24.11.2024
Արցախի ու Հայաստանի հարաբերությունները  չեն գործում խաղի ինչ-որ կանոններով. Աշոտ Ղուլյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւր է Հայկ Մարությանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները եւ այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երեւանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատեւ արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ: Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը հայտնի չէր, քանի դեռ չէր հրապարակվել ավագանու նիստ գումարելու մասին որոշումը, որը ստորագրել է այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված քաղաքապետի արձակուրդը: Պարզվեց` Կարապետյանը եւս գտնվում է արձակուրդում, բայց պատասխանեց. «Արձակուրդը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն նա հրաժարվեց ասել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում իրավիճակը հանգիստ չէ, եւ անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անթաքույց ամբողջ կազմով չի մասնակցում ավագանու նիստերին, շատերն էլ կեսից հեռանում են` ցույց տալով իրենց վերաբերմունքը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ մշակույթի նախարարության նախկին պաշտոնատար անձինք խոշորածավալ վատնումներ են թույլ տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի 2016 թվականի հայաստանյան այցը կազմակերպելու գործընթացում: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնաբերված վատնումների վերաբերյալ հաղորդագրություն տարածեց՝ չնշելով սակայն, որ խոսքը վերաբերում է Հռոմի պապի այցի կազմակերպմանը: Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ այցը կազմակերպելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է մի ՍՊԸ-ի (անուն չի նշվում), կնքվել նվիրաբերության պայմանագիր: Այս ընկերությունն էլ, ընդհանուր 16.3 մլն դրամ արժեքով ձեռք է բերել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիէթիլենային թաղանթ։ Դատախազությունը պարզել է նաեւ, որ կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ։ Բացի այդ, ՍՊԸ-ի կողմից նաեւ ներկայացվել են փաստաբանական ծառայությունների ծախսեր, սակայն չի հիմնավորվել դրանց կապը Հռոմի պապի այցի հետ: Նշենք, որ Հռոմի պապը Հայաստան էր ժամանել 2016 թվականի ամռանը, իսկ այդ ժամանակ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հասմիկ Պողոսյանը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։ Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են ստացել, հետեւյալ բովանդակությամբ՝ եթե վերջին ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, ձեռնպահ մնան Ստրասբուրգում ապրիլի 20-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին մասնակցելուց։ Չի բացառվում, որ եթե իրավիճակը բարդանա, չեղարկվեն նաեւ լիագումար նիստերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մարտի 8-15-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Միավորված ազգերի կազմակերպության՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին: Սակայն կազմակերպիչները վիրուսի պատճառով չեղարկել են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն հրահանգել է «հանգստանալ» բոլոր նրանց, ովքեր մտադիր են եղել հեղափոխական ալիքի վրա զբաղվել սեփականության վերաբաշխմամբ, կամ այսպես ասած՝ նախկինների տարածը հետ բերելով: Խոսքը վերաբերում է հատկապես իշխանությանը մոտ կանգնած որոշ գործարարների, որոնք փորձել են իրենց կարողությունը մեծացնել նախկինների հետ կապ ունեցած գործարարների հաշվին, սակայն Փաշինյանը սառեցրել է նրանց հեղափոխական խանդավառությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից եւ որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, թե ով է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ. Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: Ինչպես հայտնի է, Դավիթ Բեգինյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, եւ աշխատանքից ազատման մասին տեղեկությունից հետո մամուլում լուրեր էին շրջանառվել, թե նա խնդիրներ է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ եւ այդ պատճառով է հեռացել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ իրականում պատճառը եղել է նեղվածությունն իր նկատմամբ վերաբերմունքից: Իհարկե, ամեն դեպքում Արդարադատության նախարարությունից Բեգինյանին հասկացրել են, որ նրանից դժգոհ են, քանի որ ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արել, այնինչ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի փոփոխություններ արվեին, որ ներքեւից վերեւ բոլորը զգային հեղափոխության շունչը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց «5-րդ հեռուստաալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը՝ կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ, եւ Թավադյանը մի քանի ժամից դուրս եկավ ԱԱԾ-ի մեկուսարանից՝ հայտնվելով իրեն սպասող թիմակիցների գրկում։ Նա կալանքի տակ էր դեկտեմբերի 24-ից, մեղադրվում էր վկային սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ, սակայն անձը, որն իբրեւ թե կատարել էր նրա պատվերը, ազատության մեջ էր։ Նախաքննությունն ավարտված է, եւ գործը գնացել է դատարան։ Մեր տեղեկություններով, Թավադյանին ուզում էին ազատել դեռ նախաքննության փուլում, այդ նպատակով էլ 2 միջնորդություն արվեց՝ հանրային հայտնի դեմքերից, սակայն դատախազությունը, չցանկանալով արժանանալ Նիկոլ Փաշինյանի զայրույթին, որոշեց գործն ուղարկել դատարան՝ «թող դատավորն ազատի» պատճառաբանությամբ։ Իսկ երբ բողոքը հայտնվեց Ազարյանի վարույթում, հասկանալի էր, որ Թավադյանն ազատ է արձակվելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կորած համակարգչի գործով Դուք որպես մեղադրյա՞լ, թե՞ որպես վկա եք անցնում՝ հարցրինք «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին։ «Որպես վկա, իրենք չեն ասում, որ ես «գողացել» եմ այն, քննչականն ինձ կանչել-հարցնում է` կարո՞ղ է իմանաս ուր է համակարգիչը։ ԱԺ-ն ռեժիմային հիմնարկ է, փաստաթղթով համակարգիչը հանձնել, դուրս եմ եկել, էդ շենք այլեւս ես չեմ կարող վերադառնալ, ես ո՞նց իմանամ` էդ համակարգիչն ուր է, հետո էլ՝ ինչո՞ւ պիտի իմանամ»,- ասաց նա: Սակայն «նախկինների» հետ կապված` սա միակ կազուսը չէ. իշխանությունների երեւակայությունը` նրանց մեջ հանցավորներ գտնելու հարցում, անսահմանափակ է։ Պարզվում է` ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անցնում է «դրոշի պոչի» գործով՝ ֆրակցիայի սենյակի դրոշի պոչը նոր Հայաստանի իշխանությունները չեն գտնում․ Վահրամ Բաղդասարյանը եւս կանչվել է քննչական` «հարցաքննության»: Ի դեպ, Բաղդասարյանն իր անձնական կահույքը թողել է ֆրակցիայի սենյակում: Քննչականի «որոնողական» աշխատանքներն այսքանով չեն ավարտվում՝ մի երկու կորած աթոռի հետ կապված՝ նույնպես քրգործեր կան»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ի դեպ, հանդիպման մասին մի քանի տողանոց հաղորդագրության հետ նույնիսկ լուսանկար չկա վարչապետի պաշտոնական էջում: Չնայած դրանից հետո ՀՅԴ-ականները մեկնաբանություններ են տվել այդ հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ արտառոց բան չկա այդտեղ եւ որ «ներքաղաքական թեմաների մասին չի խոսվել, քննարկվել են բացառապես համահայկական եւ տարածաշրջանային հարցեր», այդուամենայնիվ, այս մեկ շաբաթվա ընթացքում տարբեր տեսակետների, ընդհուպ «դավադրապաշտական» եզրահանգումների պակաս չկար: Ավելին, թեմային անդրադարձել են նաեւ ռուսական որոշ լրատվամիջոցներ՝ ի մասնավորի նշելով, թե հնարավոր է գործարք ՀՅԴ-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Այս թեմայի շուրջ ցանկացանք տեսակետ ստանալ Իշխան Սաղաթելյանից: Հեռախոսազրույցի ընթացքում շեշտեցինք, որ առանձին լրատվամիջոցներում խոսվում է գործարքի հնարավորության մասին, այդ թվում՝ նշվում են հավանական տարբերակներ (կոալիցիա, երկրորդ էշելոնի պաշտոններ, «վեթինգի» գծով հանձնաժողովներում տեղեր եւ այլն), ու խնդրեցինք պատասխանել՝ նման գործարքի հնարավորություն կա՞, թե՞ ոչ: «Մենք շատ հստակ այդ մասին հայտարարել ենք, ասել, այս ընթացքում մի քանի անգամ անդրադարձել։ Մեր գնահատականների, գործողությունների, հայտարարված օրակարգի ու անելիքների մեջ ոչինչ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը նորմալ երեւույթ է, օրակարգի մասին էլ պաշտոնական հաղորդագրություն է եղել»,- ասաց Սաղաթելյանը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաեւ «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, եւ այլն, ու այդպես շարունակ։ Սա, իհարկե, առաջին հերթին քարոզչական հնարք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն։ Բնականաբար, սա քաղաքական եւ ոչ թե՝ իրավական փաստաթուղթ է, եւ ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում։ Բայց սրանով հասարակությանը ուղերձ է հղվում առ այն, որ ԱՅՈ ասելով՝ քաղաքացիները վավերացնելու են անցած երեսուն տարիներին պաշտոնավարած իշխանությունների «դատավճիռը»։ Բացառված չէ, իհարկե, որ դա ազդի քաղաքացիների դիրքորոշման վրա, եւ մարդկանց մի մասը հանրաքվեին մասնակցի «դատելու, կախելու, հետ խլելու» մղումները բավարարելու նպատակով։ Բայց թե ինչ է այն տալու իրականում քաղաքացուն, Հայաստանի ապագայի օրակարգին, չափազանց դժվար է ասել։


Ի դեպ, հրապարակված հռչակագրում կա չափազանց հետաքրքիր մի դրվագ։ Հռչակագրի վերջում ասվում է․ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։ Հետաքրքիր է, եթե ապրիլի 5-ին անցյալի, նախկինների էջը փակվում է, ինչի՞ վրա է դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառուցելու իր քաղաքականությունն ու քարոզչությունը․ արդեն շուրջ երկու տարի նրա իշխանությունը հիմնված է անցյալի հետ հակադրության, նախկիններին որպես ներքին թշնամի ներկայացնելու թեզի վրա։ Հետեւաբար, եթե այդ էջն այլեւս փակվում է, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն այլեւս չպետք է խոսեն անցյալի, նախկինների մասին։ Եթե այդ տրամաբանությունը գործի, ապա դա կարելի է համարել այս հանրաքվեի միակ դրական արդյունքը Հայաստանի ու հայ հասարակության համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, ըստ էության, դրվելու է ոչ միայն 7 դատավորի լիազորությունների դադարեցման հարցը, այլ սկսվելու է մի ամբողջ գործընթաց: Բանն այն է, որ երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ՝ ասելով, որ հանրաքվեն վերաբերելու է ոչ միայն Սահմանադրության մեկ հոդվածին, այլ նաեւ այս հռչակագրին: Մասնավորապես, հռչակագրով քաղաքական գնահատական կտրվի նախկին 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, հատկապես՝ ընտրություններին, որոնք, ըստ վարչապետի, կեղծվել են, մասնավորապես՝ առաջին կետով ասվում է, որ կեղծվել են 1995 թվականից մինչեւ 2018 թվականի ընտրությունները: Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչում ժողովրդի ազատ կամարտահայտության դրսեւորում։ Հետաքրքիր է, որ նրա այս հայտարարությունը եւ հռչակագրի կետերը երեկ բուռն քննարկվեցին համացանցում, հատկապես՝ այն մասով, որ կեղծված ընտրությունները փաստացի նա վերագրել է 1996 թվականին, երբ նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ՀԱԿ-ը որոշել է մինչեւ ապրիլի 5-ի հանրաքվեն չմեկնաբանել վարչապետի հայտարարությունները: Հավելենք, որ հանրաքվեի նախագծի տեքստը վերջնական չէ, մինչեւ ապրիլի 2-ը այն խմբագրվելու է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էական փոփոխություններ չեն արվելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։ Ավելին՝ ասում են, որ տարբեր օղակներում ամեն կերպ խոչընդոտում են իրենց մուտքը Հայաստանի տնտեսություն։ Նրանցից մեկը, որը պատրաստվելիս է եղել քաղցկեղի բուժման ու ախտորոշման ժամանակակից սարքավորումներ բերել, այդպես էլ չի կարողացել Պետգույքի կառավարման կոմիտեի հետ լեզու գտնել եւ հողատարածք գնել՝ նշյալ կենտրոնի կառուցման համար։ Մեկ այլ նախագծով՝ սփյուռքի մեծահարուստները փորձել են նոր թաղամաս կառուցել՝ հյուրանոցային, զվարճանքային, սպորտային եւ այլ բաղկացուցիչներից կազմված մեծ համալիր, որտեղ մեծ թվով աշխատատեղեր կբացվեին, զբոսաշրջիկներ կգային, տեղական գյուղատնտեսությունը՝ որպես մատակարար, կզարգանար, սակայն մերոնք հրաժարվել են աջակցել նախագծին՝ մարզերից մեկում որեւէ անմշակ հողատարածք չտրամադրելով։ Սա էլ՝ դեռ ոչինչ․ բիզնեսմեններից մեկը մեզ պատմեց, որ կառավարության անդամներն ու կառույցները, իրենց տպավորությամբ, իրար հետ կապ չունեն, երբեմն էլ ուղղակի սաբոտաժի են ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Վարչապետը մի բան խոստանում է, բայց մյուս օղակներում դա չեն անում։ Ավելին՝ Փաշինյանը կարող է հենց ներդրողի հետ հանդիպման ժամանակ փորձել կապվել որեւէ նախարարի կամ փոխնախարարի հետ, սակայն տեւական ժամանակ վերջինս չարձագանքի, կամ ուղղակի չկարողանան նրան գտնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանությունների նախնական հաշվարկներով՝ կորոնավիրուսի տարածումը երկրի ազգային տնտեսությանը կարող է հասցնել մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս: Խոսքը ինչպես զբոսաշրջության ծավալների նվազմանն է վերաբերում, այնպես էլ արտաքին առևտրի ծավալներին: Մասնավորապես՝ Վրաստանը ավտոճանապարհների կառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ բիտումի 90-95 տոկոսը ներմուծում է Իրանից, որի հետ ապրանքաշրջանառությունը դադարեցվել է, իսկ այլ արտադրողներից ներմուծումը անհամեմատ ավելի թանկ արժե: Հայաստանում նման հաշվարկ կարծես թե չկա, բայց այդ խնդիրները նույնական են նաև մեզ համար, և այդ հաշվարկները կարևոր են այնքանով, որ դրանց առկայության դեպքում հնարավոր կլինի հաշվարկել նաև այդ վնասները փոխհատուցելու ուղիները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այսուհետ յուրաքանչյուր փախստականի կարգավիճակ հայցողի նման կարգավիճակ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքը: Գործող օրենքով նման անհրաժեշտություն կար միայն անօրինական ճանապարհով Հայաստան եկած և փախստականի կարգավիճակ հայցողների համար, մինչդեռ կառավարությունը կարծում է, որ կարող է լինեն դեպքեր, երբ օրինական ճանապարհով Հայաստան այցելածները ևս կարող են վտանգ ներկայացնել մեր ազգային անվտանգությանը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ օրերս ՀՀ տարածքում գործող մի շարք ՀԿ-ներ բավական մեծ չափերի դրամաշնորհի հերթական չափաբաժինն են ստացել։ Այս գործընթացում հատկանշականն այն է, որ տրամադրված գումարները հստակ նպատակների են ուղղվելու։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարներով հիմնականում հանրության շրջանում տարվելու է իբր բռնության դեմ պայքարի (հիմնականում ընտանեկան բռնություններ, կանանց եւ երեխաների իրավունքների մասին նախագծերի նախապատրաստում եւ քննարկում եւ այլն) ու խաղաղության նախապատրաստման գործընթացի հետ կապված հարցերի քարոզչություն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում անակնկալներ են ի հայտ եկել։ Անակնկալներից մեկը Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի առաջադրումն է։ Անակնկալ է այնքանով, որ որևէ մեկի մտքով չէր անցնում ղարաբաղյան նախկին կլանային համակարգի ներկայացուցչի առաջադրման հնարավորությունը, ավելին՝ նրա կողմից իշխանության աջակցությունն ակնկալելը։ Այս առումով իշխանության տրամաբանությունը պետք է պարզ լինի, եթե ԵՊՀ ռեկտոր պետք է դառնա ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, որը հավատարմություն է հայտնել իր հովանավորներ Բարսեղ Բեգլարյանին, Ռադիկ Մարտիրոսյանին, քոչարյանամերձ գեներալներին և այլոց ու միշտ արտահայտվել դրա մասին, ապա պարզ չէ, թե վերջը ինչ է լինելու։ Ընդ որում՝ երբեմն հավատարմության դրսևորումները հասնում են զավեշտի։ Օրինակ՝ ԵՊՀ հարյուրամյակի միջոցառումներին Գերմանիայի Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Լանգերի գլխավորած պատվիրակության հետ ընթրիքի ժամանակ Սաղյանը ոչ միայն գովաբանել է իր նախկին հովանավորներին և ղարաբաղյան կլանն ու երկու նախկին նախագահներին, այլև հայտարարել է, որ սրանք Արցախը տալու են, իսկ Հայաստանն էլ լցնելու են իրենց նման «գալուբոյներով»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի թիմը»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 7-ին Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդի գտնվելու վայրն արդեն 4 օր է՝ անհայտ է: Վերջին տեղեկությունը, որը հայտնի է՝ նա ամսի 8-ին, չցանկանալով մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում, ստորագրել ու հեռացել է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտրոնում անհանգստացած են. Ռազմիկն արդեն 6 ամիս է ապրում է այդտեղ: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ դեպքից հետո տղայի մասին որեւէ լուր ստանալ չի հաջողվում: Կացարան նա չի վերադարձել: Այս պահին գործող հեռախոսահամար էլ չունեն նրանից, նախորդը կորցրել է կամուրջից կախված ժամանակ: «Սոցապից էլ են փնտրում, փորձում են նրա հետ միեւնույն մանկատանը մեծացած ընկերների միջոցով ճշտել գտնվելու վայրը: Վատ բաներ չեմ ուզում մտածել, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ բազմիցս եղել է, որ մի քանի օր չի եկել կացարան, ապա հայտնվել ու ասել է, որ ընկերների տանն էր: Դե, չափահաս մարդ է՝ չենք կարող վերահսկել, բայց վերջին դեպքերից հետո ներքին անհանգստություն կա»,- ասաց Աղաջանյանը: Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա Ռազմիկ Պետրոսյանի ինքնասպանությունը: