24.11.2024
Թուրքմենստան-Ադրբեջան. Պանթուրքիստական էներգետիկ-տրանսպորտային տանդեմ
prev Նախորդ նորություն

Արցախի ու Հայաստանի հարաբերությունները չեն գործում խաղի ինչ-որ կանոններով. Աշոտ Ղուլյան

Արդյոք այսպես կոչված «իշխանության տրանզիտը» Ադրբեջանում կապվա՞ծ է ղարաբաղյան գործընթացի հետ: Կա՞ն «կարմիր գծեր» ղարաբաղյան կարգավորման գործընթացում և արդյոք Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) պետք է մնա որպես անկախ պետություն, թե՞ միավորվի Հայաստանի հետ: 


Այս և այլ հարցերի շուրջ EADaily զրուցել է Արցախի Ազգային Ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի հետ:


Պարոն Ղուլյան, ինչու՞ եք որոշել առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու:


Նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը կուսակցության ղեկավարի դեպքում ինքնաբուխ լինել չի կարող: Իմ ղեկավարած քաղաքական ուժը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Արցախի քաղաքական կյանքում 20 - ամյա փորձառություն ունի, ինչպես նաև՝ ձևավորված տեսլական, թե ինչպիսի Արցախ պետք է կառուցենք առաջիկա տարիներին։ Հաշվի առնելով այս իրողությունները՝ մեր քաղաքական ուժը որոշել է 2020 թվականի համապետական ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով։ Որոշումն ընդունվել է, ինչպես և պահանջում է կանոնադրությունը, կուսակցության համագումարում, անցած տարվա նոյեմբերի 30-ին:


Նախկինում, գրեթե միշտ Հայաստանի իշխանությունները թեկուզ ոչ հրապարակայնորեն, բայց աջակցում էին այս կամ այն նախագահի թեկնածուին: Դուք որևէ աջակցություն ստացել եք Երևանից, թե՞ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո խաղի կանոնները փոխվել են:


Արցախի ու Հայաստանի հարաբերությունները այն հարթակը չեն, որը գործում է խաղի ինչ-որ կանոններով: Բարեբախտաբար, մինչև այսօր իշխանություն ներկայացնող անձինք ունեցել են այդ գիտակցումը, և այսօր էլ նույն ընկալումը շարունակում է տիրապետել։ Բայց և այնպես, վստահ եմ՝ անկախ դրանից ու անձերից երկու հայկական հանրապետությունների փոխհարաբերությունները միշտ հիմնվելու են համահայկական շահերի պաշտպանության ու պետականության ամրապնդման առաջնահերթությունների վրա:


Չեմ բացառում, որ նախկինում, ինչպես և հիմա, կարող են լինել անձնական նախընտրություններ: Սակայն չեմ զլանա կրկնել՝ ՀՀ իշխանությունների հայտարարած պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանը շահագրգռված է Արցախում ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու մեջ, լավագույնս է ներկայացնում ժողովրդավարական ուղին ընտրած Հայաստանի ու Արցախի քաղաքական հարաբերությունների պատկերը:


Դուք ի՞նչ պատկերացումներ ունեք Արցախն ու իր քաղաքացիներին մեկուսացումից դուրս հանելու հետ կապված: Ինչպե՞ս հասնել նրան, որ միջազգային կազմակերպությունները սկսեն համագործակցել Արցախի պաշտոնական ներկայացուցիչների ու քաղաքացիական կառույցների հետ:


Արցախի արտաքին կապերի ընդլայնման և մեկուսացման փորձերը հաղթահարելու թեմաները մշտապես գտնվել են իմ ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով իմ քաղաքական գործունեությունը նախորդ տարիներին և հիմա: Թե արտաքին գործերի նախարարության և թե խորհրդարանում կուտակած իմ փորձը օգնում է ճիշտ գնահատելու իրավիճակը և համարժեք երաշխավորություններ ներկայացնելու ինտեգրման ուղղությամբ մեր հնարավորությոնների մասին:


Միջազգային կազմակերպությունների հետ մեր աշխատանքը քաջալերելու համար պետք է գտնել համատեղ հետաքրքրությունների առանցքը, մեր ստանձնած պարտականությունները և դրանց պարտաճանաչ կատարումը բավարար հիմք են փոխգործակցություն զարգացնելու համար:


Որպես հնարավոր նոր ուղղություն կարող եմ նշել Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար տարբեր երկրների հետ ուղղակի բանակցություններ սկսելու դրույթը, որը ներկայացված է իմ նախընտրական ծրագրում։ Նման գործընթացի մեկնարկը ավելի հավանական է մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հետաքրքրությունների բախում չունեցող պետություններից։


Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում անչափ կարևոր պետք է դիտարկել մեր կապերն ու հարաբերությունների զարգացումը Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ նահանգների և Ֆրանսիայի հետ:


Բանակցային գործընթացի համար արդյո՞ք արդյունավետ եք համարում Փաշինյանի ու Ալիևի բանավեճը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում:


Եթե մենք որևէ դրական տեղաշարժի նախանշան ունենայինք՝ շատ հանգիստ կարելի էր ընդունել, բայց քանի դեռ Իլհամ Ալիևի բառապաշարը ոչնչով չի տարբերվում իր հոր հայտարարություններից՝ անձամբ իմ կարծիքով նման հարթակում բանավեճի անցկացումը չի կարող արդյունավետ լինել:


Ի՞նչ եք մտածում Ադրբեջանում այսպես կոչված «իշխանությունների փոխանցման» վերաբերյալ, արդյո՞ք այն որևէ ձևով կապված է ղարաբաղյան գործընթացի հետ:


Իշխանության խնդիրը Ադրբեջանում միշտ էլ հետկուլիսային գործարքների հետ է կապված եղել: 90-ական թվականների սկզբի գործընթացները դրա վառ ապացույցներն են: Ինձ համար այսօր այդ երկրում ընթացող տեղափոխությունները հանրային կարծիքը ստուգելու հնարքներ են. հաստատ մեզանից լավ գիտեն, որ փոփոխությոնների չգնալու դեպքում շատ քիչ ռեսուրս ունեն դիմակայելու երկրի ներսում ահագնացող սոցիալական ընդվզումներին: Կապված են արդյո՞ք այդ անցումային մանիպուլյացիաները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ՝ և այո և ոչ այնքան: Կարգավորման գործընթացն ավելի շատ կարող է արագացնել կամ դանդաղեցնել այդ երկրում հասունացող իշխանափոխության թափանիվի ընթացքը:


Որևէ ծրագրեր ունե՞ք Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերաբնակեցման հետ կապված: Եթե այո, ապա ինչպիսի՞ ծրագրեր:


Վերաբնակեցման ծրագրերը կարիք կա վերանայելու, մենք առաջարկում ենք դրանք փոխարինել հայրենադարձության ծրագրերով: Իհարկե, երբ Արցախի շրջաններից կամ ՀՀ -ից մարդիկ ցանկություն են հայտնում բնակություն հաստատել Արցախի ազատագրված տարածքներում՝ միայն ողջունելի է, սակայն դրանից մեր միասնական բնակֆոնդը և ժողովրդագրությունը մեծապես չի փոխվում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ կամ երաշխավորել այնպիսի զբաղվածություն, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, սփյուռքը ցանկություն ունենան հաստատվել Արցախում և իրենց ապագան կապեն պատմական հայրենիքի այս հատվածի հետ։


Որո՞նք են բանակցային գործընթացում Ձեզ համար «կարմիր գծերը»:


Իմ պատկերացրած «կարմիր գծերը» բխում են նախորդ տարիներին մեր հանրության կողմից բազմիցս մերժված սկզբունքներից: Այդ շարքը կարող է և երկար լինել, բայց եթե հիմնական կետերով թվարկենք, ապա ինձ համար անընդունելի են՝


o ցանկացած բովանդակային քննարկում առանց արցախյան կողմի մասնակցության;


o ցանկացած խոսակցություն միակողմանի զիջումների մասին, որը թուլացնում է մեր անվտանգության պաշարը,


o ցանկացած առաջարկ ներկայիս կարգավիճակից ավելի նվազ մակարդակի պետական ինքնիշխանության մասին, առավել ևս՝ վաղուց մոռացված ինքնավարության որևէ մոդելի շուրջ:


Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի ապագան հակամարտության կարգավորումից հետո: Արցախը պետք է մնա որպես երկրորդ հայկական պետություն, թե՞ միանա Հայաստանի հետ:


Իմ մոտեցումներն այս հարցում վաղուց են ձևավորվել. Արցախի Հանրապետության ապագան ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ես տեսնում եմ միասնական հայկական պետության տեսքով։ 1988 թվականին Ղարաբաղյան շարժման հիմքում մայր հայրենիքի հետ վերամիավորվելու իդեալը շարունակում է ակտուալ մնալ նաև այսօր։ Իհարկե, ռազմաքաղաքական իրողությունների բերումով մենք ստիպված էինք գնալ հայկական երկրորդ հանրապետության հռչակման ճանապարհով, բայց դա մեզ չպիտի հեռացնի համահայկականության մեր տեսլականից։


Միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք հուշում են շարունակել Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչման գործընթացը։


Մեր հիմնական խնդիրը Արցախի ու Հայաստանի միջև ինտեգրման աստիճանն այնպիսի մակարդակի վրա պահելն է, որ այն ամբողջությամբ տեղավորվի միացյալ հայկական պետության մոդելի տակ ու դրանից շեղվելու որևէ լուսանցք չմնա: