VERELQ-ը ներկայացնում է հայաստնյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակի» տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի առաջիկայում հայտարարվելիք մրցույթին մասնակցել են պատրաստվում մի քանի թեկնածուներ, նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ու ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը: Հովհաննես Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողներից է, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել 2018 թվականին: Նա մեր տեղեկությունը չցանկացավ մեկնաբանել, սակայն նաեւ չհերքեց: «Այս պահին մեկնաբանություն չունեմ, դեռ հայտարարված մրցույթ չկա»,- ասաց նա: Կինոյի եւ հեռուստատեսության ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց մրցույթին մասնակցելու մտադրությունը՝ հավելելով. «Եթե այդ մրցույթը կա ու ձեւական բնույթ չի կրելու, ապա՝ այո»: Ռեժիսորը նաեւ հայտնեց, որ արդեն կետ առ կետ գրել է կառավարման նախնական պլանը: Այս պահին Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Սարգսյանը: Մինչեւ այս նա զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սարգսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ երբ հրապարակվեն թափուր պաշտոնի մրցույթի պայմանները, տեսնի՝ համապատասխանում է, որոշում կկայացնի՝ մասնակցե՞լ դրան, թե չէ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշման մասին: Նկատենք, որ վարչապետը երեկ շրջել է Երեւանի փողոցներում՝ հասկանալու համար՝ արդյոք ՀՀ քաղաքացիները պահպանում են պահանջները վիրուսի կանխարգելման համար, ապա նշել, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ չունեն: Իսկ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ վարչապետն իր որոշումը կհայտնի կառավարության նիստում, եւ ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի՝ արտակարգ դրության հարցը քննարկելու համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը նախապատմություն ունի: ՀՀ կառավարությանը մի խումբ իրավաբաններն են համոզել կրկին Հայաստանում երկարաձգել արտակարգ դրությունը: Բանն այն է, որ երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելը շատերի կարծիքով անիմաստ է այն դեպքում, որ գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակումները հանված են: Բայց իրավաբանները վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ միայն արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտության դեպքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կկարողանա շտապ որոշումներ կայացնել, հակառակ դեպքում հրատապ հարցերի վերաբերյալ կառավարությունը ստիպված կլինի անհրաժեշտ որոշումները օրենքով սահմանված կարգով ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են նաեւ, որ թե՛ կառավարությունում, թե՛ օրենսդիր մարմնում դեմ են արտակարգ դրության երկարաձգմանը, բայց իրավական առումով կազուսային իրավիճակ կստեղծվի, եթե այն չերկարաձգվի: Հիշեցնենք, որ առկախված է մնում նաեւ սահմանադրական հանրաքվեի հարցը, որը կարող է չկայանալ միայն արտակարգ դրության պայմաններում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածման տեմպերը Ռուսաստանում աննախադեպ են, եւ հիվանդության պիկին դեռ չեն հասել, բայց կարանտինի ամենաբարձր ռեժիմն է կիրառվում, Մոսկվայում՝ հատկապես։ 4 հայտնի պաշտոնյա է արդեն վարակվել, այդ թվում՝ վարչապետ Միշուստինը եւ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վարակից զերծ չեն մնում նաեւ Ռուսաստանում ապրող հայերը, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում: Ի դեպ, մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակվել, մոսկովյան հիվանդանոցներից մեկում արդեն բուժվել է նաեւ ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը դասախոսում է ՌԴ դատախազության համալսարանում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին և քաղաքագետ Գագիկ Համբարյանին: Հակոբյանը պահանջում է հրապարակել հերքում և ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունները: Նա «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ 4 անձանց էլ դատի է տվել նույն պատճառով` զրպարտության համար. «Ակնհայտ սուտ տեղեկություն են տարածել իմ վերաբերյալ` ծխախոտի մաքսանենգության մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը վաճառքի է հանել իր Hyundai Sonata ավտոմեքենան։ Մեքենայի լուսանկարները՝ առանց պատգամավորական համարանիշների՝ իհարկե, արդեն միջնորդի միջոցով տարածվում ենէ համացանցում։ Բայց մենք կռահել էինք, որ սա հենց նրա ավտոմեքենան է։ Հակոբյանը չհերքեց մեր տեղեկությունը։ «Վաճառում եմ՝ նորը գնեմ՝ ավելի ամուր մեքենա։ Hyundai Sonata-ն ցույց տվեց, որ մի քիչ ավելի թույլ մեքենա է, ես սիրում եմ, որ մեքենան ծառայում է տիրոջը»։ Հիմա Դո՞ւք եք իրեն «ծառայում»։ «Էս մեկի դեպքում՝ հա, մի քիչ շատ էր վրան գործ բացվում, որոշեցի վաճառել»։ Հակոբյանը դեռ չի որոշել, թե ինչ մեքենա է գնելու, բայց ավելի թանկ ու ավելի լավ մեքենա կգնի, ենթադրաբար՝ ամենագնաց, որ դիմանա հայաստանյան ճանապարհներին։ «Արժեքը չգիտեմ, սրա վրա գումար կդնեմ, երեւի, մի քիչ կավելացնեմ՝ կառնեմ, գումարն էլ վարկ եմ վերցնելու»։ Պարզվում է՝ հին մեքենան մոտ 6 հազար 500 դոլար արժի։ Հակոբյանը պատգամավոր դառնալիս BMW X5 է ունեցել, որը նույն տարում վաճառել է եւ այս Sonata-ն է ձեռք բերել, որը, փաստորեն, լավ չի ծառայել պատգամավորին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրապարակվել է հայտնի գործարար Միխաիլ Բաղդասարովի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրող ընկերության սեփականատերը, այս տարվա մարտի 10-ից սնանկ է ճանաչվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Բաղդասարովի պարտատերի ցուցակի առաջին հորիզոնականում է: Բանկին Բաղդասարովը պարտք է ավելի քան 45 հազար դոլար: Ի դեպ, ցանկի երկրորդ տեղում իր կողմից ստեղծած «Արմավիա» ավիաընկերությունն է, որին կուտակած պարտքը կազմում է ավելի քան 6.6 հազար դոլարին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաղդասարովը պարտք է նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին 280 հազար դրամի չափով: Նշենք, որ Բաղդասարովը մոտ 73 մլն դրամի չափով պարտք է նաեւ Վահե Խաչատրյան անունով մի քաղաքացու, որն էլ հենց Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դիմել էր դատարան: Բացի այս, գործարարը պարտք է նաեւ «Բիբլոս Արմենիա», «Էյչ Էս Բի Սի» բանկերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասարովի պարտատերերի ցանկը դեռ կավելանա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստանը» հեռացավ ԱԺ դահլիճից՝ հայտարարելով, որ առ ժամանակ չեն մասնակցի նիստերին։ Ապա հաջորդեց վարչապետի ելույթը, ԼՀԿ-ն դրանից հետո ԱԺ չի վերադարձել։ Ե՞րբ են դադարեցնելու քաղաքական բոյկոտը, հարցին խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Մենք չենք բոյկոտել, պարզապես քննարկում ենք մեր հետագա անելիքները, մարտավարությունը։ Դահլիճից հեռանալուց հետո սպասում էինք քաղաքական գնահատականի եւ արձագանքի, բայց դեռեւս միակ գնահատականը, որ լսել ենք, դա մոտավորապես այն էր, որ «հենց սադրեք, ծեծելու ենք ձեզ», իսկ սադրանքն այս դեպքում քաղաքական ելույթն էր»։ Նախատեսվում է ԱԺ հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար, կներկայանա՞ք։ «Եթե լինի՝ կքննարկենք, ձեզ կհայտնենք»։ Ինչի՞ց է կախված ձեր վերադառնալը։ «Անիմաստ է որեւէ բան ակնկալել մի ուժից, որտեղ խրախուսում են բռնությունը, վիզ կտրելը, սպառնալիքը եւ այլ փողոցային խուլիգանություններ։ Մեր որոշումները կախված են լինելու մեր քննարկումներից, բայց ո՛չ երբեք այլ քաղաքական ուժի գործողություններից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը կկայանա այսօր, ժամը 16-ին: Այս գործով մեկ անգամ արդեն նշանակվել էր նիստ, սակայն պաշտպանների միջնորդությամբ՝ կորոնավիրուսի հիմքով հետաձգվել էր։ Այս անգամ հետաձգման միջնորդություն չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Նրանց «զանցանքներն» առնչվում են Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 3 ամիս դատական պրոցեսը ձգձգելուց հետո մայիսի 8-ին վերսկսված դատավարությունում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված էր քննարկել չորս վարչապետների ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Եվ չնայած Քոչարյանի հիվանդությանն ու կորոնավիրուսի հետ կապված վտանգներին, չնայած 4 վարչապետների անձնական երաշխավորությանն ու փաստաբանական խմբի ջանքերին, դատավորը մերժեց միջնորդությունը, եւ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանավայրում, իսկ Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի, որի վերջնարդյունքում ո՛չ Մարտի 1-ի գործում հստակություն կմտցվի, ո՛չ արդարության եւ արդարադատության հանրային պահանջները կբավարարվեն»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչեւ հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից եւ հրաժարական է տալու: «Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ չի վերադառնալու աշխատանքի: Սակայն մեր զրուցակիցը նաեւ նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի: Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլեւ իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական զարգացումներում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում հասարակական սեկտորի ընդգծված մի հատվածը, իսկ առավել ակտիվը արեւմտյան հայտնի կենտրոններից ֆինանսավորվող տարբեր իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ։ Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ այդ միավորները ակնհայտ երկդիմի խաղ են սկսել իշխանությունների նկատմամբ. նրանք «կոշտ» գնահատականներ են հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության գործունեության վերաբերյալ, սակայն միեւնույն ժամանակ նույն շրջանակները բացահայտ օժանդակություն են ստանում պետությունից։ Սա բնավ զարմանալի չէ, քանի որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, հստակ մշակված ռազմավարություն է։ Այս սեգմենտի որոշ ներկայացուցիչներ իշխանության հորդորով շատ արագ դառնում են տվյալ ոլորտի «պրոֆեսիոնալ մասնագետ» եւ տարբեր ձեւաչափերով քննադատում են իշխանության այս կամ այն քայլերը, որոնք պետք է «քննադատվեն», միեւնույն ժամանակ առավել կարեւոր թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ են ներկայացնում իշխանության քիմքին հաճելի տեսանկյունից։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սա հստակ մշակված քայլերի հաջորդականություն է, քանի որ այս կերպ նրանք փորձում են զուտ իմիտացիոն ֆոն ապահովել դաշտում՝ մի կողմից հասարակական սեկտորի ակտիվության եւ օբյեկտիվության պատրանք ստեղծելու, մյուս կողմից՝ այլ քննադատություններն ու նման փորձերը «փակելու» նպատակով։ Ըստ այդմ, թե՛ «քննադատական», թե՛ «փակող» հայտարարությունների ու կարծիքների առումով առկա է հստակ դերաբաշխում ՝ բնապահպանական, իրավական, քաղաքացիական, սոցիալական եւ այլն»:
«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին լուրջ խնդիրներ ունի հատկապես ՏԻՄ ոլորտում, քանի որ մարզպետներն ու համայնքապետներից շատերը միմյանց հետ շուրջ երկու տարի է՝ ակնհայտ պայքարի մեջ են գտնվում։ Շատ համայնքապետներ, հաճախ անիմաստ ու արհեստական շահարկումների արդյունքում, հայտնվում են մարզային իշխանությունների թիրախում, եւ անընդհատ նրանց սեղմող օղակը նեղանում է։ Ներկայումս նմանօրինակ մի իրավիճակ է տիրում նաեւ Լոռու մարզում, որտեղ որոշ համայնքապետներ ու մարզպետը ոչ մի կերպ չեն կարողանում կարգավորել իրենց աշխատանքային հարաբերությունները։ Սակայն խնդիրները միայն համայնքապետների հետ չեն կապված: «Փաստի» տեղեկություններով, վերջերս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում հանդիպել է մարզի գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ եւ բավականին կոշտ զրույց է ունեցել: Հիմնական թեման կապված է եղել մարզում ներդրումների բացակայության, ինչպես նաեւ արտակարգ դրության պայմաններում ստեղծված իրավիճակում փոխադարձ աջակցության եւ միմյանց հետ «ձեռք ձեռքի» աշխատելու անհրաժեշտության հետ։ Թերթի աղբյուրը փոխանցել է, որ այդ հանդիպումից հետո մարզային, ապա նաեւ հանրապետական վերահսկիչ կառույցների կողմից լուրջ ստուգումներ են սկսվել մի շարք հիմնարկ ձեռնարկություններում։ Մասնավորաբար, մեր տեղեկության համաձայն, երկարամյա գործունեություն ծավալած ՃՇՇ ընկերություններից մեկը օրերս փակվել է, իսկ մյուսում խորքային ստուգումներ են իրականացվում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան համայնքում ուշագրավ նշանակումները չեն դադարում: Ինչպես քաղաքային իշխանությունում կամ վարչական շրջանների աշխատակազմում մեծ թիվ են կազմում, օրինակ, ոստիկանության նախկին ծառայողները, այնպես էլ մեծ թիվ են կազմում նախկին կադրերը, որոնք նախկին իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել կամ, օրինակ, աչքի ընկել այս կամ այն միջադեպերով: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը երկար տարիներ աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է նախկին պետ Միհրան Պողոսյանի մտերիմը: Նրա կենսագրական տվյալների մեջ եւս նշված է, որ 2014-2016թթ. եղել է է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետը, 2016թ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի պետը, 2016-2017թթ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրավաբանական բաժնի պետը, 2019թ. դեկտեմբերի 4-ին նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ինչպես տեսնում ենք, ԴԱՀԿ համակարգում նա հաճախ է մի տեղից մյուսը տեղափոխվել: Տարբեր հրապարակումների համաձայն՝ նա 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին եղել է այն մարդկանցից մեկը, որը ցուցարարներին ցրելով է զբաղված եղել: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնն այժմ զբաղեցնում է Վահան Ալեքսանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: Նա այդ պաշտոնին եղել է 6 տարի: Սակայն Վահան Ալեքսանյանն աչքի էր ընկել նաեւ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ: Այս տեսանյութում երեւում է, թե նա ինչպես է քաշքշուկի մեջ ընկնում քաղաքացիների եւ Ալեն Սիմոնյանի հետ: Մինչ այդ էլ գրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում աշխատանքի էր անցել տարիներ առաջ կաշառք ստանալու համար մեղադրվող Արամայիս Ավետիսյանը, որը եւս իր եղբոր հետ նախկինում աչքի էր ընկել ցուցարարների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքով: Բարձրացված աղմուկից հետո Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց, սակայն քաղաքային իշխանությունում նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը: ArmLur.am-ը նաեւ ներկայացրել էր այն աշխատակիցներին, որոնք նախկինում ոստիկանության այս կամ այն բաժնում են աշխատել, եւ նրանց պաշտոն ստանալը պատահական չէ, քանի որ ներկայիս ոստիկանապետ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը, առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ տեղադրել են կանաչ լույսով խաչեր: Գաղտնիք չէ, որ գիշերային ժամերին շատ վարորդներ այդ կանաչ խաչը ընկալում են որպես լուսացույցի կանաչ նշան, և հատելով խաչմերուկը՝ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, տուգանվում են 20 հազար դրամով: Այս փոփոխությունը կօգնի խուսափել նման շփոթությունից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետությունում խորհրդարան անցած կուսակցությունների միջև համագործակցության համաձայնագիր չի ստորագրվի և պաշտոնապես կոալիցիա չի ձևավորվի: Բայց մեր տեղեկություններով՝ թե՛ ԱԺԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը ներկայացված կլինեն իշխանության տարբեր կառույցներում: Նրանք, իհարկե, չեն ստանա նախարարական պորտֆելներ, և ներկայացվածությունը չի լինի առաջին դեմքերի մակարդակով, բայց կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մասնակցել պետական կառավարմանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. Ռոման» չի դադարեցրել բանակցությունները Լոնդոնի «Արսենալի» հետ ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի՝ լոնդոնյան ակումբն ուզում է ամեն գնով վաճառել Մխիթարյանին և կարող է համաձայնության գալ «Ռոմայի» հետ: Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալի» հետ: Մեր ֆուտբոլիստին դուր է գալիս աշխատանքը Հռոմի թիմում և Ֆոնսեկայի հետ: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցված է, բայց բանակցությունների արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը՝ անկախ նրանից, թե երբ այն կավարտվի: Իսկ ովքեր և ինչ նպատակով են տարածել նման տեղեկություն։ Այս տարվա մարտի վերջին բրիտանական Daily Mail-ը տեղեկություն տարածեց, որ մեր ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում:
Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sun-ը, գրել էր, որ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշել էր նաև, որ Մինո Ռայոլան պատրաստվում է առաջարկել «Արսենալին» վաճառել Մխիթարյանի տրանսֆերը։ Արդեն մայիսի 6-ին Corriere dello sport իտալական պարբերականը գրեց, որ Հենրիխ Մխիթարյանը Հռոմում մնալու վերջնական որոշում է կայացրել, և նա այս մասին հայտնել է լոնդոնյան «Արսենալի» ղեկավարությանը։ «Ես ինձ «Արսենալում» չեմ տեսնում։ Կարծում եմ՝ կկարողանաք պայմանավորվել «Ռոմայի» հետ իմ տրանսֆերի մասին, քանի որ ես ուզում եմ մնալ այստեղ»,- իբր ասել էր Մխիթարյանը։ Corriere dello sport-ը ևս նշել էր, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալն աշխատում է նրան «Ռոմայում» պահելու ուղղությամբ։ Ստացվում է, որ թե՛ Իտալիայում և թե՛ Անգլիայում ցանկությունը մեծ է, որ Մխիթարյանը կարիերան շարունակի «Ռոմայում», և վերջինս գնի հայ կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը։ Այս նպատակով հեղինակավոր լրատվամիջոցների կողմից շարունակ կեղծ տեղեկություններ են տարածվում գործընթացի վերաբերյալ։ Նպատակը պարզ է՝ փորձ է արվում մանիպուլյացիոն եղանակով ստեղծել տպավորություն, որ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալն այլընտրանք չունի։ Այո, Մխիթարյանը մի քանի անգամ նշել է, որ ցանկանում է մնալ իտալական թիմում, բայց այն, որ մեր հավաքականի ավագը զրուցելու կամ այլ եղանակով իր մտադրության մասին հայտնել է «Արսենալի» ղեկավարությանը՝ ընդունենք, որ ֆանտաստիկայի ժանրից է։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը՝ ի դեմս Մխիթարյանի, չէր կարող նման քայլի գնալ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացներն ավելի կխստացվեն: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, եւ կառավարությունը նպատակահարմար է գտնում դրանք արդյունավետ կառավարելու նպատակով օտարումն իրականացնել միայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համաձայնությամբ: Այսինքն՝ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում: Իսկ այս փոփոխությունը պատահական չէ, եւ գաղտնիք չէ, որ հողերը համայնքի ղեկավարները տվել են իրենց բարեկամներին: Օրինակ՝ դատախազության կողմից 20 քրեական գործ է հարուցվել Սյունիքում նման դեպքերի առնչությամբ: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թվականից՝ համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձեւական մրցույթների միջոցով փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարների մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման եւ շահագործման նպատակով վարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82 միլիոն 561 հազար 42 դրամի վնաս, որից երեկվա դրությամբ վերականգնվել է 31 միլիոն 742 հազար 916 դրամը: Թերեւս այս փոփոխությունը թույլ կտա խուսափել նման դեպքերից»: