24.11.2024
Սորոսական ցանցը փորձում է իր հսկողության տակ վերցնել ԱԱԾ-ն
prev Նախորդ նորություն

Գնորդ չկա. Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ տվյալ «օբյեկտի» գնման համար որեւէ հայտ չի ներկայացվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքին:


Բաբայանը նշել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը, որը նախատեսված է վաղը, չի կայանալու: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշել է, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:


Հարցին՝ ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանել է. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հանձնվի հավատարմագրային կառավարման»:


Կառավարությունն ավելի վաղ որոշել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի` պետությանը նվիրած Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը օտարել աճուրդի միջոցով։ Հայտարարված աճուրդով հյուրանոցային շենք-շինությունները և շարժական գույքը գնահատվել են ավելի քան 7,5 միլիարդ դրամ։


Ըստ որոշման նախագծի՝ գնորդը պարտավորվելու է նաև վճարել գույքի զբաղեցրած տարածքի կադաստրային արժեքը՝ ավելի քան 62 միլիոն դրամ։


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:


2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը: