VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կտրուկ սրվել են խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները: Հնարավոր է, որ պատճառը Խաչատուր Սուքիասյանի կողմից տարվող երկդիմի խաղն է, որը այնքան էլ դուր չի եկել Ծառուկյանին: Սուքիասյանը և-և-ի քաղաքականություն է իրականացնում՝ մի կողմից ցույց տալով, որ դատապարտում է իշխանության կողմից Ծառուկյանի բիզնեսի դեմ իրականացվող ոտնձգությունները, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ շփումներում դրանք անվանում տեղին և արդարացի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորաշեն գյուղում թաղման ժամանակ տեղի ունեցած պատմությունն ավելի է լարել Փաշինյան-Ավինյան հարաբերությունները: Հիշեցնենք․ Ռուսաստանից եկած անձինք պարետատնից խնդրել էին` թույլ տալ մասնակցելու հարազատի թաղմանը։ Ավինյանն իր եղբորը, որը նույնպես բժիշկ է եւ այժմ մեկուսացված է, «գարանտ» էր նշանակել, որ հետեւի ընթացքին՝ վիրուսը հանկարծ տարածում չգտնի։ Սակայն կորոնավիրուսով հիվանդ-մեկուսացված հարազատներից մեկը գյուղ տանող շտապօգնության մեքենայից հարազատներին տեսնելով, առանց թույլտվության դուրս էր թռել, ողջագուրվել բոլորի հետ, ինչի արդյունքում ստիպված եղան գյուղն ամբողջովին փակել։ Փաշինյանը, որն առանց այն էլ դժգոհ էր Ավինյանից, մանավանդ նրա՝ Ժորիկին պարետատնից հեռացնելու հրահանգին չենթարկվելուց հետո, Ավինյանին ու եղբորը նկատողություն է տվել, որ չեն կարողացել իրավիճակը վերահսկել՝ «իրենց մեղքով մի ողջ գյուղ վարակի օջախ է դառել»,- ասաց պարետատան մեր աղբյուրը: Իսկ ոչի՞նչ, որ Փաշինյանի խոհարարի պատճառով էլ մի ողջ Մարմարիկ գյուղ էին փակել։ «Դե` հիմա. Ավինյանն ստիպված եղավ մարդկանց հոգեհանգստի հետ կապված նոր որոշում կայացնել` արգելել հարազատների մասնակցությունը։ Ի դեպ, Ավինյանի նկատմամբ անհանդուրժողականությունը շատ ավելի վաղուց է սկսվել, երբ Աղվան Հովսեփյանի հետ մասնակցեց «ՆԻԳ-Ապարանի» միջոցառմանը, անգամ ՔՊ վարչության նիստում էին քննարկել հարցը»։ Բայց այդ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Սամվել Ալեքսանյանը, որն Ավինյանի գլխից «զոնտիկը» շատ վաղուց տեղափոխել է Փաշինյանի գլխին. «Բոլոր դեպքերում Փաշինյանը գտնում է, որ Ավինյանը չի փոխվում, պահում է նախկինների հետ իր հարաբերությունները, չի գնում հեղափոխական արժեքների հետեւից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից այս կամ այն պաշտոնի համար հայտարարված մրցույթները թեեւ դատարանը չեղարկում է, սակայն քաղաքային իշխանության ներկայացուցիչները շարունակում են խնդիրներ ստեղծել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացումը` մինչեւ հայցի ապահովումը: Եւ մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել էր նաեւ ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Հիմա պարզվում է` Երեւանի քաղաքային իշխանությունը չնայած համաճարակով պայմանավորված մի շարք սահմանափակումներին, որոշել է մի քանի օր անց` ապրիլի 27-ին նշված թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել: Եւ ահա մեզ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին դատարան է դիմել մրցույթի մասնակիցներից Հայկ Հովհաննիսյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի Երեւանի քաղաքապետարանին Երեւան քաղաքի ենթակայության «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության 27.04.2020թ. մրցույթի կազմակերպման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Ինչ կանի դատարանը այս դիմումի հետ, դժվար է ասել, բայց փաստ է, որ մի կողմից դատարանը կասեցնում է մրցույթի անցկացման ընթացքը, իսկ մյուս կողմից` քաղաքապետարանը ապրիլի 27 -ին կրկին մրցույթ է նշանակում, ինչը կրկին թեկնածուներից Հայկ Հովհաննիսյանը վիճարկում է դատարանում: Հիշեցնենք` այս ՀՈԱԿ-ի տնօրենին` Արմեն Բեգոյանին նշանակել է տվել այդ պաշտոնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը: Բայց հիմա փոշմանել է եւ գնալով Բեգոյանի աշխատասենյակ, նրանից պահանջել է դիմում գրել, քանի որ կարծում է, որ նա չի արդարացրել իր հույսերը: Այս լուրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի հերքել նաեւ ինքը` Բեգոյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար դեգերումներից հետո իշխանությունը վերջապես գտել է Հայաստանի թիվ 1 քավորին Իջեւանի քաղաքապետ դարձնելու ուղին։ Անցած տարի, հիշեցնենք, Իջեւանի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցվեց, նա դիմում գրեց, քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։ Շուրջ 1 տարի է՝ իշխանությունը տարբեր պատրվակներով հետաձգում է քաղաքապետի ընտրությունները, քանի որ վստահ չեն, թե Ղալումյանն այնքան վարկանիշ ունի, որ կընտրվի։ Մտածեցին, որ հարցը կլուծեն Իջեւանի խոշորացման ծրագրով, որ միավորված համայնքապետերն աշխատեն Ղալումյանի համար։ Ընտրության օր նշանակեցին հունիսի 14-ը։ Սակայն դա էլ հետաձգվեց։ 2 շաբաթ առաջ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման՝ նույն խոշորացման նախագծում օրենքի կիրառման ժամկետ են նշել՝ «6 ամսվա ընթացքում»։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց, թե կորոնավիրուսով պայմանավորված են երկար ժամկետ նշել, քանի որ հայտնի չէ, թե երբ կավարտվի արտակարգ դրությունը, երբ հնարավոր կլինի ընտրություն անել»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի առաջին զոհերը կարող են լինել այն նախկին պաշտոնյաները, ում նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, սակայն նրանք հետախուզման մեջ են և այդ կերպ խուսափում են արդարադատությունից: Օրինակները բազմաթիվ են՝ սկսած բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից, վերջացրած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակիցները վիրավորված են՝ «պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ»։ Հիշեցնենք, ապրիլի 25-ին ԱԺ 3 խմբակցությունները թեստավորվելու են։ Եվ չնայած պաշտոնապես հերքում են լուրը, որ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված կա, նաեւ՝ «Իմ քայլում», լուրերն էլի շրջանառվում են։ «Չկա նման բան»,- երեկ իրենց պատգամավորների մասով վստահեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ ինչո՞ւ են միայն պատգամավորները թեստ հանձնելու։ «Մենք վերջին շրջանում ակտիվ աշխատել ենք ԱԺ-ում, եւ, ցավոք, այն չափանիշները, որոնք սահմանել է պարետատունը, հաճախ հնարավոր չի եղել պահպանել, ու զգուշության տեսանկյունից ԱԺ աշխատակազմը նման որոշում է կայացրել։ Թեստավորման ծախսերն էլ դրվելու են ԱԺ-ի վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը, ըստ մասնագետի, անալիզներն են. «Եթե այստեղ խնդիրները վերացնենք, թե՛ աշխատանքն էֆեկտիվ կլինի, թե՛ հիվանդ-կարանտինի մեջ գտնվողների դժգոհությունները՝ քիչ»: Ի՞նչ խնդիրներ են․ «Անալիզները վերցնում-ուղարկում ենք ուսումնասիրության` հիվանդությունների վերահսկման-կանխարգելման կենտրոն, ինֆեկցիոն հիվանդանոց, Պրոմտեստ։ Պատասխաններն ուշանում են։ Երբեմն մոտ 3 օր, արդյունքում պետությունը կարանտինում գտնվողների վրա լրացուցիչ ծախս է անում, հիվանդն է հոգեբանական բարդ վիճակում հայտնվում»: Իսկ անալիզների թիվն օրական հազարից անցնում է․ «Նմուշառումն անում են, դնում պրաբիրկայի մեջ, դնում սառնարանը, կոնտեյներով գալիս է, տանում են լաբորատորիա, այնտեղ էլեկտրոնային արձանագրում անում։ Էս ճանապարհին տեխնիկական լիքը խնդիրներ են ծագում, որոնք դժվար է կարգավորել, այնպես, որ պատճառները հաճախ զուտ տեխնիկական են»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և Վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եւ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եւ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել եւ վարակել: Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչեւ առաջին պատիցիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որեւէ մարդ, ով ախտանշան ունենա եւ չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են եւ ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ«,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը: Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»:
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսական լրատվականներից պարզ է դառնում, որ ռուս պաշտոնյաներն իրենց երկրում առաջիկա ամիսների համար կանխագուշակում են տնտեսության ահռելի անկում եւ տասնյակ միլիոնավոր գործազրկություն: Թե՛ միջազգային, թե՛ տեղական փորձագետները նշում են, որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում դրսեւորվելու է ամենածանր հետեւանքներով: Աճում է հանցավորությունը, որն ուղիղ կապ ունի արդեն սկսված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ՌԴ-ում տիրող ընդհանուր վիճակն անմիջական ազդեցություն է ունեցել նաեւ ներկայումս ՌԴ մի շարք քաղաքներում արտագնա աշխատանքի մեկնած մեր շատ հայրենակիցների վրա, որոնք տեւական ժամանակ է՝ հարկադիր պարապուրդի են մատնված, ավելին՝ առաջիկա ամիսների ընթացքում աշխատանքի ոչ մի հույս անգամ չունեն։ Թերթի հետ զրույցում ՌԴ-ում աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներից մեկը նշել է, որ ՌԴ մեկնած եւ ներկայումս գործազրուրկ գրեթե բոլոր քաղաքացիները սպասում են, որպեսզի ՀՀ տարածքում արտակարգ դրությունը վերանա՝ հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենալու համար։ Ի դեպ, կան նաեւ մարդիկ, որոնք փետրվարի վերջին են մեկնել արտագնա աշխատանքի եւ երկու ամիս է՝ ոչնչով չեն զբաղվում, ավելին՝ անգամ չեն կարողանում տուն վարձել եւ բնակվում են բարեկամների տանը։ Սա մտահոգիչ է թե՛ այդ մարդկանց վիճակի առումով, թե նաեւ դրա հետ կապված շղթայական խնդիրների տեսակետից, եթե հաշվի առնենք, որ ՀՆԱ-ի 25 տոկոսը կազմում են օտարերկրյա տրանսֆերտները»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ համապատասխան որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության, որի համաձայն՝ մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք` 30 մլն դրամի չափով: 2019 թ.-ի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվներից պետական գույքն օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ընդհանրապես, ՀԿԵ-ի ու «Գազպրոմ Արմենիայի» հետ կապված իրավական հարցերի պակաս չի եղել իշխանափոխությունից հետո: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն: «Հույս ունենք, որ այն դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված, կկարգավորվեն առանց միջադեպերի, որոնք հարիր չեն դաշնակիցներին»,- ասել նա: Ըստ էության, ռուսական կողմը փաստացի ակնարկել է գազի գնի վերանայման եւ վերը նշված հարցերում, այդ թվում՝ երկաթուղու խնդրում որոշակի հստակության անհրաժեշտության միջեւ ուղիղ կապի մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ են եղել նշյալ հարցում հստակություն մտցնելու գործին։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ երեկ Փաշինյանն իր աշխատակազմին հրատապ կարգով հանձնարարել է ստեղծել մի հանձնաժողով, որը բավական սեղմ ժամկետներում պետք է խնդրի լուծման տարբերակներ ներկայացնի կառավարությանը»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախի խնդրի շուրջ այս օրերին ընթացող քննարկումների շրջանակներում հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես ընդգծել է մի քանի կետեր: Ա. Հարությունյանը կարեւորել է Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սա կարեւոր ու սկզբունքային է այն առումով, որ անկախ այն բանից, թե ինչպիսի տեսք կունենա հակամարտության կարգավորման վերջնարդյունքը, դա համահունչ կլինի Արցախի ժողովրդի պատկերացումներին ու ցանկություններին: Ըստ որում, ի լրումն այդ կետի, Ա. Հարությունյանը նաեւ նշել է, որ «Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել»: Երրորդ կետով Ա. Հարությունյանը ընդգծել է. «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ»: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրավական հիմք է Արցախի պետության միջազգային ճանաչման համար, ինչն էլ իր հերթին Արցախի անվտանգության երաշխիքի մի բաղադրիչն է: Այս համատեքստում՝ Արցախում ինքնապաշտպանության նպատակով ուժի ցանկացած կիրառում, ըստ այդմ, լեգիտիմություն է ձեռք բերում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել: Մելքումյանն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը: Գործող օրենքով բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև 5 մլն արտարժութային ավանդը: Մելքումյանն առաջարկում է դրամային ավանդի փոխատուցման չափը դարձնել16 մլն, իսկ արտարժութայինը` 7 մլն: Մելքումյանը կարծում է, որ այս փոփոխությունը կնպաստի բանկերի նկատմամբ վստահության մեծացմանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, հանդես է եկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությամբ: Այս փոփոխությամբ բանկերը պարտավորվում են իրենց հաճախորդների մասին ՊԵԿ-ին տրամադրել բանկային գաղտնիք համարվող տեղեկություն «հարկային մարմնի իրավասության շրջանակում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան»: Շատերը կարծում են, որ սա էապես կթուլացնի բանկերի նկատմամբ վստահությունը և կխթանի կապիտալի արտահոսքը մեր բանկային համակարգից»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրությունը բավականին ակտիվ հետեւում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պարբերական հաճախականությամբ հրավիրվում են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքների բուն գործունեության մասին հրապարակային առումով գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն տեղեկատվությունից, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հորդորով, առաջիկա ամսվա ընթացքում, մինչեւ ապրիլյան հանձնաժողովի գործունեության ավարտը, որը լրանում է հունիսին, հանձնաժողովից կազմակերպված ինֆորմացիոն «արտահոսքեր» կլինեն հրավիրյալ անձանց տված պատասխաններից։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն, դա արվելու է տեղեկատվական դաշտում որոշակի աժիոտաժ ապահովելու եւ իշխանությունների քաղաքական «քիմքին» հաճելի թեմաներ շրջանառելու նպատակով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները կմիանան ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և կվերակազմակերպվեն։ Առողջապահության նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է։ Նախագծում նշվում է, որ ֆիզիկապես Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարարությունը հանդես է գալիս բժշկական հաստատություններ միավորելու, վերակազմակերպելու նախաձեռնությամբ, սակայն յուրաքանչյուր անգամ այն ավարտվում է սկանդալով, ցույցերով։ Վերջին օրինակը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բազմիցս ցույցեր էին անցկացրել խորհրդարանի շենքի և կառավարության դիմաց, ապա աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Մինչ այդ էլ, քննադատության էր արժանացել ծննդատները փակելու կամ այլ հիվանդանոցներին միավորելու որոշումը և բողոքներից հետո նախարարությունը ստիպված եղավ նոր քննարկումներ անել և որոշումներ փոխել։ Հետաքրքիր է՝ ինչ է սպասվում այս որոշումից հետո»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները բանդա են բացահայտել, որոնք անգամ ոստիկան են սպանել: Եվ այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ Գեղամ Մաչանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Աշոտ Վարազդատի Զատիկյանի մտերիմ ընկերը և տեղեկանալով Աշոտ Զատիկյանի կողմից կազմավորվող կայուն հանցավոր խմբի բանդայի և դրա հանցավոր բնույթի ու նպատակների մասին, մասնակցել է բանդայի հավաքներին: Նա հանցակիցների հետ համատեղ պլանավորել և բանդայի պարագլուխ Աշոտ Զատիկյանի կատարած դերաբաշխման համաձայն մասնակցել է հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելուն ուղղված միջոցառումներին: Ինչպես նաեւ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ բանդայի գոյության և հանցավոր գործունեության գաղտնիության ապահովման ուղղությամբ, իրեն հատկացված դերի շրջանակներում մասնակցել է բանդայի կողմից կատարվող բոլոր հանցագործություններին, այդ թվում` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպսնություններ, հասարակական կագի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի աշխատակցի սպանություն: Այս արարքների համար նրան եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Պատժի եւ գործի հետագա զարգացումների մասին կներկայացնենք հաջորդիվ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքի նախագծերի փաթեթը պատրաստ է։ Այն մինչեւ այժմ հանրային քննարկման էր դրված E-draft տեղեկատվական համակարգում եւ այժմ վերջնական տեսքի է բերվել։ Նշենք, որ այն կազմվել է արդարադատության նախարարության կողմից եւ բխում է 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով։ Ռազմավարությամբ նախատեսվում է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, և գործընթացը սկսվելու է պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Նշենք, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։ Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։ Միևնույն ժամանակ, մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները՝ համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների։ Իսկ ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը»։