Փորձել են համոզել, որ կա «ազգային շահ», որն ավելի կարևոր է, քան անկախությունը. Ռուբինյան
Լուսանկարը` parliament.am
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ հղված իր ուղերձում հայտարարել է, որ հայ ժողովուրդը վերջնականապես մերժել է «ապահով կախվածության» գաղափարը՝ դժվարագույն փորձությունների գնով նվաճելով հարատև ինքնիշխանություն և երկարասպասված խաղաղություն:
Խորհրդարանի խոսնակն անկախությունն անվանել է ազգի ամենամեծ հպարտությունն ու ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։ Ըստ նրա՝ հայերն անգամ ամենաանհույս իրավիճակներում չեն հաշտվել պետականության բացակայության հետ, ինչը վկայում է իրապես պետական ժողովուրդ լինելու մասին:
Անդրադառնալով անցած 35 տարիների մարտահրավերներին՝ Ռուբինյանն ընդգծել է, որ հենց առաջին օրվանից դրսից և ներսից փորձեր են արվել արժեզրկել ինքնիշխանությունը՝ այն ներկայացնելով որպես ժամանակավոր կամ արհեստական երևույթ:
«Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ», որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները»,- նշել է ԱԺ նախագահը։ Սակայն, ինչպես շեշտել է նա, անգամ ամենադժգույն պահերին, երբ հանձնվելը թվում էր միակ ելքը, հանրությունը գտավ պատմության ընթացքը փոխելու իմաստություն:
Ուղերձի եզրափակիչ հատվածում Ռուբինյանը փաստել է, որ արյան ու մեծ զոհողությունների գնով պահպանված պետականությունն այսօր թևակոխել է խաղաղության դարաշրջան, որտեղ քաղաքացիները վերջապես կարող են արարել և վայելել հանգիստ կյանք։