24.11.2024
Մամուլ. Ո՞ւր է Հայկ Մարությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում խունվեյբիններն անընդունելի են

«Երեկ մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել են մի մարդու մոտ, որն ինչ-որ իմ հասցեին վատ բան ասել, պահանջել են ներողություն խնդրել: Շատ վատ տեսարան է ու ինձ համար անընդունելի: Մանավանդ, որ քանի օր է խոսում եմ, ասում՝ հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանել: Բայց մարդիկ մեր անունից գնում են, այդպիսի գործողություններ են անում, կամ չգիտեմ՝ իրենց անունից են անում, թե՞ ում: Դատապարտում են նման գործողություններն ու անընդունելի համարում»: Վայքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իրենց «հեղափոխության պահապաններ» անվանող խմբի գործողություններին:


Փաշինյանի այս հայտարարությունը կարևոր մեսիջ է թե իշխանական թիմին և նրանց աջակիցներին, թե ընդդիմությանը՝ՀՀ-ում ազատ խոսքն ու քննադատությունը պետք է լինեն ներքաղաքական պայքարի կարևոր գործիքներից մեկը և անթույլատրելի է մարդկանց հետապնդումն՝Փաշինյանի կամ այլ գործչի քննադատության համար: Դեմոկրատիայի կարևորագույն բաղադրիչը՝քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքն է՝առանց ֆիզիկական հաշվեհարդարի կամ բռնության՝ իրենց արտահայտած կարծիքների համար:


Խունվեյբիններն անընդունելի են ՀՀ-ի պես փոքր երկրի համար, որտեղ ցանկացած հաշվեհարդար կամ ֆիզիկական բռնություն իր հետ բերելու է պատասխան գործողություններ, ինչը կարող է երկիրը տանել դեպի քաղաքացիական պատերազմ՝թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ գտնվող և ղարաբաղյան չլուծված հակամարտություն ունեցող երկրում ներքին թշնամիներ կամ 5-րդ շարասյուններ չի կարելի փնտրել:


ՀՀ ներքաղաքական պայքարում պետք է դադարել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պրակտիկան՝քաղաքական պայքարը պետք է լինի ծրագրային, ինստիտուցիոնալ, գաղափարների պայքար, ինչից էլ ծնվում է քաղաքական դիսկուրսը: Ֆեյքերի միջոցով վիրտուալ տիրույթում կամ այսպիսի փոքր խմբերով միմյանց ահաբեկելու փորձերը հիասթափեցնում են հասարակության լայն հատվածներին: Նրանք հիասթափվում են ոչ թե Նիկոլ Փաշինյանից կամ ընդդիմադիրներից՝այլ քաղաքականությունից ընդհանրապես ու դառնում են ապաքաղաքական:


Ներքաղաքական պայքարում ժամանակն է անցնել ծրագրային պայքարի՝կոնկրետ առաջարկներով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, ղարաբաղյան հարցի, տարածաշրջանային խնդիրների, հայ-ռուսական հարաբերությունների ապագայի առումներով և իշխանություն-ընդդիմություն փոխադարձ վիրավորանքներին պետք է փոխարինեն տեսլականների ու ռազմավարությունների «բախումները»:


Վարդան Վարդանյան