Անկախությունն ավարտված ձեռքբերում չէ. Խաչատուրյանի ուղերձը 35-ամյակին
Լուսանկարը` president.am
Հայաստանի նախագահը պետականության 35-ամյակին ընդգծել է ինքնիշխանության պահպանման ամենօրյա պատասխանատվությունն ու արդի մարտահրավերներին դիմակայելու ճկունության անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել համազգային ուղերձով՝ պետականությունը որակելով ոչ թե որպես մեկընդմիշտ տրված իրողություն, այլ ամենօրյա տքնաջան աշխատանք պահանջող գործընթաց։
Երկրի ղեկավարն իր խոսքում շեշտել է, որ երեքուկես տասնամյակը բավարար է անցած ուղին արժևորելու համար, սակայն չափազանց կարճ է՝ ենթադրելու, թե անկախ պետությունը կայացած ու ավարտուն ձեռքբերում է։
«Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու կարողությունն է»,- հայտարարել է Խաչատուրյանը՝ հավելելով, որ ցանկացած որոշման հիմքում պետք է լինի բացառապես պետական ու հանրային շահը:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նախագահը հիշատակել է այս տարվա հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները։ Նա դրանք գնահատել է որպես ժողովրդավարական գործընթացի կարևոր հանգրվան, որը նոր քաղաքական պատասխանատվություն է ձևավորում։
Ըստ նրա՝ քաղաքական հայացքների ու լուծումների բազմազանության պայմաններում անգամ բոլորի համար միավորող բացարձակ արժեքը պետք է մնա Հայաստանի Հանրապետությունը։
Խոսելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային աննախադեպ փոփոխությունների մասին՝ Խաչատուրյանը նկատել է, որ արագ փոփոխվող անվտանգային ու տնտեսական պայմաններին դիմագրավելու համար պետությանը պահանջվում է ճկունություն՝ առանց սկզբունքայնության կորստի։
Ուղերձի ավարտին նախագահը կոչ է արել հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն անկախության փաստը, այլև ժողովրդավար ու կարողունակ պետություն՝ ընդգծելով, որ 35 տարի առաջ ժողովրդի կայացրած պատմական վճիռն այսօր անհրաժեշտ է ամեն օր լցնել իրական բովանդակությամբ: