24.11.2024
Պարոն նախարար, հետ տարեք այս օրինագիծը. Նաիրա Զոհրաբյանի խիստ քննադատությունը
prev Նախորդ նորություն

Չգրանցված աշխատողները պետական աջակցությունից չեն օգտվի. վարչապետ

Այն քաղաքացիները, որոնք աշխատում են այն ոլորտներում, որոնց կառավարությունը ստեղծված իրավիճակում աջակցություն է տրամադրելու, բայց որոնք գրանցված աշխատող չեն, չեն կարողանա օգտվել այդ աջակցության ծրագրերից: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային 3 փաթեթների քննարկման ժամանակ:  


Նրա խոսքով, կառավարությունը չունի գործիք այդ քաղաքացիներին նույնականացնելու համար. «Եթե նույնիսկ որևէ մեկն ասի, որ ինքն աշխատել է, մենք չենք կարող համոզվել այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են այս դեպքում շահառու: Շատերին թվում է, թե կառավարությունն իր համար է ասում, որ աշխատատեղերը պետք է գրանցվեն: Իհարկե, մեզ համար էլ է դա կարևոր, բայց քաղաքացու համար դա կարևոր է լինելու նաև կենսաթոշակի անցնելուց հետո՝ դրանով է որոշվելու նրա թոշակի չափը»,- ասաց Փաշինյանը։


Փաստացի սոցիալական աջակցությունից այդ հիմքով զրկվող քաղաքացիներին վարչապետը հորդորեց դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եվ եթե քննությամբ պարզվի, որ դա ճիշտ է, գուցե այդ քաղաքացիները ևս ներառվեն նշված ծրագրերում։ 


Ընդհանուր առմամբ, նշեց վարչապետը, պետությունը շուրջ 25 մլրդ դրամ կհատկացնի տնտեսական աջակցության համար, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության համար և 80 մլրդ դրամ՝ տնտեսության վերաձևավորման ծրագրերի վրա: Եվ ևս 20 մլրդ դրամ կունենա ռեզերվային գումար՝ հնարավոր վերաբաշխումների ուղղությամբ:


VERELQ-ը հիշեցնում է, որ կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր, որոնք վերաբերում են աշխատանքը կորցրած անձանց։ Մեկ այլ ծրագրով պետական աջակցություն կստանան նաև հղի կանայք, որոնք չունեն աշխատանք:


Ուշադրություն. ծրագրերը ունեն հստակ չափորոշիչներ, թե ովքե՞ր կարող են դառնալ շահառու: