանն ասաց, որ հյուրանոցով հետաքրքրվողներ կան, սակայն համավարակի պատճառով չեն կարողացել գալ-տեսնել հյուրանոցը, որովհետեւ հավանական գնորդները դրսից են, օրինակ՝ չինացի գործարար։ Հայաստանից հետաքրքրվողներ չկան։ Փաստորեն, մեկ տարի է՝ իշխանությունը չի կարողանում պետությանը նվիրաբերված գույքն արդյունավետ տնօրինել, մինչդեռ դրա՝ մասնավորի կողմից շահագործվելու դեպքում պետությանը հսկայական հարկեր էին վճարվում, տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ապահովվում՝ չհաշված մեծ թվով աշխատատեղերը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղ հսկողություն է իրականացնում առեւտրային ոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՊԵԿ աշխատակիցները շրջում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ անակնկալ ինչ-որ առեւտրի կենտրոն մտնում՝ պարզելու համար, թե արդյոք աշխատակիցները ՀԴՄ կտրոն տրամադրում են գնորդներին: Ընդ որում, առեւտրականները վաղուց տեղյակ են, որ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար «ռեյդ» է իրականացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից, որը հայտարարեց. «Որեւէ լրացուցիչ, հատուկ կամ նմանատիպ գործողություններ չեն իրականացվում, նման հանձնարարական չկա, ամենօրյա աշխատանքներ են, հարկային տեսուչները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները։ Այո, իրականացնում են ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները աշխատեն օրինական դաշտում», – նշեց նա: Մեր զրուցակիցը հավելեց, որ «ռեյդ» ասածն իրենց համար անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ի տեսուչները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»։


«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Երեւանում տարբեր արտադրական տարածքներ վերածվեցին բնակելի թաղամասի, նորություն չէ: Հիմա, կարծես, այդպիսի նոր թաղամաս է ուրվագծվում: Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, առաջիկայում բարձրահարկ նոր շենքեր կկառուցվեն Վրացական փողոցում (Կոմիտաս)՝ նախկին կոշիկի ֆաբրիկայի տարածքում: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, թե արդեն սկսվել են քանդման աշխատանքներ, որպեսզի բնակելի թաղամաս կառուցեն: Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված շինթույլտվությունների քարտեզում, սակայն, այդ հասցեում ոչինչ նշված չէր, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ այդպիսի թույլտվություն գոնե ներկայիս դրությամբ չկա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ը երեկ յուրօրինակ ձեւով են նշել Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ մարզպետարանի դիմաց։ Մի խումբ քաղաքացիներ բժշկական դիմակներով պսակ են «նվիրել» մարզպետարանին՝ ի նշան իշխանությունների նկատմամբ իրենց բողոքի։ Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը տեղադրել էր պսակի լուսանկարը, կից գրելով՝ «Ապաշնորհ կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում կորցրեցինք սեպտեմբերի 1-ի խորհուրդը, իր հետեւանքներով»։ Նա հույս է հայտնել, որ մարզպետարանից պսակը կուղարկեն վարչապետին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որից հետո ապօրինի կառուցված շինություններն այլևս անհնար կլինի օրինականացնել, և դրանք ենթակա կլինեն քանդման: Այժմ կառուցված ապօրինի շինությունները հնարավոր կլինի օրինականացնել մինչև փոփոխությունների ընդունումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավելի հեշտ է ապօրինի շինություն կառուցել ու հետո օրինականացնել այն, քան նախապես ստանալ շինթույլտվություն, հետո սկսել շինարարությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում. դեռևս տեսանելի չէ այն լույսը, թե երբ է սկսվելու տնտեսական վերականգնման փուլը։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում շարունակվում են անկումային ցուցանիշներ գրանցվել, բայց ուշագրավ է, որ անկումային ցուցանիշներով աչքի է ընկնում հատկապես շինարարության ոլորտը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։ Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %: Ի տարբերություն մյուս ոլորտների, շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել:


Այս համատեքստում արժե նկատել, որ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, որը կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալներն իրենց դրական մեծ ազդեցությունն են ունենում տնտեսության զարգացման ու սոցիալական ապահովության վրա: Շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է, որը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ է ապահովում։ Ըստ էության, շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները նպաստում են մեծ քանակությամբ ապրանքատեսակների արտադրությանը կամ ներմուծմանը: Տնտեսության այս ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։ Սրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է ավելացնել այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը մեծ թվով քաղաքացիների զբաղվածության հարց է լուծում։ Եվ շինարարության անկման պարագայում այս ոլորտում աշխատանք ունեցող քաղաքացիները ցանկանալու են արտագաղթել և իրենց մասնակցությունը բերել այլ երկրների շինարարական աշխատանքներին։ Հիմա դա հնարավոր չէ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, իսկ դա ավելի է բարդացնում մարդկանց վիճակը: Փաստորեն, հաշվի առնելով շինարարության ոլորտի կարևորությունը, իրավիճակն իրապես մտահոգիչ է։