23.11.2024
Մամուլ. Ովքեր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի հավանական թեկնածուները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ալիկ Սարգսյանին այսօր կանչել են ՀՔԾ. ինչ է սպասվում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն և այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել և որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Ասել է թե՝ առաջիկայում պարզ կլինի՝ Ալիկ Սարգսյանի մասով ինչ քայլերի կգնա Հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 17-ին գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է, որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է և առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից և հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, և դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանը այսօր էլ հրավիրվի ՀՔԾ, իսկ թե այդ հանդիպման արդյունքում ինչ կլինի, սպասենք զարգացումներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարազատներն աջ ու ձախ վստահեցնում են, որ «քիչ է մնացել»։ Գասպարյանի հարազատների մոտ մի ուրիշ կարգի վստահություն է առաջացել։ Նրանք սկսել են վարել 2019-2020թթ. գերթանկարժեք մեքենաներ։ Շրջապատին էլ վստահեցնում են, որ հարուցված քրեական գործերը իրենց համար խնդիր չեն։ Այդ «ժամկետանց» քրեական գործերը հարուցված են իրենց գիտությամբ՝ վարչապետին հանգստացնելու համար։ Քանզի նախապես հայտնի էր, որ դրանք մինչև հասնեն դատարան՝ վաղեմության ժամկետի խնդիր կառաջանա արդեն։ Իսկ նրանց վստահությունը գալիս է նրանից, որ կոնկրետ հարցերի վերաբերյալ ինֆորմացիաները «խորը թաղված» են իրավապահների համար։ Իսկ, ասենք, «Դայմոնդ» խաղատնից մինչև Զեյթունցի Պախանի հետ Հրազդանի ձորի ռեստորանում փայատեր լինելը և նման մի շարք ապօրինի հարստացման դեպքերը հայտնի են սակավաթիվ վստահելիների»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից: Նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել այլ ընկերություն, որն առաջարկել է նախորդից ավելի բարձր գին, սակայն վերելակները ներմուծվելու են Բելառուսից, որոնք անհամեմատ ավելի որակով են թուրքականից և ունեն շահագործման շատ մեծ ռեսուրս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանը, որը ցած չի իջնում լրատվամիջոցներից, սակայն իշխանական եւ արեւմտյան ԶԼՄ-ներին է նախապատվություն տալիս, երեկ մեր հարցին, թե անվստահություն կհայտնի՞ ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին, 10 անգամ կրկնեց` չի լսվում-չի լսվում, անջատեց հեռախոսը եւ դարձավ անհասանելի: Փաշինյանի հետ տարաձայնություններ ունեցող ԼՀԿ-ն սինխրոն է նրա ղարաբաղյան մոտեցումների հետ եւ անգամ հայտնի «ծեծից» հետո չի պատրաստվում անվստահություն հայտնել Փաշինյանին։ «Նման հարց օրակարգում չի եղել, չկա»,- ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Մինչեւ ո՞ւր կլարվեն իշխանություններ-ԼՀԿ հարաբերությունները։ «Ո՞նց կարող ենք նման կանխատեսում անել»: Տեսակետ կա, որ ԼՀԿ-ն ցանկանում է մաշել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, հանուն ո՞ւմ եւ ինչի՞։ «Մեր գործունեությունը որեւէ անձի դեմ կամ հանուն չէ, մենք բացառապես հանուն պետության ենք»: Խոսվում է, որ դուք գործընթացը տանում եք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ «Արտահերթ ընտրություններ կարող են լինել մի դեպքում՝ եթե խորհրդարանն ի վիճակի չլինի իր առջեւ դրված խնդիրները լուծել. մենք համաձայն չենք առանձին գործընթացների հետ, բայց դեռեւս դա չի նշանակում, որ մենք գտնում ենք` ԱԺ-ն իր լիազորությունները չի կատարում»: Դեռ որքա՞ն եք «ծեծվելու»։ «Ցույց կտա ժամանակը»: Ի դեպ, մեկ այլ ԼՀԿ-ական էլ ասաց. «Կարելի է ինչ-որ փուլում կազմակերպել, այսպես ասած` խորհրդարանական վարչապետափոխություն, 88 հոգու մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն այդ պրոցեսին, սակայն պետք է հաշվի առնել շատ կարեւոր հանգամանք` Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ժողովրդի մեջ դեռ բարձր է, եւ գործընթացը չի տա այն էֆեկտը, որն անհրաժեշտ է։ Ժողովրդի մեջ ափսոսանք կմնա Փաշինյանի ապավարչապետացումից, ուստի պետք է համբերել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ոչ այնքան հայտնի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեում՝ Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ արդեն քանի օր է՝ ոստիկաններ են հերթապահում։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել, որ Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդար է ծրագրվում՝ ԱԺ հայտնի ծեծկռտուքից հետո նրա գրառման համար։ Հիշեցնենք, որ պատգամավորի եղբայրը Սասուն Միքայելյանի՝ «վիզդ կկտրեմ», «գլուխդ կցխեմ» սպառնալիքներից հետո գրել էր․ «Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…)», ավելի ուշ հեռացրել էր հայհոյախառն արտահայտությունը։ Սակայն Սասուն Միքայելյանը մի քանի օր անց ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Էդգար Մարուքյանը վիրավորել է իր ծնողին ու պիտի պատասխան տա։ Խորհուրդ տվեց ներողություն խնդրել եւ ակնարկեց, որ իր ղեկավարած կառույցը կարող է եւ ուզում է հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հերթապահության մասով, սակայն նրանք ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին լուրը։ Հիշեցնենք նաեւ, որ Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված «ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների» կապակցությամբ հաղորդում ներկայացնելով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին Քոչարյանի աջակիցների մնացորդները աչքները հառել են «փրկիչներին»։ Ոչ մի կողմից լուրջ «աջակցություն» չկա։ Որոշ հույսեր թերևս կապվում էին Աղվան Վարդանյանի ստեղծած հանձնախմբի հետ, սակայն այդ հանձնախումբը ստեղծման օրվանից մինչ դատարանի կողմից Քոչարյանին ազատելու երաշխավորության հերթական մերժումը քիչ թե շատ տեսանելի, շոշափելի ոչինչ չի արել։ Ուշագրավ է, որ մինչ օրս հանրությունը այդ հանձնախմբում Աղվան Վարդանյանից բացի՝ որևէ այլ անդամի չի տեսել և չի ճանաչում»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հենց այդ օրը հանձնաժողովը տեսակապով հարցաքննի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Սակայն չի բացառվում, որ երկուշաբթի օրը հանձնաժողովականներին «հյուընկալվի» այլ անձ, իսկ Նալբանդյանի հետ տեսակապն այլ օր նշանակվի: Բանն այն է, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փոձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին: Նշենք նաեւ, որ հնարավոր է՝ այս հանդիպում-զրույցը վերջինը լինի քննիչ հանձնաժողովի համար, որից հետո հանձնաժողովականները պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ կրկին կհանդիպեն ներկա եւ նախկին պաշտոնյաների հետ, ովքեր տեղյակ են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներից: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, եւ Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը»:


«Իրատես» թերթը գրում է. «Նոր «որակի» Ազգային ժողովը, որ կիսադատարկ կամ գրեթե դատարկ դահլիճում է հաճախ նիստեր անցկացնում, մարդաշատ է բացառապես այն օրերին, երբ իշխանության համար հույժ կարեւոր նշանակության օրինագծի քվեարկություն է տեղի ունենալու, կամ էլ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է: Պատգամավորները մեկ մարդու նման, շունչները պահած, սպասում են, թե երբ է ընդմիջում լինելու կամ ավարտվելու նիստը, որ կարողանան դուրս գալ դահլիճից: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է զբաղվում նիստից «թռնող» թիմակիցներով ու հրահանգում՝ անհապաղ դահլիճ գնալ: «Երբ Փաշինյանը ներսում է, բոլորս պետք է ներկա լինենք: Դա, նախ, հարգանք է նրա նկատմամբ, մյուս կողմից էլ՝ չպետք է այնպիսի տպավորություն լինի, թե նիստերի չենք գալիս»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը: «Ի՞նչ հարգանքի մասին է խոսքը, եթե վարչապետի ներկայությամբ ծեծկռտուք է տեղի ունենում»,- հիշեցրինք նրան: «Դե դա խայտառակություն էր: Խարան է, որ միշտ կմնա այս խորհրդարանի վրա»,- պատասխանեց իմքայլականը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե խորհրդարանական վերջին միջադեպից հետո ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին. խմբակցությունում մեծ լարվածություն է տիրում. Փաշինյանի անկանխատեսելիությունը սկսել է նյարդայնացնել, անհանգստություն պատճառել բոլորին։ Հիասթափվածները բավականին շատ են. խիստ կասկածում են` կարողանալու՞ են հաղթահարել ստեղծված վիճակը, թե նյարդերի պրկումը նոր պոռթկումի առիթ է տալու: Ավելին, խորհրդարանի միջանցքներում շշնջում են, որ չի բացառվում մի օր զարթնեն, տեսնեն` նոր վարչապետ ունեն, եւ այդ վարչապետին իրենք են ընտրել: Դա է պատճառը, որ Նիկոլը փորձում է «մաքրազերծում» իրականացնել թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության, հատկապես Տիգրան Ավինյանի շրջապատում: Սակայն պատգամավորների, հատկապես զոհված ազատամարտիկի որդի, իմքայլականների կողմից հարգված պատգամավոր Վարդան Աթաբեկյանի «դուխով» պահվածքը, որ ոչ մի գնով չի դնելու մանդատը, ջարդել է Նիկոլի «ամենակարողության» միֆը, եւ Ազգային ժողովում արդեն Մարուքյան-վարչապե՞տ, թե՞ Ավինյան-վարչապետ տարբերակն է քննարկվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կվերադառնա՞ք կառավարություն, գրվեց, որ արձակուրդից հետ չեք գալու՝ հարցրինք փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։ «Ո՞վ է նման բան ասում, որ չեմ վերադառնա, ես արձակուրդում եմ»: Հայաստանյան մշակույթում է այդպես՝ արձակուրդ են գնում ու էլ չեն վերադառնում։ «Այնտեղից, որտեղից ես եկել եմ, նման մշակույթ չկա, եթե պետք է դուրս գան, դուրս են գալիս. ես արձակուրդ եմ գնացել` ընդամենը, հոգնած եմ»: Ինչի՞ց եք հոգնել։ «Ամեն աշխատանք իր ծանրաբեռնվածությունն ունի»: Դուռը «շխկալու» արդյունքում Ձեզ այլ սենյակ տեղափոխեցին, ասել էիք, որ գոհ եք։ Ավինյանն էլ չէր ընդունել աշխատանքից դուրս գալու Ձեր դիմումը, արձակուրդ գնալը նոր «զարգացո՞ւմ» է՝ որոշեցիք այս ճանապարհո՞վ հարցը կարգավորել, տեղեկություններ կան, որ վերջերս քիչ թե շատ նորմալացել են հարաբերությունները Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, այդպե՞ս է։ «Ես միշտ ասել եմ` երկրորդ եւ երրորդ անձերի փոխհարաբերությունները չեմ մեկնաբանում»: Լավ, ասում են՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում տարաձայնությունները շատ են եւ Դուք, որ ՔՊ հիմնադիր անդամ եք, այնուամենայնիվ, ազատվելու եք աշխատանքից։ «Չկա նման բան»: Մեր մյուս հարցերին նա չցանկացավ պատասխանել»:


«Իրատես» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, դատական հայց է ներկայացրել չորս տարբեր անձանց դեմ, որոնց թվում է նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Քաղաքագետը մեզ հետ զրույցում չթաքցրեց զարմանքը, թե ինչու է այս պատգամավորն իրեն դատի տվել, ինքն ընդամենը, լրատվամիջոցներին հղում անելով, նշել է, որ Հակոբյանը մեղադրվում է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ ներկրելու մեջ։ Իսկ իր դեմ հայցի պատճառը, ըստ, Համբարյանի, պայմանավորված է ընդդիմադիր կեցվածքով։ «Ես չեմ կարծում, որ սա Հակոբյանի նախաձեռնությունն է։ Փաշինյանը ընտանյոք հանդերձ է այս որոշումը կայացրել։ Փորձում են այսպիսի կեղծ մեղադրանքներով լռեցնել ինձ։ Ե՛վ Փաշինյանը, եւ՛ նրա կինը պետք է լավ իմանային, որ եթե ես անձամբ նման բան ասած լինեի, պատրաստ էի պատասխան տալու իմ ասածի համար»,- շեշտեց Գագիկ Համբարյանը, հավելելով, որ սա քաղաքական հետապնդում է։ Քաղաքագետին նաեւ զարմանալի է թվում, թե ինչու է դատական հայցն ընդունվել Երեւանում, եթե ինքը Գյումրիում է ապրում։ «Որքան էլ Հրաչյա Հակոբյանը դատական հայց ներկայացնի Երեւանում, ակնհայտ է, որ այդ գրառումն արվել է Գյումրիից, որտեղ ես բնակվում եմ»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, թե փաստաբաններից դեռ պիտի ճշտի` հայցը կարո՞ղ է Գյումրի տեղափոխել։ Քաղաքագետը կարծում է, որ դատարանը պետք է կարճի այս գործը` հանցակազմի բացակայության հիմքով. «Դեռ կան դատավորներ, որոնք չեն համբուրել Փաշինյանի աջը ու կկարճեն այս գործը, որովհետեւ մեղադրանքները կեղծ են ու որեւէ հիմք չունեն»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, դատական համակարգում համընդհանուր վեթինգից հետքայլ անելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել իշխանության ներսում, քանի որ, ըստ մեր ունեցած տվյալների, իշխանության ավելի ծայրահեղական հատվածը հակված է եղել կոշտ մեթոդներով իրավակարգավորումներին եւ երկու ձեռքով նպատակադրված է եղել անցումային արդարադատության եւ դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու հարցում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը հատկապես ցավոտ են ընդունել ՀԱԿ շրջանակները, քանի որ դա նրանց համար օրակարգային նշանակություն ունեցող հարց է եղել: Արդյունքում հենց ՀԱԿ ներկայացուցիչներն ու հակամերձ անձինք են ամենասուր քննադատության ենթարկում արդարադատության նախարարին: Նախօրեին տեղի ունեցած մի փակ քննարկման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ոչ ծայրահեղական ճանապարհի կողմնակիցները իրենց հակառակ բեւեռի ներկայացուցիչներին փորձել են վստահեցնել, որ համատարած վեթինգի դեպքում դատական համակարգը կկանգներ կոլապսի առաջ: Շահագրգիռ մյուս կողմը, այսպես կոչված, «սորոսական» գծի ներկայացուցիչներն են։ Ըստ տեղեկությունների, նրանք եւս բավականին ցավոտ են տարել այս լուրը, անգամ հայտարարել, թե «ամբողջությամբ հիասթափված են կառավարությունից ու անձամբ Փաշինյանից», որը, նրանց բնորոշմամբ, «դավաճանել է հեղափոխությանն ու նրա արժեքներին»։ Ըստ այդ շրջանակների, եթե համընդհանուր վեթինգ չի անցկացվում, նշանակում է՝ կառավարությունը լրիվ ձախողված է իր բոլոր ծրագրերով հանդերձ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում: Եվ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, եւ այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը: Սակայն չի բացառվում, որ վերջիններիս պատասխանը կարող է իշխանությունների սրտով չլինել, մանավանդ որ վերջին շրջանում հաճախ են այդ կողմից քննադատություններ հնչում: Այդպես եղավ նաեւ հայտնի վեթթինգի նախագծի դեպքում, եւ ստիպված եղան դրույթներ փոխել, մեղմացնել գործընթացները: Ամեն դեպքում, նկատենք, որ արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ, եւ օրենսդրորեն այդպես էլ իշխանությունները չեն կարողանում ճանապարհ գտնել: Այժմ նրանք սպասում են Եվրոպայի արձագանքին՝ հուսալով, որ ելք կգտնեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունը տեղի կունենա եկող շաբաթ: Մինչ այդ ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում հնարավոր փոփոխությունների թեման՝ շրջանառելով նաեւ մի շարք անուններ: Օրերս որոշակի շրջանակներում խոսվում է նաեւ այն մասին, թե որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ Սամվել Բաբայանը կարող է նշանակվել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ առկա է մի կարեւոր խնդիր: Դեռեւս ընտրությունների շրջանում տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, թե Բաբայանը խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված: Տեղեկություններ շրջանառվեցին նաեւ, որ վերջինս ամեն ջանք գործադրում է խնդիրը կարգավորելու համար, սակայն առայժմ՝ անարդյունք: Սամվել Բաբայանի գրասենյակն այդ օրերին ընդամենը հայտարարություն տարածեց, թե «նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին»: Այդուամենայնիվ, այդպես էլ չհնչեց «իրականությանը չեն համապատասխանում» ձեւակերպումը: Ըստ այդմ, մեր աղբյուրները պնդում են, որ Արցախում լուրջ խնդիր են տեսնում Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի հետ խնդիր ունեցող անձի՝ նման կարեւոր պաշտոնում նշանակման հետ կապված»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը 1 ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, չնայած գրեթե բոլոր սահմանափակումները վերացվեցին, իսկ մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի։ Բայց պարետատան որոշումը տարակուսանքի տեղիք է տվել։ Եվ ամենից շատ՝ փակ եւ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը։ Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով։ Մանավանդ՝ առջեւում շոգ ամառ է, եւ դիմակով շրջելը կարող է ՀՀ քաղաքացիներին ավելի շուտ շնչահեղձ անել, քան կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը։ Մարդիկ արդեն հումոր էին անում, թե լիարժեք գործող սրճարան-ռեստորաններում դիմակներով ինչպես կարելի է սնվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանահայերը, ովքեր մշտական բնակության էին եկել Հայաստան, կորոնովիրուսային համաճարակի պատճառով կրկին վերադառնում են Լիբանան: Ինչպես մեզ հայտնեց նրանցից մեկը, այս պահին ինքնաթիռի է սպասում 148 լիբանանահայ, ևս 140-ը Հայաստանից մեկնել է մայիսի 4-ին: Պատճառները տնտեսական են, աշխատանք և եկամուտ չկա, իսկ իրենք պետք է վճարեն բնակարանի վարձ, մինչդեռ Բեյրութում կարող են ապրել իրենց բնակարաններում: Նրանք բողոքում են, որ չնայած տնտեսական դժվարություններին, բնակարանների սեփականատերերը հրաժարվում են վարձի զեղչեր անել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք: «Շիրակ» օդանավակայանով պատկերը նույնն է. այս օդանավակայանով մեկնել է 14 հազար 209, իսկ ժամանել` 13 հազար 324 ուղեւոր: Այսինքն` երեք ամիսների ընթացքում այս օդանավակայանով 885 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին երեկ խորհրդարանում հայտնել էր փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերն օրեր առաջ Բրյուսելում հանդես էր եկել հայտարարությամբ, որ Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջեւ ներքին սահմանները բացելու հարցում։ Դա է այս տարվա զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու միակ տարբերակը: ԵՄ-ի սահմանները փակվել էին մարտի մարտի 17-ից, որի հետեւանքով դադարեցվել էին ճանապարհորդությունները Եվրամիության եւ ոչ եվրոպական երկրների միջեւ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսը կարծես լակմուսի թուղթ լիներ, որը բացահայտեց Եվրոպական Միությունում առկա խնդիրները։ Վերջին քսան տարվա ընթացքում Եվրամիության շրջանակներում որեւէ մեկը փակ սահման չէր տեսել։ «Առաջին շրջանում նկատելի էր շոկային իրավիճակ, երբ խնդիրներ էին առաջացել պետությունների միջեւ, երկրորդում արդեն ընթանում էր կարգավորման փուլը»,- ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ ԵՄ-ն ունի այն կանոնակարգերն ու նորմերը, որոնց միջոցով կկարողանա առավելագույն ադապտացվել հետկորոնավիրուսային աշխարհում եւ հնարավորինս բացառել անվերահսկելի ընթացքը։ Այնուամենայնիվ, Կարեն Սիմոնյանը համոզված է, որ բաց սահմաններով Եվրոպային այլընտրանք չկա, որովհետեւ որպես աշխարհի երրորդ տնտեսական կենտրոն Եվրամիության անդամ երկրներն ապրում, աշխատում եւ զարգանում են բաց սահմանների շնորհիվ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մասնակից, նախկինում պայմանագրային զինծառայող 35-ամյա Հովհաննեսն Ավանի հոգեբուժարանում ծեծի է ենթարկվել, ապա անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել եւ առանց որեւէ մեկի օգնության տեղափոխվել հիվանդասենյակ: Հովհաննեսի եղբոր՝ Արթուրի խոսքով՝ տղամարդն ապրիլի 28-ին էր տեղափոխվել Ավանի հոգեբուժարան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց նույն օրը՝ այնտեղ հայտնվելու առաջին 30 րոպեների ընթացքում: Արթուրի խոսքով՝ եղբայրը ծեծի է ենթարկվել սպասարկող անձնակազմի երկու տղամարդկանց կողմից: Ըստ մեր զրուցակցի պատմածի՝ այդ երկու աշխատակիցները մեկ այլ հիվանդի վրա են գոռգռացել ու անբարո խոսքեր ասել, որին միջամտել է Հովհաննեսը, եւ կռիվ է սկսվել: «Եղբայրս պահանջել է, որ հիվանդի հետ այդ տոնով չխոսեն ու նորմալ վերաբերվեն: Նրանցից մեկն էլ ասել է՝ լավ եմ անում, արա, պետք լինի կխփեմ, քեզ ինչ: Լեզվակռիվ է եղել, եղբայրս կա՛մ հրել է, կա՛մ խփել այդ ասողին, որից հետո երկու հոգով գցել են գետնին ու լավ ծեծել»,- պատմեց Արթուրը: Նշեց, որ երբ Հովհաննեսին ծեծել են, նա ուշագնաց է եղել: Բերանքսիվայր արնաշաղախ ընկած է եղել գետնին, բայց այդ վիճակում նրան թողել են: Ոչ ոք նրան որեւէ աջակցություն չի ցուցաբերել»: