2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է 8.9 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
2019 թվականի վերոնշյալ ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 24 հազար 164 դեպք, իսկ 2018-ի նույն ամիսներին՝ 22 հազար 190:
Հանցագործությունների թվի աճը հիմնականում գրանցվել է մայրաքաղաք Երեւանում՝ 13 հազար 350 դեպք՝ 2018-ի հունվար-նոյեմբերի 11 հազար 529 դեպքի փոխարեն, գրում է ՀԺ-ն:
Հանցագործությունների թվի նվազում է եղել Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում:
2019-ի հունվար-նոյեմբերի դրությամբ Հայաստանում տեղի է ունեցել 43 սպանություն, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 9-ով: Սակայն ընդհանուր առմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների (սպանություն, սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառել, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) թիվը նվազել է. 2019-ի նշված ամիսներին արձանագրվել է այդպիսի 3950 դեպք, իսկ 2018-ի նույն ամիսներին՝ 4592 դեպք:
Աճել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: 2019-ի հունվար-նոյեմբերին դրանց թիվը եղել է 3608՝ 2018-ի նույն ամիսների 3240-ի փոխարեն:
Էականորեն աճել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (կողոպուտ, հափշտակում, յուրացում, խարդախություն): 2019-ի հունվար-նոյեմբերին արձանագրվել է այդպիսի 12 հազար 525 դեպք, իսկ 2018-ի այդ ամիսներին 10 հազար 480 դեպք: Այստեղ գերակշռող բաժինն անձնական գույքի հափշտակություններն են, մասնավորապես՝ գողությունը՝ 9276 դեպք՝ 2018-ի 7539-ի փոխարեն:
Ավելացել են նաեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2018-ի հունվար-նոյեմբերի 552 դեպքից դառնալով 847:
Նվազել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները: 2019-ի վերոնշյալ ամիսներին եղել է այդպիսի 2880 դեպք՝ 2018-ի 3113-ի փոխարեն: Այդ թվում նաեւ նվազել է կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերը՝ 468-ից դառնալով 295: