Տոկաևը շնորհավորել է փաշինյանին և ընդգծել է Հայաստանի Անկախության տոնի նշանակությունը
Լուսանկարը` primeminister.am
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր գնահատելով երկրի անցած պատմական ուղին և միջազգային ասպարեզում նրա հեղինակությունը։
Ինչպես հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, Ղազախստանի ղեկավարն իր հեռագրում նշել է, որ 35-ամյա պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունն ու ստեղծագործ ոգին:
«Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանն արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը՝ հաստատվելով որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում»,- ընդգծել է Տոկաևը։
Նա նաև գնահատական է տվել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ դրանք անվանելով կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմք:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ղազախստանի նախագահը վստահեցրել է, որ իր երկրում խորին հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդի հնագույն պատմությանն ու մշակույթին։ Տոկաևը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու պետությունների միջև առկա բարեկամության և ռազմավարական գործընկերության ձեռքբերումներն էապես կբազմապատկվեն՝ ի շահ բարեկամ ժողովուրդների։
Եզրափակելով ուղերձը՝ նա Նիկոլ Փաշինյանին մաղթել է անսպառ եռանդ և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ բարօրություն: