Փաշինյանը սպառնում է տոտալ լոքդաունով, թեև համարում է այն ոչ էֆեկտիվ
Լոքդաունի ոչ էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է և մեր ուղերձը շարունակում է մնալ նույնը. մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարենք այս իրավիճակը: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող է գալ մի իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան վերադառնալ տոտալ լոքդաունի վիճակի: Ընդ որում, ունենք հաշվարկներ, եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, այսինքն մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակներում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի մեր առողջապահական համակարգի համար, այսինքն մենք կկարողանանք սպասարկել մեր բոլոր հիվանդներին: Բայց եթե դրանից էականորեն ավելի իրավիճակ ունենանք, մենք կարող ենք ուղղակի ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, դա իրենց համար ունի գաղափարախոսական կարևոր նշանակություն, և ինչպես մյուս բոլոր հարցերի լուծումը, այս հարցի լուծումը իրենք նույնպես տեսնում են կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ: Այսինքն, կառավարության և ժողովրդի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, և պետք է բոլորով գնահատենք իրավիճակի լրջությունն ու արձանագրենք, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքից է կախված այս իրավիճակի հետագա զարգացումը.
«Եվ ես կարծում եմ, որ այո Հայաստանում պետք է սկսի հակահամաճարակային շարժում: Եվ եթե ֆորմալ, նորից ինչ-որ զրոյական կետ է պետք ֆիքսել, կարծում եմ, որ հենց այսօրվա մեր հանդիպումը կարող է լինել այդ սիմվոլիկ զրոյական կետը, որով մեզնից յուրաքանչյուրը, ես ինքս պարտավորվում եմ, որպես նախկինում այդ կանոններն ըստ ամենայնի պատշաճ չպաշտպանած մարդ, որի ապացույցը այն է, որ ես ինքս վարակվեցի կորոնավիրուսով և հաղթահարեցի, անձամբ անվերապահ ճշգրտությամբ պաշտպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության և կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևել այս օրինակին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: