"Хочу в Россию": ՌԴ մի խումբ քաղաքացիներ դեսպանից պահանջում են լուծել իրենց խնդիրը (FOTO)

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց այսօր առավոտվանից բողոքի ակցիա է ընթանում: Մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ, որոնք ՌԴ քաղաքացիներ են, պահանջում են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինից լուծել իրենց խնդիրը, այն է՝ տրանզիտ միջանցք բացել Վրաստանով ՌԴ սեփական մեքենաներով անցնելու համար, քանի որ դեսպանատան առաջարկած տարբերակը՝ մեկնել ավտոբուսներով, իրենց սրտով չէ:

VERELQ-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ առաջին անգամ չէ, որ դիմում են դեսպանատանը, սակայն որևէ պատասխան կառույցից չեն ստացել: Այդ իսկ պատճառով այսօրվա բողոքի ակցիան կլինի անժամկետ՝ կմնան այնքան ժամանակ, մինչև խնդիրը լուծում ստանա կամ գոնե երաշխիքներ իրենց տրվեն.

«ՌԴ քաղաքացիները կարող են Ռուսաստան վերադառնալ այլ երկրներից միայն օդային ճանապարհով, ինչպես նաև Հայաստանից ավտոբուսներով: Բայց միաժամանակ մեզ ասում են իրարից դիստանցիա պահեք, իսկ այդ դեպքում ինչպե՞ս դիստանցիա պահենք իրարից, եթե մի քանի տասնյակ քաղաքացիների պատրաստվում են լցնել մի ավտոբուս: Մենք չենք պատրաստվում այդպես մեկնել Ռուսաստան, որովհետև մեզ հետ կան երեխաներ, նորածիններ, ինչպե՞ս իրենց այդ պայմաններով տեղափոխենք: Հետո բա մեր մեքենաները ի՞նչ անենք, հետն էլ շատերս հենց մեքենայով ենք այնտեղ փող աշխատում: Մենք ուզում ենք, որ մեզ համար տրանզիտ միջանցք ստեղծվի, Վրաստանով գնանք հասնենք մեր տները, թող մեզ ուղեկցեն ու մենք պատրաստ ենք այդ ուղեկցման ծախսերը մեր վրա վերցնել»,- ասաց մեր զրուցակից Մհերը:




Մասնակիցները բողոքում են, որ ավտոբուսները, որոնք նախատեսել է ՌԴ քաղաքացիների համար դեսպանատունը, մեկնում են միայն Վլադիկավկազ, իսկ իրենք տարբեր քաղաքներում են՝ Վորոնեժ, Սարատով, Մոսկվա և այլն: Եվ քանի որ տրանսպորտը չի աշխատում Ռուսաստանում էլ, հարց են հնչեցնում՝ ինչպե՞ս պետք է հասնեն իրենց բնակության վայրը:

«Մեր փողերը վերջացել է, մարդ կա, որ այսօր եկել է այստեղ ու տուն չի գնալու, որովհետև փող չունի: Մարդ էլ կա իր ավտոմեքենայի մեջ է քնում, բա մենք ի՞նչ անենք, մեզ ոչ ոք տեր չի կանգնում»,- բոլոքեց մյուսը:




Այս հարցը մեր հայրենակիցները ուղղել են նաև ՀՀ կառավարությանը, սակայն այնտեղից արձագանք են ստացել, որ լուծումը ռուսաստանյան իշխանությունների ձեռքում է: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ՌԴ-ն ու Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, հետևապես սա մի փակուղի է, որից ելքը չի երևում:




«Մենք այստեղից չենք գնալու, մինչև պատասխան մեզ չտան: Կքնենք դեսպանատան դիմաց այնքան ժամանակ, մինչև մեր երկիրը մեզ տեր կկանգնի: Իսկ եթե չեն կանգնի, կշարունակենք պահանջել ՌԴ դեսպանի հրաժարականը, քանի որ նրանք պարապության են մատնված»,- հավելեցին նրանք:

Ի դեպ, ավտոբուսներով Ռուսաստան մեկնել չցանկացողները, որպես պատճառներից մեկը, նշում էին այն, որ այդ փակ տարածքում սոցիալական հեռավորություն պահելը անհնար է, մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցներից հատուկենտներն էին դիմակներով ու ձեռնոցներով՝ միայն երեխաների հետ բողոքող մայրերը: Ու անգամ ոստիկանության հորդորները, որ պարբերաբար հնչում էին բարձրախոսով, այս իրավիճակը չփոխեցին:


Լիա Խոջոյան


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...