Նրանք խոստացան, բայց չարեցին. Վանեցյանի կուսակցությունը կլինի ընդդիմություն Փաշինյանին
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը մտադիր է ընդդիմություն լինել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Այս մասին նա ասել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:
«Եթե հատուկ ծառայությունների կադրային սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, հավանաբար երկրում ինչ-որ բան այն չէ։ Մենք երբեք չենք երազում քաղաքականության մասին, բայց երբ չի լինում այլընտրանք, երբ բարձրացվում է երկրի ապագայի հարցը, առանց մեկ վայրկյան մտածելու, երկրի բարօրության օգտին որոշում է կայացվում»,- ասել է նա։
Վանեցյանը տեղեկացրել է, որ քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ: Այս պահին ընթանում է համախոհների և հնարավոր գործընկերների հետ ծավալուն խորհրդատվությունների գործընթաց, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացվեն հատուկ ծրագրային դրույթներն ու հետագա գործողությունների քարտեզը:
ԱԱԾ նախկին տնօրենը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չի կարող վերադառնալ անցյալին: Միևնույն ժամանակ, Վանեցյանը դեմ է հասարակության մեջ «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» մոտեցման տարածմանը:
Նա նշել է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխության» ընթացքում և դրանից հետո մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում և բարձրորակ ծառայություններ կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտում: «Նրանք խոստացան, բայց չարեցին», - ասել է նա:
Արթուր Վանեցյանն ասել է, որ Ռուսաստանը մնում է և կլինի Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ ի շահ երկու երկրների: Ըստ նրա, Երևանը և Մոսկվան պետք է պահպանեն դարավոր եղբայրության և ռազմավարական հարաբերությունների կուտակված ներուժը, կայուն զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում: