23.11.2024
Ժամանակն է երազելու և գործելու. Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը
prev Նախորդ նորություն

Հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հեռացող նախագահ Բակո Սահակյանի հետ իր հարաբերությունների մասին:


Մայիսի 21-ին ելույթ ունենալով երդմնակալության արարողության ժամանակ նա շնորհակալություն հայտնեց Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, «մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար»:


Նա հիշեցրեց, որ վերջերս նեղ կազմով քննարկումների ընթացքում ասել է, հիմա էլ ցանկանում է կրկնել հրապարակային. «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով»:



«Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար», - ասել է Փաշինյանը:


Այնուհետև նա շնորհավորեց Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:


«Համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նախագահության շրջանում Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կդառնա:


Հայաստանի կառավարությունն ուշի ուշով հետևել է Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ընտրություն¬ներից առաջ ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն:



Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղա¬փոխու¬թյան թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին:


Արցախը հեղափոխության թատերա¬բեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղա¬փոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխու¬թյունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարու¬թյանը:


Թե խորհրդարանական և թե նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի:


Այս ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է և Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունք¬ներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխում¬ների քաղաքա¬կան ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը: Այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի և Արցախի իշխանությունները միասնական և հավաքական պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, բարեփոխումներ իրականացնել Արցախում:



Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններ, մարդիկ պետք է զգան այդ փոփոխությունները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, ընտրական համակարգի արդարության և վստահելիության ոլորտներում և համոզված եմ, որ այդ փոփոխությունները տեղի կունենան:


Սա ընդամենը քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձևակերպված ըմբռնում, եթե չասենք պայմանավորվածություն, Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև: Եվ ուզում եմ հստակ ընդգծել, պարոն Հարությունյան, որ հավատում եմ բարե¬փոխումների, ստեղծարար փոփոխու¬թյունների ճանապարհով գնալու Ձեր քաղաքական կամքին ու վճռակա¬նությանը:


Ես հավատում եմ, որ երկար տարիներ Արցախի վարչապետ եղած լինելու Ձեր փորձառությունը մեզ պիտի ոչ թե տանի անցյալի ճանապարհներով, այլ պիտի օգնի չկրկնել անցյալի մեր սխալները, պիտի օգնի իմաստնության դասեր քաղել անցյալի սխալներից, որովհետև մեր սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են, եթե իհարկե մենք սովորելու, սերտելու կամք ունենք, մեր սխալները առաջ գնալու, խոչընդոտները հաղթահարելու ամենամեծ խթանն են, եթե իհարկե մենք առաջ գնալու կամք ունենք:


Եվ իմիջիայլոց, փոփոխություններ ասելով մենք բոլորս սովորաբար հասկանում ենք իրականության փոփոխության ֆիզիկական հատկանիշ¬ները. կառուցված ճանապարհներ, նորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ, ջրագծեր ու զբոսայգիներ: Այս ամենը չափազանց կարևոր են: Բայց կառուցված ճանապարհը կարող է քանդվել, նորոգված շենքն ու դպրոցը մաշվել, ջրագիծն ու զբոսայգին դառնալ անօգտագործելի, այսպիսով ցույց տալով փոփոխության մակերեսային, ձևական բնույթը: Նույնը վերաբերվում է այսպես ասած հին ու նոր պաշտոնյաներին, որովհետև ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից:


Եվ ուրեմն, շատ ավելի կարևոր է ու տևական այն փոփոխությունը, որը տեղի է ունենում մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի ներսում, մեր մտածողության ու հոգեբանության մեջ, մեր վարքագծի ու վարվելակերպի մեջ:


Եվ ուրեմն, ես հավատում եմ, որ մեր ազգային կյանքում, մեր անհատական վարքագծում՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, վարչապետից մինչև շարքային զինվոր, եկել են այսպիսի փոփոխությունների ժամանակներ:


Այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքները մեզ թույլ կտան ուղիղ նայել մեր նահատակների, զավակների, մայրերի, կանանց ու քույրերի աչքերի մեջ», - ասաց Հայաստանի վարչապետը: