Գազի սակագների շուրջ հայ-ռուսական բանակցությունների նպատակը բնակիչների և ձեռնարկությունների համար գնի իջեցումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Այսօրվա դրությամբ բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ մենք հնարավորություն ունենանք սակագների իջեցման՝ բնակիչների համար։ Թողեք բանակցությունները ավարտվեն, արդյունքների մասին ձեզ տեղյակ պահենք»,- ասաց նախարարը՝ անպատասխան թողնելով
VERELQ-ի լրագրողի հարցն առ այն, թե ստեղծված պայմաններում գազի ինչպիսի սկագաներ է խելամիտ համարում հայրենի կառավարությունը:
Վերջին տարիներին Ռուսաստանը մի քանի անգամ իջեցրել է գազի գինը Հայաստանի համար, սակայն դրանք հիմնականում պայմանավորված էին դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով, ուստի սպառողների համար գազի սակագինը չի փոխվել: Անցած տարի ռուսական գազի 1000 խորանարդ մետրի գինը սահմանին նվազեց և դարձավ 165 դոլար, բայց բնակիչների և ձեռնարկությունների համար գինը մնաց նույնը՝ 320 դոլար:
Այնուամենայնիվ, սահմանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլար գինը ուժի մեջ է մինչև ապրիլի 1-ը, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դեռ որոշում չկա: Մեր հարցին՝ ապրիլի 1-ից հետո գազի ինչ սակագներ են գործելու, Յոլյանը պատսխանեց. "Ապրիլի 1-ից հետո մենք հույս ունենք, որ գազի սակագաները կնվազեն":
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է պայմանավորվածություն ձեռք բերվի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 7-ին կայանալիք երևանյան այցի ընթացքում, նա պատասխանեց քմծիծաղով. «Ամեն ինչ հնարավոր է էս կյանքում, ես ձեզ ի՞նչ պատասխանեմ»։
Միևնույն ժամանակ նախարարը ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը, որ գազային բանակցությունները ընթանում են սահմանին 120 դոլար գնի շուրջ. «Բանակցությունների մանրամասների մասին կիմանաք վերջնական իրավիճակը ճշտելուց հետո»։
Յոլյանը տեղեկացրեց՝ ապրիլի 11-ին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները, որի ժամանակ վերջնական լուծում կստանա իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան հասցնելու հարցը:
«Գնում են բավականին ակտիվ աշխատանքներ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավելու տարածաշրջանային բոլոր խնդիրներում։ Եվ էլեկտրաէներգիայի, և գազի շուրջ բանակցությունները գնում են, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում, պարզ չէ, որ տրանզիտի գումարներ են հաստատվում, բյուջեում փող է մտնելու դրանից՝ ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի համար»,- ասաց Յոլյանը՝ չհայտնելով այլ մանրամասներ։