ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն?՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 4-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Քննարկվել է «Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» հարցը:
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու հարցի քննարկմանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարգելի՝ առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ մինչ այս պահը Սեյրան Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստացել, հետեւաբար հնարավոր չէ նրա բացակայությունը հարգելի համարել: ԱԺ նախագահը հաջորդիվ տեղեկացրել է, որ ստացվել է միայն մեկ փաստաթուղթ, որով պատգամավորը հայտնել էր, որ չի կարող հուլիսի 1-ին մասնակցել ԱԺ նիստին, քանի որ հունիսի 27-ից բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Գլխավոր դատախազը հայտնել է, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է եւ 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երեւան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով` 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող վերոնշյալ հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը եւ դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:
Աննա Վարդապետյանը հավելել է, որ հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով այն բանի համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այնուհետեւ ներկայացրել է միջնորդագրի մյուս հատվածները, պատասխանել պատգամավորների հարցերին:
Աննա Վարդապետյանը պարզաբանել է, որ Սեյրան Օհանյանը՝ որպես վկա տված իր ցուցմունքում նշել է, որ ամառանոց չունի, սակայն այդ ամառանոցն իր կողմից պարբերաբար օգտագործվում է: Այդ ամառանոցում տարին մեկ անգամ կազմակերպում է իր եւ իր հյուրերի հանգիստը: Իր անձնական միջոցներով այնտեղ կատարել է շինարարական, բարեկարգման, վերանորոգման աշխատանքներ, ինչին օգնել են հարազատները, ընկերները, որոնց տվյալները չի հայտնել՝ նպատակահարմար չհամարելով: Նշել է, որ աշխատանքների դիմաց վճարել է իր խնայողություններից:
Սեյրան Օհանյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ում է պատկանում ամառանոցը եւ ինչ հիմքով է այն տրամադրվել իրեն:
Միջորդագիրն ամբողջությամբ՝ այստեղ:
Միջնորդագրի համատեքստում ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, անդրադարձել է միջնորդագրին, ինչպես նաեւ ընդդիմության կողմից դահլիճը լքելուն:
«Այն համակարգային կոռուպցիան, որից մենք փրկվել ենք 2018 թվականին ժողովրդի իրականացրած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում, գրավականն է, որ մենք կարող ենք կառուցել, ուզում ենք կառուցել եւ բավարար կամք ունենք՝ կառուցելու Հայաստանի Հանրապետություն, որտեղ քաղաքացին իրեն կզգա արդար համակարգում ապրող, երջանիկ, իրեն կզգա իր երկրի տերը: Եվ դրա համար էլ այս մարդիկ փորձում են իրենց փամփուշտներն ու նագաններն ուղղել ժողովրդի եւ օրինական իշխանության դեմ»,- մասնավորապես ասել է նա՝ հավելելով, որ դա թույլ չի տրվելու: