Արարատ Միրզոյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ. ԱԺ
Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները»,- գրել է նա՝ կցելով գրության պատասխանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին և առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ: Ըստ աղբյուրի, իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաեւ սոցիոլոգիական հարցումները: Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչեւ փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, եւ այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն: