Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը», - ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ԱԺ-ի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էր անցկացնում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա ասում էր, թե միայնակ ակցիա է իրականացնում՝ պահանջելով վերադարձնել քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անելու իրավունքը։
Քիչ անց Մելիքյանին միացան նաև այլ իրավապաշտպաններ՝ Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը և այլք։ Ոստիկանները մի քանի անգամ հավաքվածներին, այդ թվում և լրագրողներին, կոչ արեցին միմյանցից հեռու կանգնել, իսկ Մելիքյանին՝ դադարեցնել հավաքը։
Ավելի ուշ ոստիկանները որոշեցին իրենց օրինական պահանջը չկատարելու համար հավաքված անձանց բերման ենթարկել՝ ի դեմս Ռուբեն Մելիքյանի։ Նա իրեն բերման ենթարկելը որակեց ապօրինություն։ Մելիքյանի հետ բերման ենթարկվեցին ևս երեք քաղաքացիներ։
Ավելի ուշ Ոստիկանությունը բերման ենթարկեց նաև խաղաղ ցույցեր անցկացնելու ազատությունը վերականգնելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած իրավապաշտպաններին։
Այսօր՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում կառավարությունը որոշեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Այսպիսով արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Պատճառը երկրում տարածվող կորոնավիրուսի համավարակն է:
Ընդդիմադիրներն այս որոշամն անվանում են խաղաղ հավաքների դեմ ուղղված քայլ:
Արտակարգ դրության երկարաձգումը չունի որևէ այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումն է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԱԺ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորաես, նշել է. «Սա ուղղակի անթույլատրելի է։ Այս ողջ գործընթացի օրինականությունը շուտով դառնալու է մանրամասն քննության առարկա»: