VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մի քանի քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված Երևանի նախկին քաղաքապետ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանում չէ։ ԱԱԾ-ն ևս վերջին քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելիս նշել էր, որ Գագիկ Բեգլարյանը լքել է Հայաստանը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բեգլարյանի փաստաբանն արդեն իսկ նշել է, որ իր պաշտպանյալը Հայաստանից մեկնել է 2019 թվականի սեպտեմբերին՝ բուժման նպատակով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը ևս ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ավելին՝ նա արդեն շրջում է ՌԴ քաղաքացու անձնագրով, որը հավաստող լուսանկարը մեր ձեռքի տակ է։ Այսպիսով Բեգլարյանը դարձավ 7-րդ նախկին պաշտոնյան, ով, արդարադատությունից խուսափելով, թաքնվում է Ռուսաստանի Դաշնությունում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ բնակչությունը կքում է վիթխարի կոմունալ վճարների տակ, «Գազպրոմ Արմենիայի» ապահով տանիքը շարունակում է այս կառույցը «ընտանիքի» վերածելու գործընթացը։ «Ժամանակ»-ը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի ղեկավար Լեւոն Միքայելյանի 22-ամյա որդին Աջափնյակի գազի գրասենյակի ղեկավարն է: Այն ժամանակ գրել էինք, որ նա այդպիսով փորձում է հետ չմնալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուց, ով «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրենն է։ Եվ ահա նրանց գումարվեց նաեւ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանը։ Նա էլ նշանակվել է «Տրանսգազ»-ի փոխտնօրեն՝ ֆինանսական գծով։ Ավետիքյանի մաքսայինում աշխատած տարիները աշխատակիցները շատ պատկերավոր են հիշում։ Նրանց խոսքով՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ժամանակին ֆիզիկապես կաշառքը կարող էին տալ երկու հոգի՝ մաքսայինի ստվերային գումարներից Սամվել Ավետիքյանը, հարկայինից՝ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության երկարամյա ղեկավար Ռաֆիկ Մաշադյանը։ Նրանցից Ավետիքյանը փաստացի նվաճում է նորանոր բարձունքներ, իսկ Մաշադյանը՝ պատվով կրում է «պետական օլիգարխի» տիտղոսը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր ժամը 17:50-ին կկայանա Սահմանադրական կարգի տապալման հարցով հերթական դատաքննությունը եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, ՀՀ 3 եւ Արցախի մեկ վարչապետերի միջնորդությունը մերժո՞ւմ է, թե բավարարում: Այսինքն՝ Քոչարյանը ազատ կարձակվի՞, թե կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը եւ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որեւէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը: Մի շարք իրողություններ իրար հետ համադրելով կարելի է ենթադրել, որ Դանիբեկյանը բաց կթողնի Քոչարյանին, որովհետև միջնորդություն ներկայացրել էին նաեւ Արցախի նախկին ու գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը եւ անցած տարի մայիսի 18-ին Քոչարյանն ազատ արձակվեց: Բայց, չնայած տվյալ նախադեպին, այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք մարդկայնորեն կարող են դատավորին դրդել կայացնելու այլ որոշում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավորին, վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Սակայն այս դեպքերից հետո Դանիբեկյանի գործընկեր Վազգեն Ռշտունին որոշում էր կայացրել և ազատ էր արձակել մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին: Եվ Դանիբեկյանը գործընկերների կողմից սա վիրավորական է համարել: Նաև այս ընթացքում տեղեկատվական ահռելի արշավներ են կազմակերպվել նրա դեմ, որից ևս վիրավորված է: Թե ինչ որոշում կկայացնի, միանշանակ դժվար է կանխատեսել, բայց ամենայն հավանականությամբ, դատելով իրավիճակից, Աննա Դանիբեկյանը կալանքի տակ կթողնի Քոչարյանին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից որեւէ մեկը: Ըստ մեր տեղեկությունների այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը Էլեոնորա Ավանեսյանը ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ: Ըստ մեր տեղեկությունների, այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում: Նշվում է նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով Արցախի նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ այն մարդաշատ չլինի, բայց այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին եւս հրավերներ կուղարկվեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են: Ու արդեն այդ ժամանակ կստակեցվի, թե պաշտոններն ինչպես «կբաշխվեն»: Ըստ մեր տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռեւս որեւէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին Մասիս Մայիլյանին նշանակելու հարցը եւս դեռեւս առկախված է՝ վերջնական որոշում չկա: Թեեւ Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, դիմել նրան պարոն նախագահ դիմելաձեւով: Ըստ մեր տեղեկությունների հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու պատգամավորի իր մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ, որպես շարքային պատգամավոր ու քանի որ Արցախի ԱԺ-ն «երիտասարդացել» է՝ Ղուլյանը ցանկանում է զիջել իր մանդատը երիտասարդներին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չհամարձակվե՛ք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի վրա, չփորձե՛ք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին»,- դիմելով «քայլող» պատգամավորներից մեկին՝ ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Սոցցանցերում շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ պատգամավորը կարող է բղավել ՄԻՊ վրա, սպառնալ նրան: Իրականում հազիվ թե զարմանալու բան է մի խորհրդարանում, ուր միմյանց վրա բղավելը, միմյանց վիրավորելն ու հայհոյելը դարձել են սովորական երևույթներ, ուր իշխող խմբակցության պատգամավորների զգալի մասն այնպիսի ջանասիրությամբ է տեղավորվել «իշխանության դիրքերում», որ իրենց հետ ինչ-որ հարցում անհամաձայն անխտիր բոլորի հետ կարող են խոսել մեծամտության ու հոխորտանքի լեզվով, սպառնալիքի լեզվով: Սա էլ զարմանալի չէ, քանի որ ոչ մեկ անգամ նման պահվածքն արդարացվել է հենց թիմի ղեկավարի կողմից, ավելին՝ հենց նրա կողմից են հնչել սպառնալիքներ, այդ թվում՝ «պադյեզդներում ասֆալտին փռելու»: ՄԻՊ խոսքերի ժամանակ ԱԺ նախագահը կոչ էր անում առավել հարգալից լինել պատգամավորի հետ: ԱԺ նախագահն իրոք պետք է պաշտպանի պատգամավորների շահերը, այստեղ նա իրավացի է: Սակայն ցավալի է, որ կիրառվում են երկակի ստանդարտներ, երբ ոչ մի անգամ նկատողության չեն արժանանում չափերն անցնող, վիրավորական արտահայտություններ անող «իմքայլականները», սակայն նկատողության են արժանանում ընդդիմադիր պատգամավորներն ու ՄԻՊ-ը: Նույնը վերաբերում է նաև մեծամասնության խմբակցության ղեկավարին, որը յուրատեսակ խրոնոլոգիայով փորձում էր «ապացուցել» Փաշինյանի խոսքերը, թե երկու տարի հենց իշխանություններն են վիրավորանքի արժանանում, ճնշումների ենթարկվում: Այո, անթույլատրելի է ցանկացած վիրավորանք, ճնշում, հայհոյանք: Բայց էլի գործ ունենք մանիպուլ յատիվ երկակի ստանդարտների հետ, ինչը, ցավոք, այս իշխանությունների համար դառնում է բնավորություն: Հակառակ խրոնոլոգիան անհամեմատ ավելի մեծ ցուցակով է, ինչի արդյունքում ստեղծված մթնոլորտի հետևանքները գնալով խորանում են: Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ են մտածում ՌԴ-ում՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին այնտեղ տեղավորված, բայց հետախուզման մեջ գտնվող մեր իրավապահ համակարգի նախկին բարձր պաշտոնյաները: Նրանց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ նախկին գլխավոր դատախազ, այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեւորգ Կոստանյանը: Հենց պարոն Կոստանյանից էլ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ է նա մտածում, օրինակ, մեծ աղմուկ հանած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ, որն արդեն իսկ վավարեցված է նախագահի կողմից: Սակայն պարոն Կոստանյանը բարյացակամ տոնով միայն նշեց. «Կխոսեմ, անպայման կխոսեմ, բայց ոչ հիմա: Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը սկսել է ՍԴ գնալ՝ օրվա տարբեր ժամերին։ Նա աշխատակիցներից մեկին հարցրել է. «Մյուս աշխատողները չե՞ն գալիս գործի»: «Չէ, կարանտին է, սահմանափակումներ են, ըստ անհրաժեշտության են գալիս»: Մենք հարցրինք՝ իսկ Վահե Գրիգորյանն ամեն օր գալի՞ս է։ «Երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ԱԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Եթե Բաղրամյանի վրա գրասենյակ վարձեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան վարձ կտար»: Բայց նաեւ փող է ստանում չէ՞ «գրասենյակի» համար՝ ստանո՞ւմ է աշխատավարձ։ «Այո, իհարկե, կանոնավոր փոխանցում ենք, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված»: Իսկ ՍԴ-ն նիստեր անո՞ւմ են: «Այո, երեքշաբթի նիստ է նշանակված»: Առցա՞նց։ «Ոչ, դատավորները նիստերի օրը գալիս են, խորհրդակցական սենյակը տեղափոխել ենք գրադարան, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն, նիստերն անում ենք դատավորների ներկայությամբ»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ՍԴ հարցի հետ կապված, կարծես թե, որոշման են հանգել մասնավորաբար այն առումով, որ պատրաստվում են գնահատականներ տալ։ Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունը նախ եւ առաջ պատրաստվում է իրավաքաղաքական գնահատականի արժանացնել ՍԴ գործունեությունը եւ կոշտ դիրքորոշում հայտնել։ Այս կերպ իշխանությունը փորձ է անելու արդարացնել ՍԴ հետ կապված իրենց ծայրահեղ քայլերը։ Թերթի տեղեկություններով, հնարավոր է գումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի առաջնային հարցը վերաբերելու է համապատասխան տեքստի քննարկմանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցի հետ կապված իշխանական ու մերձիշխանական իրավաբանական թիմն ու իրավաբան պատգամավորները, ՍԴ յոթ դատավորներից ազատվելու հանրաքվե-ԱԺ քվեարկություն դիլեմայից զատ, համագործակցելով թիմի «սփիչռայթերների» հետ, արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստում են այս հարցը «եփելու» գաղափարը, մասնավորաբար, համապատասխան հայտարարության տեքստ է նախապատրաստվում»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «լայվ»-քննարկումից հետո փորձագիտական շրջանակներն ու հասարակության այլ շրջանակներ եզրահանգման եկան, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի հայտարարած դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու եւ ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու գաղափարը, կարծես թե, մեռավ՝ դեռ չծնված։ Բադասյանը Փաշինյանին ներկայացրեց, որ դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելը ոչ այդքան արդյունավետ միջոց է եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն գրել էր, որ ՀՀ իշխանությունները համընդհանուր վեթինգ անցկացնելու ռիսկեր են տեսնում, այդ թվում՝ այն առումով, որ իրենց կադրային «բանկում» չունեն համապատասխան թվով դատավորներ, որոնք կկարողանան լրացնել դատավորների թափուր հաստիքները։ Այս առումով, սակայն, թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, իշխանությունները համապարփակ վեթինգի գաղափարից հրաժարվել են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ «դրսից» ստացած կոշտ տեսակետներից հետո։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի հատուկ մասնագիտական հանձնախմբի կողմից Հայաստանի իշխանություններին է ուղարկվել բավականին կոշտ գնահատականներով ներկայացված մի զեկույց, որում հստակ նշվել է, թե ինչ հետեւանքներ կունենա «վեթինգ» ասվածը ՀՀ միջազգային վարկանիշի եւ դատաիրավական ոլորտի վրա, ընդգծել կոնկրետ թիրախներն ու առանձին դրույթներ։ Վենետիկի հանձնաժողովի գնահատականին գրեթե զուգահեռ, ըստ նույն աղբյուրի, նմանօրինակ մի գնահատական է հնչել նաեւ ԵԽԽՎ-ից եւ Եվրահանձնաժողովից՝ հայաստանյան իշխանություններին բաց ակնարկներ անելով ու առաջարկելով «ավելի լուրջ ու կառուցողական գործերով զբաղվել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շուրջ 2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ նրա նշանակումից մինչ օրս ՌՈ-ում ներքին խմորումները չեն դադարում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռազմական ոստիկանությունում կան նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող տարբեր ստորաբաժանումների պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսանդր Աղաջանյանի նշանակման հետ եւ դեռ ավելին, վերջինս նրանց աշխատանքից ևս գոհ չի եղել: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Աղաջանյանն իր մոտ է կանչել նրանց եւ «հաթաթա» տվել՝ եթե աշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի՝ ազատման դիմում կգրեք: Ավելին, այդ աշխատակիցները դիմել են իշխանության ներսում իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Աղաջանյանին, սակայն նրանց բացատրել են, որ իրավիճակ է փոխվել եւ պետք է գնան ու գլուխները կախ աշխատեն: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Պարոն Աղաջանյանն ընդամենը ասել է՝ եթե կթերանան՝ կարժանանան համապատասխան գնահատանքի, այսինքն կիրականացվի տույժ, կիրակակացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել»: Հավելելնք, որ ՌՈ պետ Ալեքսան Աղաջանյանին ԺՊ պարտականությունները կատարելուն մնացել է 3,5 ամիս եւ հայտնի չէ, թե արդյոք նա կնշանակվի պետ, թե ոչ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել է պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ՊԵԿ-ը ստուգում է իրականացրել նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում և հայտնաբերել է չարաշահումներ, որոնք վերաբերում են բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբոր ղեկավարած կառույցում մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն էր հայտնաբերվել։ Բայց դրանից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն էր ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը։ Բայց ՊԵԿ-ում փաստացի անդրդվելի են գտնվել, մի բան էլ ակնարկել են, որ Ցոլակյան եղբայրները պետք է շնորհակալ լինեն իրենց «մեղմ» ստուգման համար, և որ չեն արձանագրվել այլ փաստեր՝ կապված հարազատ-բարեկամներին որպես աշխատող գրանցելու և այլնի հետ։ Ավելին, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ից Ֆելիքս Ցոլակյանին «զգուշացվել» է չխորանալ, չբողոքարկել ստուգման ակտը, չհասնել դատարան, այլապես խախտման թիվը կարող է աճել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 14-ին արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս հետաձգվի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որը ստիպված կլինեն անցկացնել արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո։ Մենք տեղեկացանք, որ միայն հասարակական տրանսպորտը դեռեւս չի աշխատի, հարցը կքննարկեն արտակարգ դրությունը երկարացնելուց օրեր անց, փոխարենը կգործեն առեւտրի մեծ կետերը՝ մոլերը։ Մի վերապահում են միայն անում՝ եթե 2 շաբաթ անց վիճակը վատանա, ապա նորից կանցնեն սահմանափակումների խստացման ռեժիմին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը նախատեսում է Քննչական կոմիտեի լիազորությունների ընդլայնում: Օրենքի 17-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ. «Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք»… Գործող օրենքը նախատեսում էր, որ պաշտոնի կարող են նշանակվել միայն «պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք», բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն է ահազանգել քաղաքացի, ով դժգոհում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս մարդատար մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում: Մեր զրուցակցի խոսքով. «Ուրբաթ օրը որոշել էի գնալ Թբիլիսի՝ ծանր վիճակում գտնվող հարազատիս տեսակցելու: Գիտեի, որ մարդատար մեքենաների նկատմամբ չկա սահմանափակում: Բայց սահմանին պարզվեց, որ մարդատար մեքենաները ճանապարհում են` ըստ հայեցողության: Չգիտեմ, թե ինչ մոտեցումով են որոշում՝ որ մեքենան թույլ տան սահմանը հատի, որին՝ ոչ: Մի շարք մեքենաներ, առանց որեւէ խոչընդոտի, շարունակեցին ճանապարհը: Մեզ, առանց որեւէ բացատրության, պահանջեցին վերադառնալ: Ինչո՞ւ, անհասկանալի է: Մինչդեռ եթե պաշտոնական հստակեցում լիներ, որ այս-այս չափանիշներին չբավարարելու դեպքում հնարավոր չէ սահմանը հատել, գոնե այդքան գումար ու ժամանակ չէինք վատնի՝ անիմաստ սահման հասնելու եւ վերադառնալու համար»: Թե ինչ են մտածում կառավարությունում եւ ԱԳՆ-ում այս վիճակի մասին, կփորձենք ներկայացնել առաջիկայում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի աշխատանքից ազատվեց Երեւանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որն իջեւանցի է եւ պաշտոնի էր նշանակվել Սիփան Փաշինյանի միջնորդությամբ. կոմունալի պետի քրոջ որդին հաղթում էր աղբամանների մրցույթում, իսկ հանձնաժողովի նախագահն ինքն էր՝ աղմուկ բարձրացավ, Հայկ Մարությանը հրաժարական պարտադրեց, սակայն այսօր կրկին սկանդալ է հասունանում աղբամանների հետ կապված։ Ի՞նչ է կատարվում՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին։ «Խնդիրն առնչվում է աղբամանների վերջին խմբաքանակին, որը պետք է ընդունվեր փետրվարին, սակայն հանձնում-ընդունումը ձգվել է մինչեւ այսօր»: Ճի՞շտ է, որ եկած խմբաքանակը չի համապատասխանել կանխավ նշված տեխնիկական բնութագրերին։ «Մենք եւս նման տեղեկություն ունենք, մանավանդ, որ դրանց ստացումից հետո հայտարարվել է նոր մրցույթ` փոխված տեխնիկական բնութագրերով, ապաեւ` նախկին մրցույթը շահած կողմը վիճարկում է այդ փոփոխությունները եւ մտել է գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ քաղաքապետարանի, եւ վիճարկում է մրցույթի օրինականությունը»: Ասում են` այս անգամ մրցույթը հաղթել է քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանի «մարդը»։ «Կդժվարանամ ասել` այդպե՞ս է, թե՞ ոչ. հատկանշական է, սակայն, որ մրցույթ, որպես այդպիսին, չկա, մատակարար կազմակերպությունները տարբեր են, արտադրողը` նույնպես։ Այսինքն` բերվում է նույն ապրանքը, չկա նաեւ գնային տարբերություն՝ շատ մոտ թվեր են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներն արդեն ամիսներով տուն չեն գնում: Հայ բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր համացանցում լուսանկարներ, տեսանյութեր են հայտնվում, շնորհակալական խոսքերի պակաս չկա, բայց պետությունից արժանապատիվ վարձատրություն չեն ստանում, խոստումներն էլ լիարժեք չեն իրականացվում։ Օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդները, բուժքույրերն ու բժիշկները առողջապահության նախարարության խոստացած կրկնակի աշխատավարձերը չեն ստացել։ Եթե սովորական պայմաններում շարքային բուժքույրերը մեկօրյա հերթապահության համար ստանում էին 17 հազար 500 դրամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրականացվող աշխատանքների դիմաց պետք է կրկնակի վճարվեին՝ 35 հազարական դրամ, սակայն ապրիլ ամսին նրանց վճարել են ընդամենը 30 հազար դրամ, բժիշկներին՝ 40 հազար։ Ու սա այն պարագայում, երբ բուժաշխատողների մեկամսյա աշխատանքի 14 օրը տրամադրվում է աշխատանքից հետո նրանց մեկուսացման համար, եւ ստացվում է, որ մեկ ամիս ընտանիքից կտրվում են, իրենց կյանքը վտանգում եւ այդ աշխատանքի դիմաց, որը 5-7 հերթապահություն է կազմում, ստանում են ընդամենը 150-190 հազարական դրամ աշխատավարձ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: Իսկ ինչի՞ համար է նա սպանել «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանին: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ Արման Գրիգորյանը առեւանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել: Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ ազատազրկման դատապարտվել: Եվ, ահա, տարիներ անց՝ բանտից դուրս գալուց հետո, գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր եւ հաշվեհարդար տեսել նրա հետ ու սպանել նրան: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին բացատրել է, որ այսքան տարիներ անց չի ներել Ա. Բադոյանին, որ նա նշանված է եղել մի աղջկա հետ, որին սիրել է նաեւ ինքը: Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը« մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ եւ դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»: