23.11.2024
prev Նախորդ նորություն

Մամուլ . Ինչի՞ց է դժգոհ Կարեն Կարապետյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է 2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն: Այս ծրագիրը հաստատվել է ներկա իշխանությունների գործունեությունից դժգոհ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք: Կարապետյանը երևի նախատեսել էր, որ այս կառույցը ևս կանցնի իր յուրայիններից որևէ մեկին, բայց չհասցրեց կյանքի կոչել այդ հակապետական ծրագիրը, ինչից էլ երևի խիստ դժգոհ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակելուց հետո ԱԱԾ-ում սկսված խմորումները չեն դադարում։ Ավելին՝ դրանք նոր զարգացումներ են ստանում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ խմորումների հողի վրա աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, սակայն նրա դիմումը դեռ չի հաստատվել։ Արդյոք պատճառը կոնկրետ Քյարամյանի նշանակո՞ւմն է եղել՝ հարցրեցինք մեր աղբյուրից։ Նման պատահական համընկնումներ չեն կարող լինել՝ եղավ պատասխանը։ Ի դեպ, ԱԱԾ-ում արդեն լուրեր են շրջանառվում, որ Քյարամյանին պատրաստում են ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երեկ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում կայացած նիստը կրկին անցել է հանգիստ մթնոլորտում: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարցերին պատասխանել է շատ կարճ ու կոնկրետ: Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մարտի 1-ին նախկին վարչապետը ԱԺ ամբիոնից ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկավ. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: Երեկ Ազգային ժողով ներկայանալու առիթը 3 տարի առաջ ունեցած այդ ելույթն էր: Հանձնաժողովականները հետաքրքրվել են Կարապետյանից. Պնդո՞ւմ է իր տեղեկությունը, եւ արդյո՞ք կարող է փաստեր ներկայանցել: Կարապետյանը, մեր տեղեկություններով, ի պատասխան հայտարարել է, թե այդ տեղեկություններն ինքը տարբեր զինվորական շրջանակներից է լսել եւ այլ ասելիք չունի: Նշենք, որ մեր տեղեկություններով այն զինվորկանանները, ովքեր քննիչ հանձնաժողով են եկել, հերքել են տեղեկությունը, թե դիզվառելիքի խնդիր է եղել: Ու հիմա քննիչ հանձնաժողովը չի կարողանում այդ ինֆորմացիայի պոչը բռնել, որպեսզի վերջնականապես բացահայտի.

Արդյո՞ք ապրիլյան պատերազմի օրերին հայկական բանակն ունեցել է դիզվառելիքի դեֆիցիտ կամ որակի խնդիր: Նշենք, որ խորհրդարանի քննիչ հանձնաժողովի հաջորդ «հյուրը» պետք է լինի ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, որի հետ հանձնաժողովը նպատակ ունի տեսակապով զրուցել, քանի որ նաՌԴ-ում է բնակվում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովը փորձելու է Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջև, իսկ ահա 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից, ինչը մեղմ ասած ամենաանցանկալի ելքը կարելի է համարել։ Արդյո՞ք այս հարցերի պատասխանները կկարողանան հանձնաժողովականները ստանալ Էդվարդ Նալբանդյանից, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես են եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով: Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը քննության առավ մայիսի 8-ին, իսկ որոշումը կհրապարակվի վաղը: Այս օրերին իշխանամերձ որոշ շրջանակներ, ինչպես նաեւ իշխանության առանձին սատելիտներ տեղեկատվական տարբեր հարթակներով հետեւողականորեն փորձում են տարբեր տեղեկություններ ու նյութեր «պեղել» (այդ թվում՝ տարիներ առաջ հրապարակված), որոնք այս կամ այն կերպ կարող են վարկաբեկել ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետներին: Նպատակն է՝ այնպիսի տպավորություն ձեւավորել, թե նրանք հեղինակություն չեն վայելում: «Փաստ» թերթի տեղեկություններով, սրանք ինքնագործունեության դրսեւորումներ չեն. խոսքը իշխանությունների կողմից կազմակերպված արշավի մասին է: Ավելին, կուլիսներում խոսակցություններ կան, որ իշխանությունները գուցե միայն վարկաբեկելով չբավարարվեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում. իշխանությունները ձեռնամուխ են եղել արմատապես փոխել դեսպանների կադրային բանկը։ Բանն այն է, որ գործող իշխանությունը դժգոհ է արտաքին քաղաքականության պատասխանատուների աշխատանքից։ Մեր տեղեկություններով, մոտ մեկ տասնյակից ավելի դեսպաններ ու դեսպանատների բավականին երկարամյա աշխատակիցներ (կցորդներ, հյուպատոսներ ու դեսպանորդներ) առաջիկայում կազատվեն աշխատանքից։ Ի դեպ, դեսպանների աշխատանքից դժգոհելու հետ կապված իր դիտարկումներն օրերս ելույթներից մեկում ներկայացրել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության որոշ ներկայացուցիչներ զբաղված են տարբեր կոռուպցիոն հանցագործություններով եւ բիզնես գործունեությամբ։ Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ Փաշինյանը համապատասխան կառույցներին հորդորել է դեսպանների վերաբերյալ հատուկ զեկույցներ պատրաստել իրենց բոլոր ժամանակների գործունեության հետ կապված։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցել է, որ որոշ կրտսեր աշխատակիցների արդեն բանավոր զգուշացվել է «կամաց հավաքել իրենց իրերը»։ Մեր աղբյուրները պնդում են, որ վերջին մի քանի ամիսներին ակտիվ լոբբինգ է ընթանում տարբեր թեկնածուների այս կամ այն երկրում դեսպան կամ այլ պաշտոնների նշանակելու համար: «Ձեռքի հետ» նաեւ նախնական «քասթինգ» է իրականացվում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարազատ Վանաձոր քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջին շրջանում նրա ագրեսիվ ելույթները միանշանակ չեն ընդունվում: Վանաձորում այս օրերին շրջանառվող լուրերի համաձայն` նրան այս կերպ են նկարագրում. «Ով չգիտի, որ Էդմոնը ամենակարեւոր պահերին կարա ատկազ կանգնի ամեն ինչից, մենակ թե` իր սեփական կաշին փրկի: Էդմոնի իշխանատենչությունը սահմաներ չի ճանաչում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ, որտեղ ապագա կառավարության հարցն է որոշվում։ Այժմ Արայիկ Հարությունյանը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ։ Գրիգորյանը մայիսի 11-12-ին աշխատանքային այցով կլինի Արցախում, հետո՝ մինչեւ մայիսի 19-ը, արձակուրդում, որը, ըստ ամենայնի, կանցկացնի հայրենի Արցախում եւ «օնլայն» ռեժիմով ՀՀ ղեկավարին կզեկուցի անցուդարձի մասին։ Հիշեցնենք, որ թեժ պայքար է գնում Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է հավակնում, բայց գլխավոր թեկնածուն ընտրություններին Հարությունյանի հիմնական մրցակից, ՀՀ իշխանությունների թեկնածու Մասիս Մայիլյանն է։ Նա այլեւս Հարությունյանի քաղաքական հակառակորդը չէ, մի քանի ջերմ հանդիպում է կայացել, ու ՀՀ աջակցության շնորհիվ կարծես թե նա էլ կդառնա նախարար։ Իսկ ՀՅԴ-ն ու Ղուլյանի կուսակցությունն իշխանական դաշտից կտեղափոխվեն ընդդիմություն, որտեղ իր կայուն տեղն ունի Վիտալի Բալասանյանը՝ իր 1 մանդատով։ Արայիկ Հարությունյանի հիմնական գործընկերը կդառնա Սամվել Բաբայանը, քանի որ նորընտիր նախագահը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահը կերդվի մայիսի 21-ին, հունիսին կձեւավորվի կառավարությունը, որտեղ, հավանաբար, չեն լինի Փաշինյանին քննադատած ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանի քաղաքական օրակարգն այնքան սնանկ է, որ հասել է ընդհուպ հայհոյանքի մակարդակի։ Այսօր քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման հայհոյանքն է`ով ում հայհոյեց, ով պիտի ներողություն խնդրի, ով ավելի լավ տղա է, ով բռնության ամենաթունդ կոչը կհնչեցնի ու կարժանանա իշխանականների բուռն ծափահարություններին։ Այսքան տափակաբանություն ու անհեթեթություն դժվար է պատկերացնել. սա՞ է ձեր խոստացած որակը։ Արդեն քանի օր է քաղաքականությունը պտտվում է «մայր հայհոյելու» շուրջ, դուք այլ անելիք չունե՞ք, չե՞ք կարող, ձեր ասած, տղա լինել ու առանց ամբիոնից հոխորտալու, նստել-խոսել, քննարկել ու հարթել իրավիճակը։ Ու ամենակարեւորը՝ հանրության աչքից հեռու, որովհետեւ արդեն զզվելի ու զազրելի է այս ամենը։ Իշխանությունն իբր պիտի հանդուրժող լինի, բայց հենց իշխանության ակտիվ ջանքերով այսօր խորհրդարանը վերափոխվել է փողոցի «բեսեդկայի»։ Մայիսի 8-ի ծեծկռտուքն արդեն պիտի սթափեցներ իշխանությանը, բոլորը պիտի ջանային այդ միջադեպն արագ հարթել, բայց ավելի են խորացնում ամեն ինչ, այն էլ՝ ԱԺ ամբիոնից։ Եթե մոռացել են, պատգամավորներին նախ պիտի հիշեցնել, խորհրդարանը քաղաքական բանավեճի «տեցի կռուգ» չէ, խորհրդարանի ամբիոնը հաշիվներ մաքրելու, միմյանց սպառնալու հարթակ չէ եւ, ի վերջո, ինչպե՞ս կարող է խորհրդարանական երկրի խորհրդարանն արտակարգ իրավիճակում այսքան անհաղորդ, անտարբեր լինել մարդկանց ուսերին կուտակված հազարավոր խնդիրների հանդեպ։ Զսպեք ձեզ, էլի, կրակը չենք ընկել ձեր ձեռքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը ակտիվորեն քննվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Հարցաքննվում են գործով ականատես վկաները, ծեծկռտուքի մասնակիցները։ Երեկ այս գործով հարցաքննվել է նաև Դավիթ Ջալալյանը, որը ականատես է եղել միջադեպին և փորձել է «բաժանել» վիճաբանության կողմերին։ Դավիթ Ջալալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ, սակայն հարցաքննության բովանդակության մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չբացահայտելու մասին։ «Քննիչը նախազգուշացրել է, որ հարցաքննության բովանդակությունը նախաքննական գաղտնիք է, և չեմ կարող այն հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ պատմել եմ այն ամենը, ինչ տեսել եմ իմ աչքով»,- ասաց Ջալալյանը։ Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 27-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան և միջնորդել բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից հունվարի 23-ին կայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանվեց, համաձայն որի՝ վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը լրագրողական աղբյուրը բացահայտելու համար: ՀՔԾ-ն վերծանել էր Քնար Մանուկյանի անձնական հեռախոսահամարի ելքային և մուտքային զանգերը, որպեսզի պարզի՝ ով կարող էր «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին տալ. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում:


Եվ 2020 թվականի հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկեց կայացված վճիռը՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված դատավճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք, որ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ Այսինքն՝ գլխավոր դատախազի կողմից բերված փաստարկները համոզիչ չեն եղել ՀՀ վռաբեկ դատարանի համար, ինչի արդյունքում դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել լրագրողի օգտին կայացված որոշման բողոքը: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված այս որոշումը կարելի է համարել նախադեպ, որը կարող է օգտագործվել լրագրողների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս պետ Սասուն Խաչատրյանի, ապօրինություն է թույլ տվել, որի համար պետք է պատասխանատվություն կրի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց: Այդ որոշումը, կարելի է ասել, հաղթանակ է ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր լրագրողների համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր օրենքի նախագիծը, որով հիպոթեքային վարկերի հետ կապված փոքրացվում է եկամտահարկի հաշվին մարվող տոկոսների այժմ գործող չափաբաժինը, հետողորմյա՞ արվեց՝ հարցրինք պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ոչ, կորոնավիրուսով պայմանավորված՝ դադար ենք տվել, պետք է մտածենք` երբվանից ենք սկսում շեմն իջեցնել»: «Հպարտ քաղաքացիներն» ասում են` հազիվ մի նորմալ օրենք են ընդունել, էն էլ «փչացնում են»։ «Ոչինչ էլ չենք ուզում փչացնել, ուրիշ հարց կա, այսօր գործող օրենքը սոցիալապես այնքան էլ արդար չէ այն առումով, որ եթե ես 2 մլն, 1,5 մլն աշխատավարձ եմ ստանում, փոխանակ իմ եկամտահարկը գնա սոցիալական խնդիրներ լուծելուն, գնում է հիպոթեքին»: Բա ինչո՞ւ «երկնեցիք» այդ օրենքը, որ հիմա ուզում եք օրորոցում սպանել՝ ուզում էիք դո՞ւր գալ պողոսներին։ «Պողոսների մասին չէ խոսքը, խնդիրն այն է, որ երբ նոր` փոփոխված շեմ ես դնում, սոցիալական արդարությունը պահպանվում է»: Ե՞րբ եք նախատեսել կյանքի կոչել նոր շեմը։ «Երբ արտակարգ ռեժիմը կվերանա, կվերադառնանք խնդրին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չեն հրապարակում։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել է մայիսի 15-ից իրեն համարել ազատված։ Բայց իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի բուհի հետ կապված, Մարուխյանը եւս կաշկանդված է եւ մեզ չասաց, որ դիմումն արդեն գրել է, այլ՝ «նման մտադրություն ունի», պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին չցանկացավ խոսել։ Նշեց, որ պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին։ Մենք տեղեկացանք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել են առանց որեւէ հիմքի ձգձգել, խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Մարուխյանից դիմում չեն ստացել, նիստ նշանակված չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով Երևանի պետհամալսարանի ռեկտոր դառնալու հավակնություններ է դրսևորում, Սերժ Սարգսյանի վտարանդի փեսա Միքայել Մինասյանի հովանավորյալներից է: Պարզվում է՝ Մելքոնյանը վերջերս Մինասյանի ստեղծած Հասրաթյան-Մինասյան հիմնադրամից 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել: Հիմնադրամը յուրայիններին ֆինանսավորելու լեգալ միջոց է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարություն եղավ, որ հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզի եւ Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Այս մասին հայտնել էր անձամբ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզի բնակիչներից տեղեկություն հասավ, որ տրամադրված համակարգիչների մեջ եղել են չաշխատող սարքեր, որոնք բնակիչները հետ են վերադարձրել մարզպետարան։ Մեզ դիմած անձը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ համակարգիչը վերադարձել է մարզպետարան եւ խնդիրն այլ ձեւ է կարգավորել: Ընդ որում, տեղեկացանք, որ սա միակ դեպքը չէ: Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաեւ այլ մարզերում։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք տրամադրված համակարգիչներն անսարք են եղել: Եթե այո, ապա ինչո՞ւ են դրանք փոխանցվել անապահով բնակիչներին։ Ի պատասխան՝ Տիգրան Գալստյանը հայտնեց, թե կոնկրետ իրենց համակարգիչ հետ չի վերադարձվել: «Մենք բոլորը ստուգել ենք, որեւէ անսարք համակարգիչ չի եղել: Մեզ չեն դիմել անսարքության հետ կապված։ Ասեմ, որ համակարգիչներ տրամադրում ենք ընտանիքների, որոնք համակարգիչ չեն ունեցել, հետեւաբար պատրաստակամություն ենք հայտնել՝ եթե խնդիր լինի, անգամ վերանորոգենք: Ավելին ասեմ, հատուկ գնում ենք կազմակերպել, որ վեբ տեսախցիկներ էլ ունենան», – նշեց նա՝ հավելելով, որ իրենց այս ընթացքում մեկ անգամ են դիմել: «Մեզ դիմել են մի անգամ, որի պատճառը եղել է update-ները ծրագրային ապահովման, որ օգտատերը սխալ քաշել է համացանցից», – նշեց նա: Այսպիսով, թեեւ անսարք համակարգիչները բնակիչների կողմից վերադարձվել են, բայց ԱԺ չեն հասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության, վերահսկողության խնդիրներն այս համավարակի շրջանում ավելի ու ավելի շատ են մտահոգում մարդկանց։ Մեզ դիմած քաղաքացին որոշ տեղեկություններ փոխանցեց այդ ոլորտի հետ կապված։ Նախ, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտներից գանձվում է փորձաքննության վճար` փորձաքննությունների գնացուցակի համաձայն: Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին` յուրաքանչյուր փորձաքննության համար` գնացուցակով սահմանված չափով: Մեր զրուցակցի տեղեկություններով՝ յուրաքանչյուր տարի մոտ 150 միլիոն և ավելի դրամ է կազմում այդ գումարը։Եւ փորձաքննությունները հիմնականում իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մտերիմի ընկերությունը՝ լաբորատոր ծառայություններ մատուցող «Ստանդարտ Դիալոգ»-ը։ Լուրեր են նաեւ շրջանառվում, որ փորձաքննությունների որոշ մասը չի իրականցվում, այլ տնտեսվարողներին «վաճառում են» այդ եզրակացությունները:


Մենք կապվեցինք ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանի հետ։ Նա ասաց, որ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության ղեկավարության հետ վաղուց ունի մտերիմ հարաբերություններ․ «Նորմալ, մարդկային հարաբերություններ ունեմ։ Մենք շատ երկար ժամանակ ճանաչում ենք իրար եւ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել»։ Նա հաստատեց, որ հիմնականում այդ ընկերությունն է փորձաքննություններ իրականացնում․ «Գումարը շատ է ուռճացված, անցած տարի այդ լաբորատորիայում էր իրականացվում հետազոտությունները։ Ամեն տարի մրցույթ ենք իրականացնում, հաղթող լաբորատորիաները սկսում են աշխատել մեզ հետ։ Անցած տարվա մրցույթը հաղթել է «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունը, մեր պետական լաբորատորիան եւ մեկ այլ ընկերություն։ Վերջինը արագ մանրէաբանություն անելու հնարավորություն չունի, իսկ տնտեսվարողները, որպեսզի մեքենան երկար չկանգնի, նախընտրում են արագ հետազոտությունները, հետեւաբար, այդ նմուշների մեծ մասը գնում է «Ստանդարտ Դիալոգ»»։ Նա նաեւ նշեց, որ այս տարվա մրցույթում հաղթել է 3 ընկերություն, այդ թվում՝ «Ստանդարտ Դիալոգը»։ Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե փորձաքննությունների ինչ որ մասը չեն իրականացվում, այլ գնվում են, պատասխանեց․ «Նման բան չեմ տեսել։ Եթե մարդիկ կան, որոնք ունեն այդ ապացույցները, ես խնդրում եմ այդ մարդկանց դիմել իրավապահներին, եւ մենք իմանանք՝ ինչ ենք անում, մենք այստեղ նստած չենք կարող իմանալ հետազոտությունը անում են, թե չէ։ Սակայն այս տարի նույն լաբորատորիաներից առաջարկ է եղել, որ բաց աշխատեն, որ կասկածներ չառաջանա հասարակության մոտ»։