Հայաստանում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռևս պարզված չէ
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:
«Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:
Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:
Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։
Երևան` 219
Արագածոտն` 10
Արարատ` 113
Արմավիր` 51
Լոռի` 4
Կոտայք` 88
Շիրակ` 6
Սյունիք` 8
Վայոց ձոր` 1
Տավուշ` 2», - ասված է առողջապահության նախարարի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով, իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: Առողջացածների թիվը հասել է 31-ի: