Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան
Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ ի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։
Հարությունյանն այս մասին ասաց մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում։
«Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք»,– ասաց Հարությունյանը։
VERELQ-ը հայտնել էր, որ մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին պատշգամբում էր:
Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: