24.11.2024
Անցած տարվա հունվար-նոյեմբերին ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 8.9 տոկոսով
prev Նախորդ նորություն

Ո՛չ բալային համակարգին, ո՛չ հարկերին ու ո՛չ online taxi-ներին. տաքսու վարորդները դժգոհ են

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները, որոնք դեմ են բալային համակարգի ներդրմանը: Նրանց թվում կան նաև անհատներ: Բացի բալային համակարգից, նրանք նաև դժգոհում են պետությունից, որ պարտադրում է իրենց վճարել նախորդ տարիների կուտակված հարկային պարտքը:

Հիմնական պահանջն այն է, որ բալային համակարգը «շատ խիստ որոշում է» և «ինչո՞ւ պետք է բալային համակարգ ներդրվի, եթե բյուջեում փող կա՝ միայն 2019-ին միլիարդներ են փոխանցվել բյուջե ավտոներկրողների հաշվին»: Ակցիայի մասնակիցները նաև պնդում են, որ սա լուրջ հարված է բիզնեսին, իսկ օրենք գրողները «ընդհանրապես գլուխ չի հանում ոլորտից»:

«Տաքսու վարորդներին բորբոքել է, նախ, նրանց պարտքերը՝ 2015-2018 թվականի ընթացքում կան կուտակված պետտուրքեր, որոնց մասին վարչապետը բազմիցս հայտարարել է, որ դրանք զրոյացվում են: Բայց չգիտես ինչու մոռացել են այդ մասին, մեկը արթնացել է, վարչապետին ասել է՝ ուզո՞ւմ ես միլիարդով բյուջեն լցվի, ու հունվարից հետո բոլորս նամակ ենք ստացել: Դա առաջին խնդիրն է, որ բորբոքել է տաքսու վարորդներին, ովքեր լիցենզիա են ունեցել և չեն վճարել այդ գումարները online տաքսիների ներխուժումից հետո»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:


Նրան հատկապես վրդովվեցրել է այն փաստը, որ նույն Yandex Taxi-ն ծավալում է կոնկրետ գործունեություն, բայց նրանք հարկ չեն վճարում և «թյուրիմացություն է տուգանել այն տաքսիստներին, որոնք վճարունակ չեն եղել, մինչդեռ Yandex Taxi-ում գրանցված է 60 հազար մարդ, բայց ոչ ոք 4-5 տարի է հարկ չի վճարում»:

Կոնկրետ ինքը նամակ է ստացել, որ նշված տարիների համար ինքը պարտք ունի պետությունը կուտակված 1 մլն դրամի չափով: Եվ ինքը միակը չէ, որ բախվել է «նախկին իշխանությունների» այս պարտքի հետ՝ մեկը 350 հազարի պարտքի մասին է տեղեկացվել, մյուսը 500 հազարի և այլն: Թե ինոչ՞ւ չեն վճարել հարցին արձագանքում է՝ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը խոստացավ, որ այդ պարտքերը զրոյացվելու են, իրենք էլ չեն վճարել:

Հաջորդ բողոքը հենց բալային համակարգի ներդրման հետ է կապված: Մասնավորապես, վարորդները դժգոհում են, թե ինչո՞ւ պետք է տուգանվեն ղեկին ծխելու, հեռախոսով խոսալու կամ ամրագոտի չկապելու համար: Նրանք նաև պնդում են՝ եթե նախկինում այս խախտումների համար տուգանքը 5000 դրամ էր կազմում, ապա հիմա խստացվել է և դարձել 10.000 դրամ: Բայց և զարմանում են՝ էլ ինչո՞ւ, տուգանվելուց բացի, պակասեն նաև նրանց բալերը (ըստ ներդրված համակարգի՝ ամեն վարորդ տարվա համար ունի 9 բալ, որի նվազումը կախված է խախտումների տեսակից).

«Մեր սոցիալական վիճակը կտրուկ լավացե՞լ ա, որ 5000 դրամը 10 000 եք սարքում: Այս համակարգը ոչ միայն պետք է վերանայվի, այլև տաքսու վարորդների նկատմամբ պետք է ավելի մեղմ լինեն, քան մյուսների նկատմամբ: Բալայինը պտի վերացնեն»,- հայտարարեց ցուցարարներից մեկը:

Նրանց հստակ պահանջն է՝ վերացնել բալային համակարգը, քանի որ արդեն իսկ խախտման դիմաց վարորդը տուգանվում է, էլ ինչո՞ւ պետք է նրանց վարորդական վկայականից զրկվելու վտանգ սպառնա: Ի վերջո՝ «իմ ավտոյի մեջ ա, կուզեմ կծխեմ»:

Մտահոգություններից մեկն էլ նա է, որ այս համակարգը ոչ բոլորին է վերաբերելու և հազարավոր վարորդներ, որոնք այդ թվում նաև խախտումներ են կատարում, դուրս են մնալու դրանից: Օրինակ, ՌԴ կամ Վրաստանի համարանիշներով երթևեկողները:

«Հայաստանում բիզնես գենոցիդ ա եղել, տաքսիստներին հարյուրավոր ոչնչացնում են այս օրենքով: Բացի այս բալայինը, մարդիկ հեղափոխությունից հետո կարծում էին, թե իրենց պարտքերը զրոյացել են, վարչապետը հայտարարեց, բայց արի ու տես հիմա հարյուր հազարների ու միլիոնների վճարման մասին նամակներ են ստանում»,- հավելեց բողոքի ակցիայի մասնակիցը:

Վաղը ցուցարարները հանդիպելու են Տարածքային կառավարման նախարարության, Ոստիկանության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ԱԺ-ում են հանդիպում անցկացնելու: Պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո վարորդները դադարեցրեցին ակցիան: Եթե այդ հանդիպումները ցանկալի արդյունք չտան, ապա հետագա քայլերի մասին կհայտարարվի: