ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցում կստանան մինչև 1937թ. ծնվածները
ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կվերապահվի մինչև 1936 թ.-ի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծով սահմանվում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք կվերապահվի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թ.ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև՝ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց:
«Նախորդ կարգավորման համաձայն՝ ԽՍՀՄ խնայբանկում ներդրված միջոցների փոխհատուցում կարող էին ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, սակայն «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության N 1231-Ն որոշման համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի հասցեն փոխվում է՝ զինծառայության զորակոչվելիս:
Այսինքն՝ ստացվում էր, որ զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով հաշվառումից դուրս գալու և դրա հետևանքով 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ սահմանամերձ համայնքներում հաշվառված չլինելու պատճառով անձինք սահմանփակվում են ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու անհրաժեշտությունը բացատրել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ 2020 թ.-ին ավանդների ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման համար հատկացվել է 1.2 մլրդ դրամ: