21.09.2026
Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին
prev Նախորդ նորություն

«Եդինայա Ռոսիա»-ն կպահպանի Պետդումայում սահմանադրական մեծամասնությունը

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի

Ռուսաստանի Պետական դումայի 9-րդ գումարման ընտրությունների նախնական արդյունքներով իշխող քաղաքական ուժը վստահ հաղթանակ է տանում:


Կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ոչ միայն գերազանցել է նախորդ ընտրությունների իր իսկ ցուցանիշը, այլև ամուր հիմքեր է ստեղծել նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունն պահպանելու համար:


ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 21-ի գիշերը, քվեաթերթիկների 87,9 տոկոսի մշակման արդյունքում «Եդինայա Ռոսիա»-ն ստանում է ընտրողների ձայների 57,87 տոկոսը։


Ռուսական ՏԱՍՍ-ը հատկանշական է համարում այն փաստը, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժը ստացել էր ձայների 49,82 տոկոսը։ Ընտրապայքարի երկրորդ հորիզոնականում է Կոմունիստական կուսակցությունը (ԿՊՌՖ)՝ 13,84 տոկոսով, որին հաջորդում են ԼԴՊՌ-ն՝ 8,86 և «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,94 տոկոս ձայներով։


Ինչ վերաբերում է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությանը, ապա այն հավաքել է ընդամենը 4,95 տոկոս և, ըստ ԿԸՀ նախնական պատկերի, կանգնած է խորհրդարան անցնելու համար պահանջվող հինգ տոկոսի շեմը չհաղթահարելու վտանգի առաջ։


Իշխող ուժի գերակայությունը բացարձակ է նաև մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունները վկայում են, որ «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուներն առաջատար են 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում:


Այս արդյունքներից պարզ է դառնում, որ իշխանական կուսակցությունը կստանա ավելի քան 301 պատգամավորական մանդատ, ինչը լիովին ապահովում է Պետդումայում սահմանադրական մեծամասնության կայացումը։

 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
21.09.2026
Փաշինյանը չի բացառել Ռուսաստանի հետ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը