Անկախությունն ինքնանպատակ չէ. ՀՅԴ-ն ահազանգում է նոր վտանգների մասին
Լուսանկարը` սոցիալական ցանցերում ՀՅԴ-ի էջից
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ինքնիշխանությունը հայկական ինքնության պահպանման եզակի երաշխիքն է, և ահազանգելով պետականությանը սպառնացող արդի ճակատագրական վտանգների մասին։
Անդրադառնալով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի պատմական ընտրությանն ու Անկախության հռչակագրին՝ կուսակցությունը շեշտում է, որ դարավոր զրկանքների գնով ձեռք բերված պետականությունը չպետք է հրաժարվի իր արմատներից ու պատմությունից։ «Անկախ պետականությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Այն միակ և անփոխարինելի միջոցն է՝ պահպանելու մեր ազգային ինքնությունը և ապահովելու հայ ժողովրդի հարատևությունը», - ասված է հայտարարության մեջ։ ՀՅԴ-ն հիշեցնում է, որ նահատակների թափած արյունն էությամբ ու բովանդակությամբ իսկական հայկական պետություն կերտելու համար էր, որը կդառնա համայն հայության արժանապատվության, անվտանգության և ստեղծարար ներուժի գլխավոր պաշտպանը։
Գնահատելով ներկայիս քաղաքական իրադրությունը՝ Դաշնակցությունը նախազգուշացնում է ինքնության խաթարման և պետականության թուլացման սպառնալիքների մասին։ Այս մարտահրավերների ֆոնին քաղաքական ուժը վերահաստատում է իր հանձնառությունը՝ անզիջում պաշտպանել ազգային արժեքներն ու շարունակել պայքարը հանուն իրապես ինքնիշխան և անվտանգ Հայաստանի: Ուղերձում կոչ է արվում օր առաջ վերականգնել համազգային միասնականությունն ի պաշտպանություն հավաքական իրավունքների՝ եզրափակելով, որ հայկական պետությունը պետք է հարատևի իր բուն առաքելությամբ: