VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու: Մեր տեղեկություններով՝ նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել եւ այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել, պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն: Ու, ըստ մեր տեղեկությունների, հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում: Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականները եւս լքեն խմբակցությունը եւ կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեեւ, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն չորս օր է՝ համացանցը ողողված է ալկոհոլային թունավորման դեպքի մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին մեր երկրում արձանագրվել է ալկոհոլային թունավորման, կարելի է ասել, աննախադեպ քանակով՝ 38 դեպք: 14 քաղաքացի արդեն մահացել է թունավորման հետևանքով։ Իհարկե, Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալված է, բայց առողջապահական խնդրի մտահոգիչ ծավալները շարունակում են անհանգստացնող մնալ։ Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ ողբերգություն է, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ գործի բերումով «մտահոգված» ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սարերում է, լեռնագնացությամբ է զբաղված։ Իհարկե, հասկանալի է, որ նախարարը սահմանադրական իրավունք ունի արձակուրդ մեկնելու, այն վայելելու իր ընտանիքի հետ, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ մտահոգվելը, հետաքրքրվելը շարունակում է մնալ նախարարի ուղղակի պարտականությունը։ Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ էին անում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախկինում, որոնց քննադատելու համար նախարարն առիթը բաց չի թողնում։ Օրինակ՝ 2009 թվականի հոկտեմբերին սննդային թունավորում էր գրանցվել Վանաձորում, և հոսպիտալացվել էին 16 հոգի, և ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ոչ միայն մանրամասն տեղեկություն էր տրամադրում թունավորվածների մասին, այլև անձամբ այցելում էր նրանց, փորձում հասկանալ, թե մարդիկ ինչ կարիքներ ունեն: Նույնպիսի վերաբերմունք էր նաև 2011 թվականի հունիսին, երբ թունավորման դեպք էր գրանցվել արդեն Նոր Խարբերդում, և հոսպիտալացվել էր 12 մարդ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, երջանկահիշատակ Արա Ասոյանը անձամբ այցելել էր թունավորվածներին, տեղում ծանոթացել իրավիճակին, և այդպես շարունակ… Իսկ ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի համար, փաստորեն, իր արձակուրդն ավելի թանկ արժե, քան ՀՀ 14 քաղաքացիների կյանքը, որոնք մահացել են թունավորումից, և այսօր բուժում ստացող 24 քաղաքացիների առողջությունը: Համաձայնեք՝ ակնահայտորեն հումանիզմի դեֆիցիտ ունենք»:
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական աշնան մոտենալուն պես՝ թեժ աշնան թեմայի աշխուժացմանը զուգահեռ‚ ավելի ու ավելի ակտիվացան հարցերն այն մասին, թե ներքաղաքական կյանքում, ի վերջո, ինչ հեռանկարներ են սպասվում։ Խոսքը նախ և առաջ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերաբերյալ է։ Ամռանը, երբ կարծես թե հարաբերական անդորրի ամիսներ պետք է լինեին, քաղաքական կյանքը եռում էր։ Ամռան շրջանում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները հանդես եկան ասուլիսներով կամ տարբեր ձևաչափերի քաղաքական քննարկումներով, ընդ որում՝ աննախադեպ։ Դժվար է հիշել, թե Սերժ Սարգսյանը երբևիցե երեք ժամից ավելի տևողությամբ մամուլի ասուլիս հրավիրած լիներ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ այսքան հաճախ հայտնվեր էկրաններին տարբեր թեմատիկ քննարկումներով։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կարողանում է երկար պաուզաներ պահել, ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում հասկանալի կամ անհասկանալի հոդված-հայտարարություններով հանդես գալ։ ՀՀ երեք նախագահների նման ակտիվությունը վկայում է, որ ներքաղաքական լուրջ գործընթացներ են խմորվում։ Գուցե առաջին հայացքից թվում է, թե դրանք ընդամենը հերթական գործընթացներ են, սակայն իրականում կան դրանց դրդապատճառները։ Ի վերջո, հենց ամռանը տեղի ունեցան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի իրադարձությունները, ձևավորվեց համագործակցություն երեք քաղաքական ուժերի միջև, որի առանցքում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են։ Իրենց դիրքորոշումներում արմատական մոտեցումները վերահաստատեցին «Սասնա ծռերը», որոնք, իրենց ոճի համաձայն, շարունակում են հոխորտալ, սպառնալ և այլն։ Ահա այսպիսի գործընթացներով էին հագեցած արձակուրդային համարվող ամառային ամիսները։
Հերթական թեժ աշնան ակնկալիքի նախաշեմին շատերի մոտ հարց առաջացավ. արդյոք ընդդիմադիր բևեռում տեղի ունեցող գործընթացները կարո՞ղ են որևէ վճռորոշ նշանակություն ունենալ իշխանության համար‚ թե՞, այնուամենայնիվ, զարգացող իրադարձությունները չեն մտահոգում ՀՀ ղեկավարությանը, ինչպես վերջիններս ցանկանում են ցույց տալ՝ ձևացնելով, թե իրենք ունեն ժողովրդի լիակատար աջակցությունը։ Այնուամենայնիվ‚ իշխանությունը մտահոգվելու կարիք ունի՞, թե՞ ոչ։ Այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ կարող են հնչել, սակայն ամենայն հավանականությամբ, իշխանությունը ոչ միայն կարիք ունի մտահոգվելու, այլև իրականում լավ էլ մտահոգված ու անհանգիստ է։ Հակառակ դեպքում այսքան նյարդային կերպով չէր պայքարի ընդդիմադիր ցանկացած դրսևորման դեմ։ Հիշենք թեկուզ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող քայլերը, որոնցով փորձում են լռեցնել նրան ու նրա ղեկավարած քաղաքական ուժին՝ ընդհուպ մինչև դատարան տանելով ու զատազրկման սպառնալիքով։ Հիշենք նաև, թե ինչ ծիծաղելի պատրվակներով է իշխանությունը փորձում ԱԱԾ, ոստիկանույուն կամ քննչական կոմիտե տանել Արթուր Վանեցյանին՝ այդպիսով հոգեբանական ճնշում գործադրելով նրա դեմ։ Սա ցույց է տալիս, որ իշխանության ձևական հանգստության, պաթոսի ու ինքնավստահության տակ իրականում թաքնված է լուրջ անհանգստություն, և հենց արմատում ցանկանում են ընդդիմության ակտիվությունը կանխել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ ընդդեմ նախարարի բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տեւական ժամանակ է՝ «Կամք» հասարակական կազմակերպությունն է Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր կազմակերպում։ ՀՅԴ երիտթեւն է պայքարում, նրանց միացել են նաեւ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր: Օրերս էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ»,- ասել էր նա։ Տեղեկացանք նաեւ, որ չի բացառվում, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը եւ առնչվում են կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածում, որը վերաբերում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելուն: ԲՀԿ-ի առաջարկի էությունն այն է, որ ԱԴ իրավական ռեժիմի որոշ նորմեր խախտելու դեպքում քաղաքացիները առաջին անգամ նախազգուշացվեն և կրկնվելու դեպքում միայն տուգանվեն: Խոսքը վերաբերում է, օրինակ, արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելուն կամ պարետային ժամի սահմանած կարգը խախտելուն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքի ղեկավարի ընտրությունները կարող են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետ Սամվել Բալասայանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը, պլաններ են գծել կրկին Գյումրին իրենց ձեռքում պահելու համար: Միսակ Բալասանյանն արդեն ջերմ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան, որ Միսակ Բալասանյանը պլանավորել է ընտրությունների ժամանակ «խաղի մեջ» ներքաշել Օիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որը Բալասանյանների հետ մտերիմ է. նրա հեղինակությամբ կաշկանդված բոլոր հնարավոր թեկնածուները մի կողմ կքաշվեն, իսկ արդեն հարմար պահի հրապարակ կնետվեն մի քանի կոմպրոմանտներ, որոնք Միսակ Բալասանյանն ունի Արթուր Ալեքսանյանի դեմ։ Այսպիսով միակ թեկնածուն կմնա հայր Բալասանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք պատրաստվում է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնոում, հայտարարեց. «Շուտ չի՞ այդ հարցերը տալու համար, ես փողոցներ եմ սարքում, հետո քաղաքական է պրոցեսը, շատ շուտ եք տալիս հարցը»: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: «Մենք պատրաստվում ենք ցանկացած քաղաքական պրոցեսի, բայց ես այս պահին որեւէ մեկին չեմ աջակցում»,-նշեց նա: Իսկ, ահա, Արթուր Ալեքսանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն եղան»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձեւավորվել Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։ Կարծում են, որ Վարդանյանն ունի բավարար պոտենցիալ եւ կարող էր ՍԴ-ի մասով իրենց քայլերն այնպիսի տեսքի բերել, որ իշխանությանն այդքան չքննադատեին։ Իսկ թե ինչու չի արել, վարկածներ են շրջանառվում։ Վարդանյանը Արարատ Միրզոյանի «պրոտեժեն» է, եւ ոմանք նրա քայլերից հեռուն գնացող հետեւություններ են անում, որ Միրզոյանն իր քաղաքական շահերն է առաջ տանում՝ իր ամենամտերիմ անձանց միջոցով։ Պատահական չէ, որ Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների եւ անգամ իր խմբակցության գործընկեր Վահագն Հովակիմյանի, դեմ է քվեարկել ՍԴ-ի եւ վճռաբեկի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելն օրակարգ մտցնելու հարցին։ Երեկ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Վարդանյանի առաջարկը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Հանձնաժողովում քննարկվում էր իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին տալ լիազորություն՝ նշանակելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Այդ հանձնաժողովում թափուր պաշտոն կա, ու այն լրացնելու համար անհրաժեշտ է մրցութային խորհուրդ ձեւավորել, իսկ դա այս պահին հնարավոր չի անել, որովհետեւ վերջին ներկայացուցիչը, ըստ օրենսդրական ձեւակերպման, խմբակցությունների համախոհությամբ պետք է նշանակվի: Ուստի որոշում կայացնել չի հաջողվել: Մինչեւ արձակուրդն այս նախագիծը քննարկվեց խորհրդարանում, արժանացավ ընդդիմության քննադատություններին, ԱԺ նախագահին մեղադրեցին իր լիազորություններն ընդլայնելու մեջ։ Երեկ հանձնաժողովում նախագիծը քվեարկության դնելուց րոպեներ առաջ Վարդանյանը հայտարարեց, որ ինքն այլ առաջարկ ունի, որ ոչ թե ԱԺ նախագահը նշանակի, այլ ընտրվի ԱԺ խորհրդի կողմից, իսկ խորհրդում ընդգրկված են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ: Առաջարկից անակնկալի եկավ նաեւ նախագծի հեղինակը եւ փորձեց հասկանալ՝ արդյոք առաջարկը Սահմանադրության հետ խնդիր չունի՞։ Ի վերջո, որոշեցին նախագծի քվեարկությունը հետաձգել եւ ուսումնասիրել հարցը։ Ակնհայտ է, որ Միրզոյանը չի ցանկանում այս փուլում քննադատությունների թիրախ դառնալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են մշակում զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով, սակայն որոշ պոպուլիստներ առաջ են քաշում համաներման թեզը։ Եվ արդեն իսկ դիմել են կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, որոնց մեղսագրվում է «ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը»: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նման խնդրանքով դիմում հղվելու է նաև նախագահին»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հուլիսի 9-ին կառավարության կողմից ընդունված և անհետաձգելի համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձևավորել և կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ: Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին: Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել և բուռն քննարկել նախագիծը, և արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաև սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, և նախագիծը կրկին մերժվել է»:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի թեման վերջին մի քանի ամիսներին հայկական հանրային օրակարգում առաջնային հարցերից մեկն է։ Օրերս ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, թե «ապրիլյան մարտական գործողություններն ավարտվել են որոշակի տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»։ Տոնոյանի հայտարարությունից օրեր անց Ստեփանակերտում մեկ այլ՝ տրամագծորեն հակառակ տեսակետ էր հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ասելով. «Այն, որ դիրքեր գրավել են, գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական, չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացողություն»։ «Փաստ» թերթի հետ տեղեկություններով, թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում բավականին տարօրինակ են համարում, որ անվտանգության հետ կապված կոնկրետ իրադարձության վերաբերյալ երկու երկրների առանցքային դեմքերի հայտարարությունները հակասում են իրար. շատերի համոզմամբ, Ստեփանակերտում նախօրեին արված հայտարարությունն ակնհայտորեն հակասում է պաշտպանության նախարարի տեսակետին»:
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր ապրիլյան պատերազմի հանգնամանքները, ըստ նախապես հայտարարվածի, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պետք է եզրակացություն հրապարակեր, որն ամփոփելու էր շուրջ մեկ տարվա աշխատանքը: ՈՒ թեեւ հանձնաժողովի նախագահն ու մյուս անդամները վստահեցնում են, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, բայց փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէ: Հանձնաժողովի անդամներից մեկը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ամփոփիչ փաստաթուղթ կազմելու մասով նիստ չեն անցկացրել, քննարկում չի եղել: «Խմբակցության ներսում քննարկում ունեցել ենք, դրույթներ ու կետեր ենք առանձնացրել, որ ներկայացնելու ենք հանձնաժողովին: Այդ ամենի համադրմամբ է, որ պետք է կազմվեր վերջնական փաստաթուղթը: Ցավոք, նիստ չենք ունեցել, բայց ես հուսով եմ, որ քննարկում, այնուամենայնիվ, կունենանք, ու ամփոփագիրը կոնսենսուսային կլինի: Եթե ոչ, ապա այն լեգիտիմ համարել չի կարելի»,- ասաց պատգամավորը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Նրան փոխարինում է իր տեղակալը։ Մեզ ասացին, որ պատճառը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտն է։ Պետրոսյանն ինքն էր Հախվերդյանին նշանակել այս պաշտոնում, սակայն հետո լարվել են հարաբերությունները, և նախկին մարզպետը ԲԿ-ի տնօրենին ուղարկել է արձակուրդ, որպեսզի այլևս արձակուրդից չվերադառնա։ Ըստ տեղեկության, ասել է՝ ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ, համարյա ինչպես Տարաս Բուլբան է դավաճան որդուն ասել․ «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»։ Հրազդանի հիվանդանոցից հաստատեցին, որ տնօրենը երկու ամիս է՝ աշխատանքի չի հաճախում, սակայն, երբ փորձեցինք գտնել որևէ պատասխանատուի, որը կբացատրեր, թե ինչու տնօրենն աշխատանքի չի ներկայանում, հեռախոսն անջատեցին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ցերեկը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցում, կրակոցներ են հնչել։ Մեզ ասացին, որ կա մեկ զոհ եւ չորս վիրավոր։ Զոհը, ըստ նախնական տեղեկությունների, քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի քրոջ որդին է։ Թեպետ զոհի մասով լուրը ոստիկանությունը չէր հաստատում, միայն ասում էր չորս վիրավորի մասին։ Նրանցից երեքին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիրահատել էին։ Մեզ փոխանցեցին, որ գնդակը մեկի որովայնն է խոցել, մյուսի՝ ծնոտը, երրորդի՝ թեւը, բայց երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Մեր տեղեկությամբ՝ Արտյոմ Կանեւսկոյը վիրավորների մեջ չկա։ Թե ովքեր են եղել կրակողները, ինչ հարց են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ, այս պահին դեռ անհայտ է, առայժմ միայն վարկածներ են շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն՝ քրեական հեղինակության ու նրա մտերիմների վրա կրակել են աջափնյակցի եղբայրներ, որոնք հին հաշիվներ են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում նորից բավական ակտիվացել է Ամուլսարի հանքի շահագործման թեման, որը գործող իշխանությունների համար դարձել է իսկական փորձաքար, քանի որ, ըստ էության, ոչ մի լուծման տարբերակ չունեն, եւ այդ մասին բացահայտ ակնարկել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի անցյալ տարի թեմայի հետ կապված այդպես էլ վերջնական եզրակացություն չհրապարակվեց, եւ կարգավորման շուրջ կողմերի միջեւ համաձայնեցում չեղավ, ավելին՝ իշխանությունը թեմայի հետ կապված ուղղակի փակուղում է, ինչի պատճառով պարբերաբար սրացումներ են լինում տարածքի բնակիչների եւ շահագործողների միջեւ։ Այս առիթով «Փաստ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց, այս օրերին Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ընթացող բողոքի ցույցերում փորձում են որոշակի դերակատարում ստանալ արեւմտյան ֆինանսավորմամբ կառույցները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման, այսպես կոչված, սորոսականները այս փուլում շրջանառում են այն պատճառով, որ ներկայումս որոշակի տարաձայնություններ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ. տեղեկություններ կան, որ նրանք ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ իշխանական խմբակցությունում։ Այն, որ, այսպես կոչված, սորոսականները իշխող խմբակցությունում զգալի ներգրավվածություն ունեն, գաղտնիք չէ: Հիմա կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ նրանք ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման եւ այս հարցով շահագրգիռ պատգամավորներին համախմբել մեկ ընդհանուր «թիմում» եւ ԱԺ-ում ստեղծել իրենց շահերը սպասարկող «սեփական օգտագործման» քաղաքական առանձին միավոր»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատանը տուգանել են մոտ 130 մլն դոլարի չափով: Այս տուգանքը վերաբերում է չլիցենզավորված գործունեություն իրականացնելուն: Ծառուկյանը չի շտապում այդ գումարը վճարել, թերևս համարելով, որ ամբողջ խաղատունն իր հարակից շինություններով այդքան չարժի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ պարալիզացված վիճակում: Գործարարները բողոքում են, որ բանկերն ըստ էության հրաժարվում են վարկեր տրամադրել: Բանկերը ոչ թե չոր մերժում են վարկերի տրամադրումը, այլ անորոշ ժամանակով հետաձգում, քանի որ նրանք էլ մտավախություն ունեն, որ տնտեսական ներկա պայմաններում գործարարները չեն կարողանա կատարել իրենց պարտավորությունները, մանավանդ որ ժամկետանց վարկերի քանակը գնալով ավելանում է»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թվայնացման գործընթացները փոփոխություններ են մտցնում աշխատաշուկայի զարգացման միտումներում։ Մի շարք մասնագիտություններ առաջիկայում միգուցե այլեւս պահանջված չլինեն, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործազրկության մակարդակը։ Պահանջարկ չունեցող մասնագիտությունները կստիպեն անցնելու վերամասնագիտացման դժվարին ուղին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանի հետ։ Կենտրոնը վերջին երեք տարվա ընթացքում աշխատաշուկայի վերաբերյալ երեք լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացրել։ Հովհաննիսյանի կարծիքով, նախկին տնտեսական համակարգն այլեւս չկա, եւ հիմա յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ մեզ համար, կարեւոր է ճիշտ տեղ զբաղեցնել նոր ձեւավորվող աշխարհում. «Այդ ճանապարհին միտում կնկատվի տեղական արտադրության ընդլայնման: Ինչպես մեր տնտեսությունը պետք է փորձի իր տեղը գտնել նոր ձեւավորվող համաշխարհային տնտեսական համակարգում, այնպես էլ, այս ընթացքում գործազուրկների շարքը համալրած քաղաքացիները պետք է փորձեն զբաղվել այն աշխատանքով, որի պահանջարկն այժմ կա»»: