26.11.2024
Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն. 650 000 «Այո»-ն մշուշոտ է թվում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես եւ այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլեւ՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։ Մի խոսքով, իշխանության կողմից ամեն ինչ արվում է սպասվող հանրաքվեն որպես հեղափոխական ակտ ներկայացնելու համար։ Հաշվարկը հասկանալի է՝ այդ ճանապարհով փորձ է արվում հասարակության մեջ արթնացնել զգայական ֆոնը, որը, իշխանության կարծիքով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամասեր ու ստիպելու է «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Դա, սակայն, չափազանց դժվար լուծելի խնդիր է, գոնե այս պահին շատ մշուշոտ է թվում շուրջ 650.000 «Այո» քվեներ ապահովելու՝ իշխանության նպատակադրումը։


Առավել եւս, որ հանրաքվեին քվեարկելու համար իրական մարդկանց ներկայություն է պետք, իսկ Ֆեյսբուքում եւ այլ սոցիալական ցանցերում իշխանություններին տարբեր ածականներով քծնանքի, գովեստի տողեր եւ ընդդիմությանը հայհոյանքի խոսքեր գրող օգտատերերի գերակշռող մասը կամ կեղծ լուսանկարներով բացված (ֆեյք, իրականում գոյություն չունեցող) օգտահաշիվներից են, կամ Սփյուռքում՝ տարբեր երկրներում ապրողներ, որոնք ոչ միայն չեն կարող քվեարկել, այլեւ Փաշինյանի կոչին կհետեւեն միայն այն դեպքում, եթե, օրինակ, ավիատոմսի եւ հյուրանոցի հարց լուծվի: Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգից ուղիղ հեռարձակմամբ կոչով դիմեց արտերկրի հայերին: «Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել եւ ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո ասել հեղափոխությանը, այո ասել օրինականությանը, այո ասել ազատ եւ երջանիկ Հայաստանին, այո ասել ազատ եւ երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով,- Հատկապես, որ կան էժան ավիատոմսեր»:


Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությանը չհաջողվի այդքան կողմ ձայներ ստանալ, ո՞րը կարող է լինել հանրաքվեի տապալման քաղաքական հետեւանքը։ Եթե առաջնորդվենք իշխանության այն տրամաբանությամբ, որով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փորձ է արվում ներկայացնել՝ որպես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, ապա դրա տապալման դեպքում նշանակելու է, որ հանրությունը գործող իշխանությանը չի վստահում այնքան, որքան վստահել է մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ հանրաքվեի տապալումը նշանակելու է նոր քաղաքական ստատուս-քվո, իսկ դրա իրավական ամրագրումը կարող է տեղի ունենալ միայն նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Առաջին հայացքից իշխանության համար ոչ ցանկալի թվացող այս հեռանկարն իրականում կարող է շատ ցանկալի լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրան հնարավորություն կտան ձերբազատվելու բալաստի վերածված խորհրդարանական մեծամասնությունից, բացի այդ, նոր ընտրական ցիկլի պատրվակով հետաձգել ինչ-ինչ հարցերում ստանձնած պարտավորություններ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ եթե դրան ավելացնենք այն հեռանկարը, որ արտահերթ ընտրությունները նաեւ քարոզչության ու հեղափոխության «նոր ալիքի» սանձազերծման հնարավորություն են պարունակում, ապա հանրահավաքային տարերք ունեցող Նիկոլ Փաշինյանի համար այն կարող է շատ գայթակղիչ թվալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին եւ առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ: Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաեւ սոցիոլոգիական հարցումները: Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչեւ փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, եւ այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն: Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետեւանք է ունենալու իրենց եւ երկրի համար, եւ հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է: Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է»:


«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանափոխությունից հետո «հեղափոխականներն» իրենց երբեմնի գործընկեր-դաշնակիցների հանդեպ սկսել են բավականին սուր արտահայտվել, հասկանալի է, բայց նրանք մոռանում են, որ շատ հաճախ մերկացնելով նրանց, բացահայտում են նաեւ իրենց։ Նախորդ շաբաթ ԱԺ-ում ՍԴ-ի հետ կապված հայտնի քննարկումների ժամանակ, երբ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, նրան հակադարձեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ իրականում բավական հետաքրքիր լյուստրացիա իրականացնելով։ Նա բառացի ասաց. «Ո՞վ է ձեզ սպառնում, կամ ո՞վ պետք է սպառնա, խոսքը գնում է ՀՀ ժողովրդի մասին, այդ դեմագոգիկ՝ այդ մի մարդու կողքին կգնամ, կկանգնեմ, բա խի՞ չեկաք ՀՀ հազարավոր մարդկանց կողքին կանգնեցիք, այդ ո՞վ էր այդ մի մարդը, կարո՞ղ է ազգանունը Ս-ով է սկսվում, անունն էլ է Ս-ով սկսվում։ Նույնիսկ ծիծաղն ա կեղծ: Իտալական օպերայից վերցրած ձեր ծիծաղը, վստահ եմ, որ դա Իտալիայի տարբեր քաղաքներում կգնահատեն»։ Հետո Սիմոնյանը բազմանշանակ հավելեց, որ գիտեն, թե ով է այդ «մեկը»։ Չնայած բոլորն էլ նրա խոսքից հասկացան, որ ԱԺ փոխխոսնակը Սերժ Սարգսյանին եւ Միքայել Մինասյանին նկատի ուներ։


Հիմա հարց ԱԺ փոխխոսնակին. եթե 2 տարի առաջ ձեր գործընկերը՝ Էդմոն Մարուքյանը, որի հետ նույն ցուցակով խորհրդարան եք եկել, եւ որն այդ ցուցակի առաջին համարն էր, միշտ կանգնած է եղել այդ մարդու կողքին, դուք ի՞նչ գործ ունեիք այդ թիմի հետ, ձեր վարչապետն ինչու՞ էր այդ ցուցակի երրորդ համարը։ Եթե Էդմոն Մարուքյանը, լինելով «Ելք» դաշինքի առաջին համարը, Սերժ Սարգսյանի կողքին էր, ուրեմն մնացածները, որ ավելի ցածր աստիճան էին զբաղեցնում, ընդամենը սպասարկում էին այդ համագործակցությանը, այսինքն զինվորիկնե՞ր էին։ Թե՞ նոր իմացաք, որ Մարուքյանը Ս-ով սկսվող անունով- ազգանունով մարդու կողքին է։ Այսինքն, եթե այսպիսի քննադատություն է հնչում, ճիշտ կլինի նաեւ պատասխան հնչի, թե այդ դեպքում ու՞մ կողքին էր այսօրվա իշխանության վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս ամենի զավեշտն էլ այն է, որ իշխանությունն ակամայից իրեն մատնում է եւ հասարակությանը պարզ ներկայացնում, թե ժամանակին ինչպես է կազմվել «Ելք» դաշինքը, ով է եղել նրանց կողքին, ու եթե մի փոքր էլ առաջ գնանք, ովքեր իշխանափոխությունն «անցնցում, թավշյա» վերջնակետին հասցրին։ Պարզապես այս ամենում ոմանց բախտը բերեց ու «կարգվեցին» վարչապետ, մյուսներին էլ բաժին հասավ ընդդիմության «դերը»։ Այնպես որ, մեկ-մեկ ուշադիր եղեք ձեր հայտարարություններում, դրանք հաճախ ձեր իսկ իրական հետագիծն են բացահայտում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 4-ի իր համարում գրել էր, որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով է ստեղծվելու այն դեպքում, երբ այս պահին խորհրդարանում գոյություն ունի ՀՀ ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է: Երեկ հաստատվել է այդ հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը, որի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել Ալեքսեյ Սանդիկովն ու Արամ Խաչատրյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ՝ Էդվարդ Անդրեասյանը: Սա նշանակում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է Ալեն Սիմոնյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից, համարում է նրա գլխավորած հանձնաժողովի գործունեությունը անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանքային կառույց: Արդյունք կտան այս ենթահանձնաժողովի աշխատանքները՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխատի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդը ստեղծել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ հայ- ռուսական հարաբերությունները չեն ջերմանում, մնում են խոսքերի մակարդակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի՝ նույն օրը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվեի մասին որոշումը, ԲՀԿ ակտիվը «տժժում» էր Աբովյանի մոտակայքում՝ «Հատիս» ռեստորանում։ Աբովյանի ակտիվի եւ քաղաքական թիմի հանդիպումը որոշել էին նշանավորել քեֆ-ուրախությամբ, քանի որ ԲՀԿ-ում վերջին օրերին կարծես թե «անջատել» են քաղաքական դիրքորոշում հայտնելու «ռուբիլնիկը»։ Միջոցառման ընթացքում էլ չի քննարկվել երկրի թիվ մեկ հարցը՝ սահմանադրական հանրաքվեն, եւ այդ համատեքստում՝ որտեղ է լինելու ԲՀԿ-ն՝ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարում։ Տեղեկություններ կան, որ ԼՀԿ-ի կոչին էլ՝ եթե ԲՀԿ-ից 10 պատգամավոր աջակցի իրենց, կդիմեն ՍԴ, կտրուկ արձագանքել են՝ մերժելով։ Իսկ հանրաքվեի որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու համար անհրաժեշտ է 27 ձայն, մինչդեռ ԼՀԿ-ն ունի ընդամենը 17 մանդատ եւ առանց ԲՀԿ-ի աջակցության չի կարող դիմել ՍԴ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում հանդես գալ սահմանադրական փոփոխությունների անցկացման դեմ: Ընդհակառակը՝ շատ հավանական է, որ այս կուսակցությունը չեզոք դիրքորոշում որդեգրի, և անգամ պաշտպանի փոփոխությունների անցկացման գաղափարը: Կուսակցությունում կան սահմանադրական փոփոխությունների հակառակորդներ, սակայն նրանք կանեն այնպես, ինչպես կհրամայի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Փետրվարի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը, որը, ըստ էության, Հրայր Թովմասյանին ու ևս հինգ դատավորի պաշտոնանկ անելու քվեարկություն է, ՍԴ-ն կարող է վիճարկել միայն մեկ պարագայում, եթե պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, ստորագրությամբ դիմեն ՍԴ-ին: «Իրատեսը» խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցութուններից հետաքրքրվեց՝ պատրաստվու՞մ են նման գործընթաց սկսելու: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի բավարար քանակի մանդատ, բայց նման մտադրություն ունենք,- ասաց ԼՀԿ-ական զրուցակիցս ու հավելեց,- Մեր ունեցած-չունեցածը 17 մանդատ է, հետևաբար 10 մանդատ էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է անհրաժեշտ»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, որ հանրաքվե անցկացնելու նախագծի քեարկությանը չի մասնակցել, այսինքն՝ չեզոք դիրք է ընդունել, մեր հարցին չպատասխանեցին: Մեր տեղեկություններմվ՝ ԲՀԿ-ականների չեզոքությունը նաև այս հարցում կպահպանվի: Նրանք անհրաժեշտ տասը ստորագրությունը չեն ապահովի, որ հանրաքվեն առանց ցնցումների անցնի»:


«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ողջ իշխանությունը խառնվել է իրար, էլ բան չի մնացել գործի դնելու, որ վերջնականապես ազատվի Հրայր Թովմասյանից ու ՍԴ մյուս դատավորներից, իսկ ընդդիմախոսներն էլ անընդհատ հայտարարում են, թե հակասահմանադրական քայլեր են անում, կարմիր գծեր են խախտվում, պարզվում է՝ միակ խաղաղ «օազիսը» ՍԴ-ն է։ Հրայր Թովմասյանին ոչ ապրիլի 5-ի հանրաքվեն է մտահոգում, ոչ էլ իշխանության քայլերը։ Պատճառը, ըստ մեր աղբյուրի, այն է, որ ՍԴ-ի «հին» կազմը հասկանում է` իրենց հակաքայլերն ավելի մեծ օրինական հիմքեր եւ ավելի ամուր կռվաններ ունեն։ Մեր տեղեկություններով, այս պահին, երբ երկրում իրավական կատարյալ քաոս է, ոչ մեկը չգիտի` ապրիլի 5-ից հետո Սահմանադրությունը «կմորթվի՞», թե՞ մայր օրենքի «երաշխավոր» Թովմասյանը իրավական ուշագրավ սցենար է մշակել՝ որպես իշխանական սցենարի մրցակցային տարբերակ. եթե իշխանությունն առաջնորդվում է խիստ վիճահարույց սահմանումներով, քայլում հակաօրինական ճանապարհներով, Թովմասյանի տարբերակը ոչ միայն ծանրակշիռ է ու բոլոր օրինական քայլերով հաշվարկված, այլեւ խիստ շահեկան վիճակ է ապահովելու ՍԴ-ի համար։ «Եթե անգամ հանրությունը մեկ մարդու նման «այո» ասի Հրայր Թովմասյանի հեռացմանը, միեւնույն է, օրինական դաշտում հաղթելու է նա»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, թե դեռ հարց է` հանրաքվեն կկայանա՞, մարդիկ կվստահե՞ն Փաշինյանի խոսքին ու, ի վերջո, դրսից ի՞նչ ճնշումներ կլինեն»:


«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պարբերաբար իշխանությանը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ էր անում, հետո խոսակցություններ եղան, որ հնարավոր է նա մանդատը վայր դնի։ Դրանից հետո Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ լռում էր, մեկ էլ մի բուռն ելույթ ունեցավ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից։ Հիմա էլ Միքայելյանը մի այլ կերպ սկսել է հպարտանալ Փաշինյանով։ Տեսնես՝ ինչո՞վ է պայմանավորված այս քաղցր-մեղցր պահվածքը, զարմանալի մետամորֆոզը։ Պարզվում է՝ ընդամենը մեկ մանդատի համար է այս 180 աստիճանի փոփոխությունը։ Մեր տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Սասուն Միքայելյանին ու «անջատողական» արշավ սկսած եւս մեկ պատգամավորի եւ հրահանգել՝ մանդատները վայր դնել։ Ընդ որում, բավական կտրուկ ու շեշտակի տոնայնությամբ, իմա՝ եթե ուզում եք ընդդիմություն «խաղալ», մանդատները վայր դրեք։ Դրանից հետո նրանք, բնականաբար կարեւորելով մանդատը, վերադարձել են ակունքներին, սկսել են սիրել Փաշինյանին իրենց «մեջ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ էր գնացել: «Քննարկման խնդիրները շատ էին, նախ` հանրաքվեի կազմակերպման, առաջին հերթին հանձնաժողովների անդամների, տեղերի հարցը: Այս պահին քննարկվում է` հանձնաժողովականները, մնացյալ ընտրությունների նման, լինեն ֆրակցիաների կողմի՞ց նշանակված, թե՞ ոչ։ Հանրաքվեի դեպքում հանձնաժողովները 7 հոգուց են. 2-ը՝ «Այո»-ի շտաբից, 2-ը՝ «Ոչ»-ի, 3-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովից։ Աբսուրդն այլ տեղ է` անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա»,- ասաց իմքայլական մեր աղբյուրը: Այդքան լիցենզիա ունեցող մարդիկ հիմնականում ունի ՀՀԿ-ն՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հանձնաժողովների անդամներ էին։ «Եվ սա միակ աբսուրդը չէ. որպեսզի ֆրակցիաների վրա դրվի այդ գործառույթը, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում եւ «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնք սահմանադրական օրենքներ են, եւ զուտ ֆիզիկապես թերեւս դժվար է․․․ ժամկետների խնդիր կա՝ դրանք նախագահի ստորագրությունից հետո են սկսում գործել։ Էս շաբաթ արեցինք` արեցինք. հանձնաժողովի անդամները մինչեւ մարտի 1-ը պետք է հայտնի լինեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «հին Հայաստանից մնացած» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը «հին Հայաստանից մնացած» ՍԴ անդամների հարցով հանրաքվեն պիտի կազմակերպի, ԱԺ-ում հանդիպում է ունեցել խոսնակ Արարատ Միրզոյանի հետ և քննարկել հանրաքվեի հետ կապված հարցեր։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Մուկուչյանը հանգամանալից ներկայացրել է հանրաքվեի «հապշտապ» անցկացման հետ կապված հնարավոր ռիսկերը, ինչպես նաև մանրամասնորեն «բացել» հանրաքվեի անցկացման ֆինանսական հատվածը, թե ինչքան ծանրություն կունենա այն պետբյուջեի վրա։ Ըստ մեր աղբյուրների, հանդիպմանն առանձին ուշադրություն է դարձվել հատկապես ընտրական հանձնաժողովներ կազմելու հարցին, քանի որ այն գործող իշխանությունների համար ունի առանցքային նշանակություն, ավելին, նրանց ամենացավոտ կողմերից մեկն է։ Բանն այն է, որ ներկայումս գործող իշխանությունները հանձնաժողովներում չունեն համապատասխան թվով «վստահելի» կադրեր, քանի որ ընդհանրապես տեղերում կադրերի խնդիր ունեն, այդ իսկ պատճառով որոշել են հնարավորինս ուժեղանալ այստեղ, չնայած իշխանության վերին էշելոններին զեկուցվել է, որ շատերն են պատրաստ իրենց «ծառայությունները մատուցել»: Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է, որ Մուկուչյանը դժվարություններից ու ժամանակի սղությունից բողոքելուց հետո, այդուամենայնիվ, Միրզոյանին վստահեցրել է՝ ամեն ինչ կկազմակերպվի իդեալական»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ցանկանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո դրա արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: ԼՀԿ-ն այս մտադրությունը կկարողանա իրականացնել, եթե հանրաքվեի մասնակցության տոկոսը ցածր լինի, և իշխանությունները չկարողանան համախմբել իրենց կողմնակիցներին: Իսկ եթե սահմանադրական փոփոխությունների անցկացման լեգիտիմությունը որևէ կասկած չհարուցի, ԼՀԿ-ն դժվար թե գնա նման քայլի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստան կվերադառնա պայմանով, եթե իշխանությունները երաշխիք տան, որ տեղի կունենա իրավական մարմինների, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրապարակային` «բաց դատավարություն»։ Միայն այս դեպքում թացը` չորից, քաղաքականը` իրավականից, դեմագոգիան` պոպուլիզմից կզատվի, Մարտի մեկի իրական պատկերը, իսկ որ ամենակարեւորն է` 10 զոհերի սպանության հանգամանքներն ու կատարողները «ջրի երես» դուրս կգան, ինչին բացարձակ անդրադարձ չկա: Ի դեպ, այս առնչությամբ «Իմ քայլից» ձայն-ծպուտ դուրս չեկավ, փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում անկանոն շարժումներ սկսվեցին. վերջինիս ջատագով Արմեն Խաչատրյանը, ոչ ավել-ոչ պակաս, հայտարարեց, որ եթե իշխանությունները համաձայնեն Կոստանյանի առաջարկի հետ, ինքը կառավարության դիմաց հացադուլ կանի։ Ինչ կանեն մնացած իրավապահները, այդ թվում «գորգի տակ» Փաշինյանի հետ «խաղացող» նախկին գորշ կարդինալ Աղվան Հովսեփյանը, ասում են` դեռ չեն որոշել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել: Օրաթերթի տեղեկություններով՝ մահացած զինվորը երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահները պարզել են՝ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել՝ նաեւ բժշկական պաշտոնական եզրակացության տվյալներով: Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, ու զինվորները չեն մահացել հակառակորդի կրակոցից, այլ խաղաղ պայմաններում՝ տարբեր հանգամանքներում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգումներ իրականացնել զորամասերում եւ ստուգայցեր կատարել: Բայց գործընթացը մի փոքր դանդաղել է, քանի որ ՊՆ եւ ԶՈՒ փոխհարաբերությունները լարված են: Ու այս պայմաններում, ըստ լուրերի, դժվար է գտնել Զինված ուժերի գլխավոր շտաբից որեւէ ներկայացուցիչ, որը կկարողանա ՊՆ-ի հետ համագործակցված գործունեություն իրականացնել»:


«Փաստ» թերթը գրում է. «Արցախում հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում: Արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը փորձում էր հանդես գալ սեփական թեկնածուով: Հիմնականում շրջանառվում էին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանի եւ «Շարժում 88»-ի նախկին ներկայացուցիչ Գագիկ Բաղունցի անունները: Վերջին փուլում կենտրոնացել էին Նազլուխանյանի վրա (մեր հրապարակած այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բաբայանը Արցախինֆոյին տված պարզաբանման մեջ): Ավելին, նույնիսկ արտահերթ համագումարի օր էր նշանակվել՝ փետրվարի 9-ը: Սակայն այդ օրը համագումարում ներկաներին տեղեկացվեց, որ նախատեսված հայտարարությունը չի հնչի, որովհետեւ օրակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այլ ուժի թեկնածուի կսատարեն: Արցախում շատերն էին տարակուսել, թե որքան անլուրջ է արտահերթ համագումար հրավիրել ու վերջին պահին ասել, որ այսօր էլ չի ստացվի հայտարարել իրենց թեկնածուի մասին: Իրականում խնդիրն այլ է: Ըստ արցախյան մեր աղբյուրների, Մասիս Մայիլյանը, որն առկա իրավիճակում նախագահական ընտրություններում հաղթելու շանս չի տեսնում, որոշել է, որ իր շանսերը միայն կավելանան Բաբայանի հետ միավորվելուց հետո: Իսկ Բաբայանն իր հերթին խորհրդարանում մեծ ներկայություն ապահովելու խնդիր է ուզում լուծել, որպեսզի նախագահական ընտրություններում ձախողվելու դեպքում Մայիլյանի հետ ընդհանուր մեծ թվով մանդատներ ունենան, ինչը հնարավորություն կտա օրվա իշխանության համար խնդիրներ ստեղծել: Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «չեզոք գոտում» գաղտնի հանդիպել են Մայիլյանն ու Բաբայանը: Փաստացի, Արցախում նախընտրական գործընթացները բարդ փուլ են մտնում, որը հղի է լարված իրավիճակներով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴԿ» քաղաքական դաշինքը և այդ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցանկը: Դաշինքին, բացի «Ազատ հայրենիքից», մաս են կազմում նաև «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն», «Շարժում-88» և «Արցախի արմենական» կուսակցությունները, որոնց ներկայացուցիչները ևս ընդգրկված են կուսակցության նախընտրական ցուցակում: Նախընտրական դաշինքը գլխավորում է Արայիկ Հարությունյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների տարածման ակտիվ սեզոնին դեղատներում գրեթե անհնար է դիմակ գտնել, իսկ եղածներն էլ օր օրի թանկանում են։ Համեմատության համար նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ դեղատներում սովորական եռաշերտ դիմակը արժեր 25 դրամ, իսկ այսօր արժե 150-300 դրամ։ Մեր խմբագրություն ահազանգած հղի կինը, որի խոսքով՝ տանից դուրս գալիս օրվա մեջ իրեն հարկավոր է լինում 4-5 դիմակ, ասաց, որ նախ ստիպված է մի քանի դեղատուն մտնել, ապա վճարել անհամեմատ ավելի շատ գումար։ Տարօրինակ է՝ համաճարակի կամ նման վտանգի դեպքում տրամաբանությունը հուշում է, որ դիմակները պետք է ավելի հասանելի ու մատչելի լինեն, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ դժգոհեց մեզ զանգահարած կինը։ Ի դեպ, մենք պարզեցինք նաև, որ այս օրերին որոշ մարդիկ դեղատներից մեծ քանակությամբ դիմակներ ու բժշկական ձեռնոցներ են գնում ու դրանք ավելի բարձր գնով վերավաճառում list.am-ում. բժշկական դիմակներն, օրինակ, վաճառվում են 300 դրամով։ Այսինքն՝ մեկ ամսում բժշկական դիմակները մոտ 6 անգամ թանկացել են, և որևէ վերահսկողություն չկա դա թույլ չտալու համար»։